Բաժիններ՝

Ներդրողների պաշտպանվածությո՞ւն. Doing Business-ի «պարադոքսը»

Էլեկտրոնային ԶԼՄ-ներն արդեն հասցրել են տեղեկացնել, որ Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատող «Doing Business 2013» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ՝ առաջադիմել է 18 հորիզոնականով և այժմ 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ տեղը։

 

Իշխանության ներկայացուցիչները դեռ չեն հասցրել պարծենալ այս ձեռքբերմամբ, սակայն ամեն ինչ առջևում է։ Ինչպես հայտնի է, Doing Business-ը գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը գնահատում է մի շարք չափորոշիչների հիման վրա՝ բիզնեսի գրանցում, շինթույլտվությունների ստացում, հարկերի վճարում, և այլն։ Այդուհանդերձ, զեկույցում կա մի կետ, որը բավականին հետաքրքիր մեկնաբանություն կարող է ունենալ։

 

Կարդացեք նաև

Եվ այսպես, Հայաստանն, ի թիվս այլ ուղղությունների, զգալի առաջընթաց է արձանագրել «ներդրողների պաշտպանվածության» գծով՝ 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը։ Ի դեպ, որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են՝ որպես ներդրումային միջավայրի բարելավում, սակայն դրանք տարբեր բաներ են։ Ներդրողների պաշտպանություն ասելով՝ զեկույցի հեղինակները նկատի ունեն, թե որքանով են պաշտպանված հիմնականում փոքր բաժնետերերը՝ խոշոր բաժնետերերի և տնօրենների կամայական որոշումներից։ Այն նաև դիտարկում է, թե ի՞նչ պատասխանատվություն ունեն տնօրենները, ինչպես նաև՝ ի՞նչ իրավունք ունեն փոքր բաժնետերերն ընկերության փաստաթղթերին ծանոթանալու, գործունեությունը վերահսկելու հարցում։

 

Եվ, վերջապես, ուշադրություն է դարձվում, այսպես ասենք, փոխկապակցված գործարքների հնարավորությանը։ Սա, թերևս, ամենահետաքրքիր կետն է, որը ներկայացնենք հենց Doing Business զեկույցում բերված օրինակով։ «A ընկերությունը (Գնորդ) և B ընկերությունը (Վաճառող) կնքում են գործարք։ Պրն Ջեյմսը երկու ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է և բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր։ Գործարքը կնքվում է շուկայականից բարձր գնով, ինչի արդյունքում տուժում է Գնորդը»։ Գնորդի հետ միասին՝ բնականաբար, տուժում են նաև այդ ընկերության բաժնետերերը։ Արդյունքում՝ պրն Ջեյմսը կարող է հեշտությամբ համոզել Գնորդ ընկերության փոքր բաժնետերերին՝ վաճառել իրենց բաժնետոմսերը (քանի որ դրանք շահութաբեր չեն) և տիրանալ Գնորդ ընկերությանն ամբողջությամբ։

 

Կա նաև մեկ այլ տարբերակ. պրն  Ջեյմսը խոշոր բաժնետեր և տնօրեն է գնորդ ընկերությունում և լավ կապեր ունի վաճառող ընկերության հետ։ Վաճառողը նրան առաջարկում է գնել ապրանք շուկայականից 50%-ով թանկ գնով։ Պրն Ջեյմսը համաձայնում է, քանի որ, չնայած իր ընկերությունը վնաս է կրում, սակայն ինքն անձամբ վաճառող ընկերությունից ստանում է մի կլորիկ գումար։ Կարճ ասած, գործ ունենք «ատկատ» ասվածի հետ։

 

Հիմա այս օրինակը տարածենք պետական համակարգի վրա՝ հաշվի առնելով, որ պետությունը հանդիսանում է տնտեսության մեջ ամենախոշոր գնորդներից մեկը։ Գտնվում են պրն ջեյմսեր (անունը, բնականաբար, պայմանական է և հայկական իրականության մեջ կարող է լինել օրինակ՝ խաչիկներ), որոնք սեփական գրպանի համար ակնհայտ թանկ գներով մասնավոր տնտեսվարողներից ձեռք են բերում ապրանքներ և ծառայություններ։ Գնորդ կողմը՝ պետությունը, վնասներ է կրում, իսկ անձամբ պրն Ջեյմսը՝ շահում է։

 

Իսկ գնորդ կողմի բաժնետերերը կամ ներդրողները ՀՀ քաղաքացիներն են՝ հարկատուները։ Այսինքն՝ տուժում ենք մենք՝ բոլորս։ Իհարկե, պետական համակարգն ունի վերահսկման մեխանիզմներ. Վերահսկիչ պալատը, նախագահի և վարչապետի վերահսկողական ծառայությունները ստուգումներ են անցկացնում պետական գնումների ոլորտում, սակայն վերջին շրջանում աղմուկ հանած բացահայտումները վկայում են այն մասին, որ հարկատու-ներդրողներն ամենևին պաշտպանված չեն. նրանց շահերն ակնհայտորեն ոտնահարվել են՝ պատճառելով լուրջ ֆինանսական կորուստներ։

 

Եվ այս տրամաբանությամբ ստացվում է, որ մասնավոր բիզնեսի մակարդակով ներդրողների պաշտպանվածությունը բարձր է, իսկ երկրի, քաղաքացու մակարդակով՝ գրեթե զրոյական։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս