Հայաստանում արդյունավետ բժշկությունը ձեռնտու չէ՞
Ներկայում ապացուցողական բժշկությունը` որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ, վստահորեն ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահության համակարգերում:
Հայաստանում արդեն 10 տարի շարունակ բժշկական սեղմագրերի հայկական հանդեսի էջերում ներկայացվել են ապացուցողական բժշկության հիմնական դրույթները, մեթոդաբանական տեսակետները և այն, որ դրա ներդրումը Հայաստանում լիովին իրատեսական է:
Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հայրենական բժշկագիտության զարգացումն անհնար է, քանի դեռ չի փոխվել կլինիկական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքների հրապարակման գործելակերպը, ինչպես նաև բժիշկների ուսուցանումը չի իրականացվում բժշկական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան: Նրա խոսքով` ապացուցողական բժշկության հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր գործող բժիշկ հիվանդությունների բուժման, ախտորոշման և կանխարգելման ժամանակ, պետք է օգտագործի միայն բուժման այն եղանակները, որոնց արդյունավետությունը և անվտանգությունն ապացուցված է բազմակենտրոնային կլինիկական համեմատական հետազոտությունների արդյունքներով:
Սակայն, ըստ Ռ. Հովհաննիսյանի` ապացուցողական բժշկության կիրառումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում խոչընդոտվում է մի շարք պատճառներով. «Նախևառաջ դա բժիշկների կոնսերվատիզմն է, այսինքն` ոնց որ ինձ սովորեցրել են, այս դեղը կիրառել կամ այս վիրահատությունը այսպես անել, ես արդեն 20 տարի այդպես եմ վարվել, և ի՞նչ եք ինձ նոր բան սովորեցնում: Երկրորդը` բժիշկների վատ իրազեկությունն է նորագույն տեխնոլոգիաների և նորագույն մեթոդների մասին, և այլն: Իսկ մյուս հանգամանքն այն է, որ որոշ հիվանդանոցների ղեկավարներ կամ գլխավոր բժիշկներ պարզապես կողմ չեն այդ ամենին»,- ասաց Ռ. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ, եթե ապացուցողական բժշկությունը կյանք մտնի, ապա կոնկրետ կլինիկական իրավիճակում բժիշկը պարտավոր կլինի հիվանդին բուժել ոչ թե` ինչպես սովոր է, այլ` ուրիշ կերպ:
Ըստ պրոֆեսորի` տվյալ մեթոդը կարող է արդյունավետ չլինել ոչ թե հիվանդի համար, այլ նույն հիվանդանոցի գլխավոր բժշկի, բուժքրոջ համար: «Ես նկատի ունեմ փողային արժեքը: Այսինքն` այստեղ ճեղքվածք է առաջանում իսկական արդյունավետության վերաբերյալ»:
Հարցին` բայց չէ՞ որ բժշկության մեջ, այսպես թե այնպես, կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք արդեն արդյունավետություն են ապահովել, Ռ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա՞, Հայաստանո՞ւմ: Ոչ, դուք սխալվում եք, ընդհակառակը»: Նա, որպես օրինակ` նշեց մամոգրաֆիկ հետազոտությունը (սկրինինգը): «Այժմ քարոզում են, թե բոլոր կանայք 20 տարեկանից հետո պարտադիր պետք է կաթնագեղձի հետազոտություն անցնեն քաղցկեղի հայտնաբերման համար, անկախ նրանից` գանգատներ ունե՞ն, թե՞ ոչ, սակայն նման բան աշխարհում չկա, և վաղուց ապացուցված է, որ այդ ձևով սկրինինգ անցկացնելը բացարձակ չի ազդում ոչ քաղցկեղով հիվանդացության, ոչ էլ մահացության ցուցանիշների վրա:
Այսինքն` փողերը վատնում են իզուր տեղը, և կապ չունի` դա արվում է պետպատվերի շրջանակներո՞ւմ, թե՞ մարդն այն իր գրպանից է տալիս»,- ասաց Ռ. Հովհաննիսյանը` նշելով, թե նման սկրինինգը 50-60.000 դրամից ավելի է:
Ռ. Հովհաննիսյանը մատնանշեց նաև մեկ այլ օրինակ. «Յուրաքանչյուր հիվանդ, երբ հոսպիտալացվում է, նրանք որոշ պարտադիր հետազոտություններ են անցնում հիվանդանոցում, այդ թվում` ռենտգեն, կարդիոգրամա և արյան անալիզներից ընդհանուր անալիզը` մեզի և արյան, ինչպես նաև բիոքիմիական անալիզներից` արյան մակարդելիության որոշ ցուցանիշների անալիզը, այդ թվում` ֆիբրինոգենի որոշումը: Նման հետզոտությունների գինը հիվանդանոցներում տատանվում է 500-1500 դրամի սահմաններում: Գուցե դա, առաջին հայացքից, մեծ գումար չէ, սակայն, եթե հաշվի առնենք, թե տարեկան քանի հազար հիվանդ է հոսպիտալացվում, և այդ թիվը բազմապատկենք միջինը 1000 դրամով, կստանանք թիվ»,- ասաց Ռ. Հովհաննիսյանը` նշելով, սակայն, թե ապացուցված է, որ ֆիբրինոգենն ընդամենը բորբոքման ցուցիչ է, և այն պետք է հետազոտել, երբ արդեն արյան փոխված պատկերը կա: Իսկ այդ ցուցիչն, ըստ նրա` պետք է որոշել արյան տարածուն մակարդման ժամանակ: Այդ ժամանակ, նրա խոսքով` այն կարող է ինֆորմացիա տալ, հակառակ պարագայում` ուղղակի դրա ստուգումը ոչ մի ինֆորմացիա չի տա:
Ռ. Հովհաննիսյանի խոսքով` ապացուցողական բժշկության նմանատիպ տարբեր առաջարկներ իրենք ներկայացրել են տարբեր հաստատություններ, սակայն այն չի ընդունվել. «Ձեռնտու չէ»,- ասաց պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանը:
Հ.Գ. Նշենք, որ հոկտեմբերի 18-20-ը Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում` հորինվա՞ծք, թե՞ իրականություն» գիտաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան մի խումբ փորձառու բժիշկներ: