Բաժիններ՝

Բագրատյանին նորից կասեն՝ «չէ»

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է  «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության հաստատումը։

Նշենք, որ փաթեթի հեղինակը նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն է, ով առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի  փետրվարի 1-ից միջին կենսաթոշակը սահմանել 2012 թվականի միջին աշխատավարձի  30 տոկոսի չափով: Իսկ հետո աստիճանաբար բարձրացնել այդ շեմը՝ 2018թ. հասցնելով 38%-ի։

Նախագծի հիմնավորման մեջ Բագրատյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում  2012 թվականին ձևավորված միջին կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի 26 տոկոսը: Եվ քանի որ միջին աշխատավարձը ցածր է, կենսաթոշակառուների ավելի քան 85 տոկոսն աղքատներ են: Նախկին վարչապետը նաև հիշեցրել է, որ միջին աշխատավարձ և միջին կենսաթոշակ հարաբերությունն աշխարհի երկրների մեծ մասում օրենսդրորեն սահմանված է: Բագրատյանն անգամ հաշվարկներ է կատարել՝ նշելով, որ 2013-2018թթ. յուրաքանչյուր տարի կպահանջվի տարեկան շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար՝ սույն օրենքի պահանջները կատարելու համար:

Ինչևէ, կառավարությունն արդեն, կարելի է ասել, մերժել է այդ առաջարկը։

Կարդացեք նաև

Կառավարության եզրակացությունը բացասական է, մնում է՝ այդ բացասական եզրակացությունը հաստատվի վաղվա նիստում։

«Ներկայացված նախագծերը չեն բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում վար­վող քաղաքականության տրամաբանությունից: Մասնավորապես` խնդրահարույց է այն հան­գամանքը, որ, ներկայացված նախագծերն ընդունվելու դեպքում, պարբերաբար պետք է համամասնորեն բարձրացվեն բոլոր կենսաթոշակների չափերը, ինչը, հաշվի առնելով աշխատան­քային, զինվորական և սոցիալական կենսաթոշակների հաշվարկման կարգի առանձնա­հատ­կությունները, էլ ավելի կխորացնի կենսաթոշակների չափերի միջև առկա տարբերու­թյունը»,-  նշված է պաշտոնական եզրակացության մեջ:

Կառավարությունն իր բացասական եզրակացությունը հիմնավորում է նաև այն հանգամանքով, որ միջին կենսաթոշակի չափը որպես թիրախային ցուցանիշ սահմանելը և վարվող քաղաքականության հիմքում դնելու գաղափարը, առկա դրամական միջոցների շրջա­նակ­ներում, ռիսկային կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագ­րով ամրագրված՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը և աղքատության ռիսկը նախ` նվազագույնի հասցնելու, ապա՝ բացառելու նպատակադրումը:

Եվ վերջապես, կա ևս մեկ խոչընդոտ։ «Հարկ ենք համարում նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «միջին կենսաթոշակ» հասկացությունը սահմանված չէ: Միջին կենսաթոշակի չափը հաշվարկվում է որպես վարվող քաղաքականության արդյունքային ցուցանիշ և արտացոլվում հայեցա­կար­գա­յին փաստաթղթերում: Ըստ այդմ, հստակ չէ, թե ինչ չափ պետք է հիմք ընդունվի կեն­սա­թո­շակի մեծությունը սահմանելու համար»:

Կարճ ասած, Բագրատյանի առաջարկները մեկը մյուսի ետևից մերժվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս