Ռուսական «շենգեն»
Երեկ Հայաստանից դուրս տեղի են ունեցել Հայաստանին ուղղակիորեն առնչվող ու առաջին հայացքից՝ իրար հետ կապ չունեցող երկու իրադարձություններ, որոնք ամբողջությամբ արտահայտում են մեր իշխանությունների որդեգրած քաղաքականության պերճանքն ու թշվառությունը միաժամանակ:
Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին երեկ Բրյուսելում նախաստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը:
Նախատեսվում է, որ այդ համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին: Նշված համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների և այլոց համար:
Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը`ներկայիս 60 եվրոյից այն դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Սա Հայաստանի եվրաինտեգրացիոն գործընթացի թերևս ամենաշոշափելի քայլերից մեկը կարող է դառնալ, որն իրենց մաշկի վրա կզգան նաև ՀՀ քաղաքացիները:
Այսինքն` Եվրոպայի մաս դառնալու հայտարարությունները, որ մինչ այժմ, ըստ էության, հռչակագրային բնույթ են կրում, ավելի առարկայական կդառնան. ՀՀ քաղաքացիները կարող են ավելի ազատորեն մուտք գործել շենգենյան տարածք` ազատվելով վիզայի ստացման հետ կապված ավելորդ թղթաբանությունից ու ավելի գումար վճարելու պարտադրանքից, ինչպես նաև ստիպված չեն լինի նվաստացած զգալ տարբեր երկրների դեսպանատներում, ինչը շատ հաճախ տեղի է ունենում:
Մի խոսքով, այսօր Բրյուսելում դեռևս նախաստորագրված այս համաձայնագիրն արտաքին քաղաքականության այն եզակի քայլերից է, որն ուղղված է ի նպաստ ՀՀ քաղաքացիների, վերջին հաշվով, նաև պետության: Բայց կարևոր է նաև այն, թե ինչի հաշվին է դա անում իշխանությունը:
Այս հարցի պատասխանը տալիս է այսօր տարածված մեկ այլ պաշտոնական հաղորդագրություն, որը պատմում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի ու դրա ընթացքում ունեցած հանդիպումների մասին:
Ըստ այդմ, ի թիվս այլ հանդիպումների, Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի հետ և քննարկել է Հայաստանում գործակալության ներկայացուցչություն բացելու հարցը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներկայացուցչության բացումը կօգնի թուրքական և իրանական հատվածներում Հայաստանի պետական սահմանի պաշտպանության համակարգերի արդիականացման աշխատանքներին:
Այն, որ Արթուր Բաղդասարյանի մոսկովյան այցը պայմանավորված էր ռուսական իշխանությունների «զայրույթը զսպելու»՝ մեր իշխանությունների մղումով, հայտնի էր դեռ մինչև ԵՄ-ի հետ նշված համաձայնագրի նախաստորագրումը: Երեկ էլ նախագահ Սերժ Սարգսյանն էր մասնակցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարին, որտեղ խոսում էր Եվրոպայի միասնականության, Հայաստանի` եվրոպական ընտանիքին մաս կազմելու մասին:
Այսինքն` Ս. Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին ուղարկել էր Մոսկվա՝ իր եվրոպական այցի հետ կապված ռուսների դժգոհությունը մեղմելու նպատակով: Բայց միայն այցը, ամենայն հավանականությամբ, չի բավարարել ռուսներին:
Կամ բավարարել է միայն Ս. Սարգսյանի ելույթը հակակշռելու մասով: ԵՄ-ի հետ վիզաների ընթացակարգի հեշտացման համաձայնագրի դիմաց ռուսները Բաղդասարյանին ստիպել կամ խնդրել են «քննարկել» Հայաստանում Ռուսաստանի պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ներկայացուցչության բացման հարցը: Այդ հարցի քննարկումն անգամ հերթական խայտառակ հարվածն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը:
Բավարար չէ, որ մեր սահմանները «պաշտպանում» են օտար երկրի` Ռուսաստանի Դաշնության սահմանապահները, նրանք այստեղ ցանկանում են նաև պետական սահմանի բարեկարգման գործակալության գրասենյակ բացել:
Ուշադրություն դարձրեք` խոսքը Ռուսաստանի Դաշնության «Պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության» մասին է, այսինքն` ռուսական պետական գերատեսչության, որի գործառույթը, ելնելով անվանումից, ՌԴ սահմանների բարեկարգումն է: Եվ ուրեմն, եթե այդ կառույցը ցանկանում է ներկայացուցչություն բացել Հայաստանում, նշանակում է, Հայաստանի սահմանները ռուսները համարում են իրենց սահմանները:
Իհարկե, սա բավական լավ նյութ կարող է դառնալ մեր որոշ «ազգայնականների» համար` ապացուցելու, թե որքան գթասիրտ ու մտահոգ են ռուսները, որ ոչ միայն պաշտպանում են, այլ ցանկանում են նաև բարեկարգել մեր սահմանները:
Ակնհայտ է, որ նման` Հայաստանի համար նվաստացուցիչ քայլն արվել է՝ ի հակակշիռ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի: Մեր իշխանությունները, որ «ողնաշարով» զգում են ռուսական վտանգը, այդ քայլին գնացել են «ռազմավարական գործընկերոջը» չզայրացնելու համար:
Այսինքն` Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար դրական, այսինքն` ՀՀ պետական շահերից բխող քայլ կատարելու համար ստիպված են եղել հերթական զիջումը կատարել ՀՀ ինքնիշխանության հաշվին: Արտաքին քաղաքական ասպարեզում «խորամանկ» թվացող այս գործելաոճն իրականում արտահայտում է մեր իշխանությունների, դժբախտաբար, այդպիսով նաև՝ պետության խեղճությունն արտաքին աշխարհի առաջ: