«Ստիպելով վայրեջք կատարել այդ ինքնաթիռը` թուրքական իշխանությունները լուրջ հարված են հասցրել ռուսական ինքնասիրությանը»
Արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում` խոսելով Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմի սկսման հավանականության մասին, նշեց, որ պատերազմն առաջին հերթին վնաս է հասցնելու նաև Թուրքիային, որովհետև Թուրքիայի ներքին իրավիճակն այնքան խարխուլ է, որ ցանկացած դիզբալանս կարող է բերել կայունության խախտմանը, և դա ամենամեծ վտանգն է հենց Թուրքիայի միասնականությանը և որպես հզոր պետության գոյությանը:
Նա նշեց քրդական և ալավիական գործոնների մասին, որոնք պատերազմի դեպքում կարող են շատ լուրջ վտանգ հանդիսանալ Թուրքիայի ամբողջականության և ներքին կայունության համար:
«Կարծում եմ` թուրքական ղեկավարությունը շատ սթափ կերպով է գնահատում իրավիճակը երկրի ներսում և նաև չափազանց զգայուն է այն վտանգներին, որոնց կարող են հանգեցնել նույնիսկ Սիրիայի դեմ սահմանամերձ գործողությունները: Դա անմիջապես կսրի հարաբերությունները թե´ Իրանի, թե´ Ռուսաստանի և թե´ Չինաստանի հետ»,- ասաց Դ.Հովհաննիսյանը:
Իսկ Պուտին-Էրդողան սկանդալային հեռախոսազրույցի և թուրքական իշխանությունների կողմից Մոսկվայից դեպի Դամասկոս թռչող ինքնաթիռի ստիպողական վայրէջքի վերաբերյալ Դ.Հովհաննիսյանը նախ կասկած հայտնեց, թե ընդհանրապես այդպիսի հեռախոսազրույց եղե՞լ է, թե՞ ոչ, ապա ավելացրեց. «Հասկանալի է, որ ստիպելով վայրեջք կատարել այդ ինքնաթիռը` թուրքական իշխանությունները լուրջ հարված են հասցրել ռուսական ինքնասիրությանը:
Ռուսասատանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման: Բայց նաև պարզ է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը թելադրում են բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Սիրիային: Շնորհիվ ամերիկյան «շատ խելացի» քաղաքականության, ռուսները նորից վերադարձան միջերկրական ծով, և բոլորովին չեն ցանկանա կորցնել այդ դիրքերը:
Իսկ Սիրիայի մասնատումը կամ ռեժիմի փոփոխությունը սուննիական ռեժիմով կբերի ՌԴ-ի դիրքերի կորստի»:
Դավիթ Հովհաննիսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում: