«Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունն արդարացված չէ»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք»
կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

– ՀԱԿ-ում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը հոկտեմբերի 15-ին հայտարարություն տարածեց, որտեղ առաջարկում է ՀԱԿ-ին` որպես նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Գիտեք, Ն. Փաշինյանի հետ մենք բավական երկար ճանապարհ ենք անցել քաղաքականության մեջ` 2007-ից սկսած` «Այլընտրանքը», հետո` «Իմփիչմենթ» դաշինքը, և շարունակությունը հայտնի է: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է:

Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն մասին, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը պաշտպանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքը դեռևս հնարավորություն ունի ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբելու, եթե, իհարկե, ցանկանա:

Կարդացեք նաև

Այդ առումով 2008թ. իր սկսած գործընթացը վերջին ժամանակներում նաև ՀԱԿ-ի ներսում անհամաձայնությունների պատճառ դարձավ առանձին կուսակցությունների, այդ թվում` մեր կուսակցության հետ` կապված և՛ իշխանություն-ՀԱԿ երկխոսության, և՛ «Բարգավաճի» վերաբերյալ, այսպես ասած` «քաղաքագիտական վերլուծության» հետ: Այնուամենայնիվ, երբ ՀԱԿ-ում ասում են` Լ.Տեր-Պետրոսյանը մի բան գիտի, մենք էլ ասում ենք` եթե մի բան գիտի, թող իր իմացածն ավարտին հասցնի: Սա է մեր մոտեցումը: Հակառակ դեպքում` Նիկոլը երիտասարդ է, իմ նշած բոլոր պարամետրերով լավագույններից մեկն է, եթե ոչ` լավագույնը:

– Այսինքն` եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը, հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն առաջադրի Ն. Փաշինյանին, թե՞ դա կարող է լինել միայն ՀԱԿ-ի մի քանի կուսակցությունների մոտեցումը:

– Ն. Փաշինյանին մենք ընդունում ենք որպես նորմալ թեկնածու` բոլոր պարամետրերը բավարարող: Խնդիրը հետևյալն է. առաջին հերթին` ՀԱԿ-ը, այնուհետև` ամբողջ ընդդիմադիր դաշտն այս պահին Ն. Փաշինյանի շուրջ համախմբելու հնարավորությունը որքա՞ն է: Դրա համար Ն. Փաշինյանի պարագայում մեր կուսակցությունը որևէ խնդիր, կարծում եմ, չի ունենա, չնայած, ինչպես ասացի` սեպտեմբերի 28-ին մենք որոշում ենք ընդունել Լ.Տեր-Պետրոսյանի վերաբերյալ:

– Ըստ Ձեզ, Լ.Տեր-Պետրոսյանն ի՞նչ հաշվարկներ է կատարում` որոշելու իր առաջադրման նպատակահարմարությունը և, ընդհանրապես, ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում: Այսինքն` ինչպիսի՞ հաշվարկներից հետո Լ.Տեր-Պետրոսյանը վերջիվերջո կխոսի իր թեկնածության մասին:

– Ես կարծում եմ, որ եթե 2007թ. լռությունն արդարացված էր, ապա հիմա Լ.Տեր-Պետրոսյանը 5 տարի քաղաքականության մեջ է, և այդ ընդմիջումը, այդ սպասումն արդարացված չէ: Հիմա ուզի թե չուզի` նա պարտավոր է գործընթացը տանել համապատասխան հունով, որովհետև, հակառակ դեպքում, ի՞նչ է` մեր կուսակցությունների կամ հարյուրավոր քաղբանտարկյալների օգուտը միայն մեկուկես, երկու կամ երեք տարի փակվե՞լն էր: Դա՞ էր, այսպես ասած, հիմնական որակական ցուցանիշը:

– Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Վարդան Օսկանյանի համար Արևմուտքի կողմից ճանապարհ է բացվում, որպեսզի նա դառնա ընդդիմության միասնական թեկնածու, նաև չբացառեց, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ի թեկնածուն, քանի որ հակաքոչարյանական դեմքերը, ըստ նրա, արդեն լքել են ՀԱԿ-ը: Համաձա՞յն եք այս տեսակետների հետ:

–  Հ.Հովհաննիսյանը երևի ճիշտ տեղեկացված չէ ո՛չ ՀԱԿ-ի ներսից, ո՛չ էլ ընդհանրապես քաղաքական գործընթացներից: Ես չգիտեմ, թե այդ իմպուլսները որտեղի՞ց է նա ստանում և ինչպե՞ս է արձագանքում: Նախ` չէի ուզենա անդրադառնալ Վարդան Օսկանյանի այդ թատրոնին, որը ներկայացնում է վարչախումբը, ամբողջ աժիոտաժը նրանով է լծված, նույնիսկ օտար երկրներն են, չգիտեմ` ինչու, այդքան մտահոգված դրանով: Երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, նույն մտահոգությունը չէին արտահայտում, հիմա այս թատերական ներկայացմանը ներգրավված են նաև արևմտյան դիվանագետները:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա Քոչարյանը և Օսկանյանը միասին` խմբակային, նաև ևս մի քանիսը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը և շատ-շատերը (անունները չշարունակեմ, քանի որ դրանք բոլորին հայտնի են), պետք է առաջին հերթին կանգնեն Մարտի 1-ի գործի դատավարության առաջ, որ բացահայտվի, թե ո՞վ է հրաման տվել խաղաղ ցույցի մասնակիցների վրա կրակել, և այլն: Իսկ այն դերակատարությունը, որն ունեցել են Քոչարյանն ու Օսկանյանը, բոլորին հայտնի է: Այնպես որ, նրանք չեն կարող դառնալ ՀԱԿ-ի թեկնածուները:

– Ձեր կարծիքով` Օսկանյանի դեմ գործն, ի վերջո, քաղաքական տեխնոլոգիա՞ էր` նրան և ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնելու համար, թե՞ ոչ:

– Այդ մասին ես բազմաթիվ անգամ առիթ ունեցել եմ խոսել. դա իշխանությունների սկսած խաղն է, միգուցե այդ խաղին նաև դրսից որոշակի գերտերություններ են մասնակցում, նաև որոշակի մասնակցություն ունի Քոչարյանը: Այնուամենայնիվ, այդ ամբողջ սցենարը գնում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան համատեղ տանդեմով: Կարծում եմ` ընդդիմադիր դաշտը չեզոքացնելու, ջլատելու, հատկապես ՀԱԿ-ին, այսպես ասած, խաղից դուրս բերելու գործընթաց է, որը, ցավոք սրտի, մինչ այս պահը կարծես հաջողվում է:

– Իսկ ԲՀԿ-ն, կապված Օսկանյանի շուրջ զարգացումների հետ, կարո՞ղ է փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, ինչպես պնդում է Հմայակ Հովհաննիսյանը:

– Կարծում եմ` դա լուրջ չէ, որովհետև Օսկանյանը ԲՀԿ-ում հայտնվեց, բնականաբար, Քոչարյանի ուղղորդմամբ, և նրանք չեն կարող հայտնվել ուրիշ դաշտում: Չգիտեմ` Վ.Օսկանյանն ի՞նչ դերակատարում ունի ԲՀԿ-ում և ի՞նչ դերակատարում կշարունակի ունենալ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն ինքնուրույն որոշումներ չի կարող ընդունել, և դժվար է պատկերացնել, որ նրա քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխություն կլինի:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Արևմուտքը` ի դեմս, առաջին հերթին, ԱՄՆ-ի դեսպանի, սկսել պաշտպանել Օսկանյանին:

– Որովհետև Օսկանյանն Արևմուտքի զավակն է: Թե ինչպե՞ս հայտնվեց ԲՀԿ-ում, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում` չեմ կարող ասել, բայց, որ նա Արևմուտքի զավակն է, դա հստակ է:

Տեսանյութեր

Լրահոս