Նրանք ապրում են մեր կողքին

Արձագանքել են «168 Ժամի» հրապարակումներին

Տարիներ շարունակ «168 Ժամը» (168.am) լուսաբանում է սոցիալապես անապահով, աղքատության մեջ, կենսական ծանր պայմաններում ապրող մարդկանց կյանքը, ներկայացնում նրանց խնդիրները: Ցավոք, այսօր շատ-շատերն են ապրում նման պայմաններում` ոչ միայն աղքատության մեջ, այլև ապագայի նկատմամբ հավատի և հույսի բացակայությամբ:

Այս հոդվածաշարը նպատակ ունի հասարակության և հատկապես պետական մարմինների ուշադրությունը հրավիրել նման մարդկանց վրա: Նրանցից շատերն օրվա հաց չունեն, գործազուրկ են և ապրում են սոցիալական նպաստներով, շատ-շատերը տարիներ շարունակ ունենալով առողջական լուրջ խնդիրներ` տարրական բուօգնություն ստանալու հնարավորություն չունեն:

Դպրոցահասակ երեխաները նույնիսկ տարրական հագուստ չունեն դպրոց հաճախելու համարգ Տարիներ շարունակ այս հոդվածաշարը ներկայացնելով` մեզ ուրախացնում էր այն փաստը, որ կյանքի հատակում հայտնված այս մարդկանց ցավին ձեռք են մեկնում բոլորովին օտար, միմյանց անծանոթ մարդիկ` շարքային քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, ուսանողներ` Հայաստանից և Սփյուռքից: Համապատասխան գերատեսչություններն այդ հրապարակումներից հետո քայլեր են ձեռնարկել` մարդկանց հուզող խնդիրները լուծելու, նրանց ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ` դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «168 Ժամը»(168.am) վերջին շրջանում նաև հնարավորություն ունեցավ տեսանյութեր պատրաստել այդ ընտանիքների, նրանց կենսակերպի մասին, ինչը նպաստեց խնդիրների առավել հանգամանալից լուսաբանմանը:
Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածաշարի շրջանակներում տպագրված որոշ հոդվածների հրապարակումից ստացված արձագանքների մի մասը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարևոր չէ` ես կուշտ լինեմ, կարևորը՝ շները կուշտ լինեն, թե չէ՝ կմնանք փողոցներում» վերնագրով տեսանյութը և հրապարակումը մայր ու որդի Լալայանների ծանր վիճակի մասին էր: Մարինե Լալայանն առողջական ծանր խնդիրներ ուներ, սակայն գումար չունենալու պատճառով` նրան պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերում: Նրա 12 տարեկան որդին՝ Արմանը, 3-րդ կարգի ծանր լսողություն ուներ, սակայն սոցիալական դժվարությունների պատճառով մայրը երեխային երբևիցե չէր տարել բուժհաստատություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս տեսանյութին և հրապարակմանն անմիջապես արձագանքեց ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ առաջին հերթին կազմակերպելով Լալայանների բուժօգնություն ստանալու հարցերը, այնուհետև վագոն-տնակից նրանց տեղափոխելու խնդիրները: Ռ. Սարգսյանն Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարեց անմիջապես նրանց տեղափոխել հիվանդանոց և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել:

Երկարատև ստուգումներից հետո պարզվեց, որ Ա. Լալայանը ծանր լսողություն ունի, և բժշկական համապատասխան ստուգումներից հետո նրան հատկացվեց եվրոպական արտադրության բարձրորակ լսողական սարք: Կազմակերպվեցին նաև Մ. Լալայանի բժշկական ստուգումները, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել էր ստամոքսի խոց: Նա առայսօր գտնվում է մասնագետների հսկողության տակ և ապահովված է անհրաժեշտ դեղորայքով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական խումբն այցելելով Լալայանների վագոն-տնակ` մեծ օգնություն ցուցաբերեց՝ հագուստ, սնունդ և կենցաղային անհրաժեշտ իրեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը ՀՀ Առաջին տիկնոջ հանձնարարությամբ Մ. Լալայանին առաջարկեց նախարարություն ներկայացնել իրենց փաստաթղթերը՝ Մարալիկում սոցիալապես անապահով ընտանիքների համար կառուցված նորակառույց շենքում բնակարան հատկացնելու նպատակով:

Մ. Լալայանը մեզ տեղեկացրեց, որ փաստաթղթերի փաթեթն արդեն նախարարությունում է, և շենքը շահագործման հանձնելուն պես շուտով կահավորված, նոր բնակարան կհատկացնեն իրենց: Ջեմմա Բաղդասարյանը նաև մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Մարալիկում բնակարանով ապահովելուց հետո իրենք կհոգան նաև Մ. Լալայանի համար աշխատանք գտնելու և նրա որդու կրթություն ստանալու խնդիրները: Այս հրապարակմանն արձագանքեցին նաև ԱՄՆ-ից մեր հայրենակիցները, որոնք իրենց աջակցությունն առաջարկեցին այս ընտանիքին:

«Ազատամարտիկի ութ երեխաները ապրում են հանրակացարանում, չքավորության մեջ» վերնագրով հրապարակումը և տեսանյութը Գայանե և Արթուր Փափազյանների բազմանդամ ընտանիքի մասին էր, որոնց ութ երեխաները գոյատևում էին սոցիալական ծանր պայմաններում: Երեխաների հայրը՝ Արթուր Փափազյանը, լինելով ազատամարտիկ, առողջական ծանր խնդիրներ ուներ, որի պատճառով նույնիսկ չէր կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:

«168 Ժամում»(168.am) տեղադրված տեսանյութին և հրապարակմանն անմիջապես արձագանքել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ով անմիջապես կապվել էր Ա. Փափազյանի հետ և վերջինիս բուժման ողջ պատասխանատվությունը վերցրել իր վրա: Ա. Փափազյանն արդեն ոչ միայն ապաքինվել է, այլև վերջապես հաշմանդամության կարգ հաստատելով` այժմ նաև հաշմանդամության թոշակ է ստանում: Այն դեպքում, երբ տարիներ շարունակ նա զրկված էր այդ թոշակից:

«Օրրան» բարեգործական կենտրոնի հիմնադիր-նախագահ Արմինե Հովհաննիսյանը մեզ առաջարկեց Ա. Փափազյանին աշխատանքով ապահովել: Վերջինս «Օրրանում» որպես անվտանգության ծառայող աշխատելով` այժմ կարողանում է հոգալ ութ երեխաների խնամքը: Բացի այդ, «Օրրանի» նախագահ Ա. Հովհաննիսյանը Փափազյանների երկու որդիներին ընդունել է կենտրոն, որտեղ նրանք արհեստներ սովորելու հնարավորություն են ստացել: Ա. Հովհաննիսյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելով այս ընտանիքին` նրանց պարբերաբար օգնում է թե՛ սնունդով, թե՛ հագուստով, նաև աջակցում է երեխաների կրթության և բուժօգնության հարցերում: Փափազյանների ընտանիքի պատմությունը հուզեց շատերին: Անհատներ և կազմակերպություններ ցանկություն հայտնեցին նրանց աջակցել թե՛ ֆինանսապես, թե՛ հագուստով և սնունդով: Բազմաթիվ ուսանողներ ցանկություն հայտնեցին գումար հավաքել և նվիրաբերել բազմազավակ այս ընտանիքին:

Նշենք նաև, որ որոշ հոգևորականներ, որոնք չցանկացան ներկայանալ, Փափազյանների ընտանիքին խոշոր գումար նվիրեցին` թեթևացնելով նրանց հոգսերը:

«Հրդեհից տուժած ընտանիքը ծանր վիճակում է» հրապարակումը և տեսանյութը Մասիսի Արբաթ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի ընտանիքի հետ կատարված դաժան պատմության մասին էր: Հինգ անչափահաս երեխաներ ունեցող այս ընտանիքը 15 տարուց ավելի ապրում էր վագոն-տնակում: Գազի անսարքության պատճառով հրդեհի բռնկվելուց հետո ընտանիքի ողջ ունեցվածքն այրվել էր:

Բազմանդամ ընտանիքը հայտնվել էր բաց երկնքի տակ:

Ահազանգելով «168 Ժամին»` Թ. Առաքելյանը դիմում էր իշխանություններին` խնդրելով կացարան տրամադրել: Թ. Առաքելյանի անօթևան ընտանիքի մասին պատմող տեսանյութին և հրապարակմանն անմիջապես արձագանքեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Թ. Առաքելյանը մեզ տեղեկացրեց, որ այցելել է նախարարություն, որտեղ իրեն շատ մարդկային և լավ վերաբերմունք են ցուցաբերել: Մասնավորապես տրամադրել են հագուստ, հիգիենայի պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր:

Իսկ ամենակարևոր օգնությունը, որ ցուցաբերել է նախարարությունը` բնակարանի հատկացման խոստումն է: Նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով նախարարության աշխատակիցները Թ. Առաքելյանի ընտանիքին առաջարկել են ներկայացնել ընտանիքի փաստաթղթերի փաթեթը Մարալիկում գտնվող նորակառույց բազմաբնակարան սոցիալական տան շենքերից մեկում բնակարան հատկացնելու նպատակով: Թ. Առաքելյանի` ավելի քան 15 տարի վագոն-տնակում բնակվող ընտանիքը շուտով նոր բնակարան կստանա:

«Մարդիկ ապրում են անասնագոմում» տեսանյութը և հրապարակումը սարսափելի պայմաններում գոյատևող Ալմաստ Հովհաննիսյանի ընտանիքի մասին էր: Վերջինիս երեք երեխաներից երկուսը մտավոր խնդիրներ ունեն, որոնք, չնայած ծանր հիվանդությանը, այնուամենայնիվ, ապրում են անասնագոմում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս ընտանիքը տարիներ շարունակ գոյատևում է մոմի լույսով, քանի որ անգամ էլեկտրալարեր տեղադրելու հնարավորություն չունեն: Ա. Հովհաննիսյանի ընտանիքի ծանր պատմությունը նկարագրող տեսանյութին անմիջապես արձագանքեցին ԱՄՆ-ից մեր հայրենակիցները և «Մեդիամաքս» լրատվական գործակալության մեր գործընկերները:

«168 Ժամի» (168.am) խմբագրությունը ԱՄՆ-ում բնակվող մեր քաղաքացիներից հագուստի ծանրոցներ ստացավ` նման ընտանիքներին տրամադրելու խնդրանքով: Բացի այն, որ «Մեդիամաքսի» աշխատակիցները կարողացան այս ընտանիքին ապահովել անհրաժեշտ բոլոր իրերով, սկսած դպրոցական իրերից, գրենական պիտույքներից, վերջացրած հագուստով և տան համար անհրաժեշտ իրերով, Ա. Հովհաննիսյանին փոխանցեցինք ԱՄՆ-ից ստացած օգնությունը:

Չնայած այս ամենին, մենք հետևողականորեն շարունակելու ենք լուսաբանել այս ընտանիքի խնդիրների մասին այնքան ժամանակ, մինչև համապատասխան մարմինները հանձն կառնեն ապահովել ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքի ոչ միայն էլեկտրականության, այլև ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը:

«Չծնված երեխա, մեռնել ցանկացող հայր ու տեսուչ Ալլա» տեսանյութը և հրապարակումը երեք երեխաների մայր Լիլիթ Սարգսյանի կենցաղային ծանր վիճակի մասին էր:

Չկարողանալով մշտական աշխատանք գտնել և երեխաների խնամքը պատշաճ կերպով ապահովել, Լ. Սարգսյանի ամուսինը ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձ էր կատարում: Այս ընտանիքին օգնելու ցանկություն հայտնեցին բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր երեխաներին հատկացրեցին արկղերով հագուստ, սնունդ և որոշակի գումար: Բարեգործական կազմակերպություններից ցանկություն հայտնեցին երկարատև աջակցել ընտանիքին, մասնավորապես ամսական հատկացնելով կեցության համար անհրաժեշտ պարագաներ ու սնունդ:

Մինչև անգամ Լ. Սարգսյանի նորածնի մանկական կերն ապահովելու պատրաստակամ մարդիկ արձագանքեցին՝ խոստանալով այդ հարցում հետևողականորեն օգնել նրանց: Մենք շարունակելու ենք հետևողականորեն անդրադառնալ այս ընտանիքի խնդիրներին, մինչև կարողանանք վերականգնել ընտանեկան նպաստ համակարգում վերականգնվելու նրանց իրավունքը:

«Ի վերջո շուն չէ, մարդ է ոռնում» հրապարակումը և տեսանյութը Մարգարիտա Մուրադյանի առողջական ծանր վիճակի վերաբերյալ էր, ում կոտրվածքներով հիվանդանոցից ճանապարհել էին տուն, քանի որ վերջինս միայնակ թոշակառու է և վճարելու հնարավորություն չունի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս գտնվում էր անօգնական վիճակում, քանի որ կոտրված ոտքով անկողնային հիվանդ լինելով` նույնիսկ խնամող չուներ:

«168 Ժամի» (168.am) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Նրանք ապրում են մեր կողքին» խմբում տեղադրվում են բոլոր նմանատիպ տեսանյութերը և հոդվածները: Մ. Մուրադյանին օգնել ցանկացողներն անմիջապես կապ հաստատեցին մեզ հետ և ցանկություն հայտնեցին գումար հավաքել վերջինիս ստացիոնար բուժումն ապահովելու համար:

Որոշ օգտատերեր շուտով, գումարից բացի, նրան հագուստ և սնունդ կտրամադրեն և, ինչպես խոստացել են՝ պարբերաբար կայցելեն միայնակ թոշակառուին: Մենք նաև կապվեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն և տեղեկացրեցինք Մ. Մուրադյանի ծանր վիճակի մասին: Կենտրոնի տնօրենը խոստացավ անմիջապես սոցիալական աշխատողներ ուղարկել նրան այցելության և ծանոթանալ իրավիճակին: Կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ ոչ միայն կապահովեն տարեց կնոջ խնամքի հարցերը, այլև առողջության հետ կապված խնդիրներով զբաղվելու համար մասնագիտական խումբ կուղարկեն:

«Իմ նմաններին ի՞նչ ա սպասվում, դանդաղ մա՞հ» վերնագրով տեսանյութում և հրապարակման մեջ ներկայացրել էինք 80-ամյա միայնակ թոշակառու Ռիմա Հովհաննիսյանի դժգոհությունը Հայաստանի բուժաշխատողների անբարեխիղճ աշխատանքից:

Ռ. Հովհաննիսյանը, սրտանոթային հիվանդությունից բացի, ունի նաև օստեոպորոզ հիվանդություն, որի պատճառով անշարժացել, գամվել էր անկողնուն: Թեև 2-րդ կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառուների համար մեր պետությունը բուժհաստատություններին պատվիրել է սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն ցուցաբերել, այդուհանդերձ, տարեց կնոջը հիվանդանոցներից առանց օգնություն ցուցաբերելու ճանապարհում էին տուն:

Վերջինիս բժիշկները տվել էին դեղորայքի մի ցուցակ, որը գնելու հնարավորություն, բնականաբար, թոշակառու կինը չուներ: Մեր պատրաստած տեսանյութից և հրապարակումից անմիջապես հետո «168 Ժամի» (168.am) հետ կապվեցին Առողջապահության նախարարության համապատասխան վարչությունից, և անձամբ վարչության պետն այցելեց Ռ. Հովհաննիսյանի տուն: Առողջապահության նախարարի հրամանով Ռ. Հովհաննիսյանի առողջական խնդիրները խոստացան լուծել ինչպես՝ բուժզննումը պատշաճ կերպով կազմակերպելով, այնպես էլ՝ անվճար դեղորայքն ապահովելով:

«Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ, որ բոլորին իշխի» տեսանյութն ու հրապարակումը ավելի քան 10 տարի վագոն-տնակում բնակվող Անուշ Հարությունյանի ծանր կենսապայմանների, դժվար ապրելակերպի մասին էր:

Երեք անչափահաս երեխաների մայրը տեսանյութում բացահայտել էր մի շարք անօրինականություններ: Նա մասնավորապես մատնանշել էր փաստեր, համաձայն որոնց՝ երեխաներին հասանելիք պետական նպաստը ստանալու համար «Սոցիալական աջակցության գրասենյակի» տեսուչն իրեն ստիպել է երեք ամիսը մեկ անգամ իր հասանելիք նպաստը թողնել տեսուչին: Թեև ապօրինի գումար շորթելու այս մեթոդը Հայաստանում ներքին կարգով գործում է, այնուամենայնիվ, նպաստառուներն այդ մասին վախենում են բարձրաձայնել՝ համարելով, որ փաստերը հրապարակելու դեպքում իրենք ընդհանրապես կզրկվեն նպաստ ստանալու իրավունքից: Այլ կերպ ասած՝ գրասենյակի աշխատակիցները նույնպես սպառնում են՝ մի քանի ամսվա գումարն իրենց չտրամադրելու դեպքում ընդհանրապես զրկել նպաստից:

Ա. Հարությունյանի հրապարակած փաստերի առիթով Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն կատարեց Մալաթիա-Սեբաստիա Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակում, և Ա. Հարությունյանին առաջարկեցին դիմում գրել, որպեսզի Դատախազությունը քննչական գործողություններ սկսելու հնարավորություն ունենա: Ա. Հարությունյանը նաև փաստեր էր ներկայացրել, որոնց համաձայն՝ պետպատվերի փաստաթղթով դիմել է բուժհաստատություն` որդուն բուժզննման ենթարկելու նպատակով, սակայն բուժաշխատողները հրաժարվել են երեխային սպասարկել: Այս տեսանյութից և հրապարակումից անմիջապես հետո մեզ հետ կապվեցին

Առողջապահության նախարարությունից և խնդրեցին տրամադրել Ա. Հարությունյանի տվյալները: Հաջորդ օրը նա մեզ տեղեկացրեց, որ նախարարությունից իրեն և որդուն ուղեգրել են հիվանդանոց, և նախարարի հանձնարարականով արդեն պայմանավորվածություն կա` անցնել բոլոր մասնագիտական ստուգումները: Ի դեպ, նախարարի հրամանով ոչ միայն Ա. Հարությունյանի որդու բուժօգնությունը կազմակերպեցին, այլ նաև իր՝ Ա. Հարությունյանի, ում մոտ մասնագետները քաղցկեղի նշաններ էին հայտնաբերել:

 

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և  հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս