«Կարևոր չէ, որ ես կուշտ լինեմ, կարևորը` որ շները կուշտ լինեն, թե չէ` կմնանք փողոցներում» (տեսանյութ)
Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր: Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից:
Ինքը մահվան հետ ձեռքսեղմումը վաղուց կատարել է, բայց Արմանը դեռ երեխա է` մոր ու մահվան առճակատմանը ներկա գտնվելու համար: Մարինեն չորս տարի առաջ` 27 տարեկան որդուն կորցնելիս, մահվան հետ հանդիպել է, ու հիմա պատրաստ է նրան անձամբ դիմավորելուն: Փոքր որդուն խնայելով` երկու ամիս առաջ նրան ազատազրկեց «մանկատանը«, որ, երբ մահն իր դուռը թակի` ինքը հնազանդորեն գնա: Հակառակ դեպքում` կռվելու է Արմանին միայնակ չթողնելու համար, ու այդ կռվի ականատեսը լինելու է իր փոքրիկ տղան:
Մեկ շաբաթ չանցած Արմանը վերադարձավ մոր մոտ, քանի որ ուզում էր մոր ներկայությունը մի քիչ էլ զգալ, իսկ Մարինեն կարոտից ավելի էր մաշվում ու ուզում էր որդու ներկայությունը մի քիչ էլ զգալ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ֆանարջյան փողոցում, գերեզմանատան կից տարածքում Մարինեի փայտե տնակն է, որի պայմանները նկարագրելու ենթակա չեն: Մահճակալին գամված Մարինեն ամեն օր զգում է իրենից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատան ծանր լռությունը: Մեկ-մեկ, երբ ի վիճակի է լինում քայլել` տնակից դուրս է գալիս, բայց, երբ գերեզմանատան հոտը դիպչում է քթին` իսկույն փախչում է դեպի մահճակալ:
Տարածքն ուրիշի սեփականությունն է, ով ամայի այդ հողատարածքում իր շների բներն է կառուցել: Մարինեին որդու հետ թույլ է տվել տնակում ապրել. մայր ու տղա շների խնամքով են զբաղվում` հանգրվան ունենալու դիմաց: «Ամեն օր գնում, շների կերը բերում, բաժանում եմ ամեն մեկի չափով ու կերակրում եմ մի քանի անգամ: Իրանց տակն եմ մաքրում, սիրում եմ, որ խելոք մնան: Մի խոսքով` ամեն ինչ անում եմ, որ շները լավ ապրեն: Եթե իրանց հետ մի բան պատահի` շների տերը մեզ դուրս կշպրտի, փողոցում կմնանք: Հիվանդ մամայիս ո՞նց պիտի դրսում պահեմ: Ես շատ ուշադիր եմ շների հանդեպ, որովհետև մեր կյանքն իրանցից ա կախված»,- ասում է Արմանը, ով չի սպասում հարցերիս և մանրամասն նկարագրում է իրենց կենցաղը: Արմանը հարցերիս չի էլ պատասխանում, այլ փորձում է ինձ հուզող հարցերի բոլոր պատասխանները միանգամից ներկայացնել` ընդհատելով ինձ:
Մայրն ասում է, որ տղան լսողությունը կորցնում է, և գնալով` սկսում է չարձագանքել անգամ բղավոցներին: Ուշադիր հետևում է մոտ շուրթերի շարժումներին` հասկանալու համար, թե մայրն ինչի կարիք ունի. «Մեր հատուկ դպրոցի երեխեքը պիտի ճամբար գնան: Անցած տարի ես էլ եմ գնացել, էնքան լավ էր: Էս տարի չեմ գնա, մամայիս կողքին պիտի լինեմ: Մամայիս ես եմ պահում, արդեն ճաշ եփել եմ սովորել: Կարտոշկայի ժարիտ եմ սարքում, էն օրն էլ բորշ եմ սարքել: Շատ բան չկար, բայց բորշի համար մի քիչ կար: Արի ցույց տամ` ամանները ոնց եմ լվանում»,- ասում է Արմանը:
Արմանի հետ պտտվում ենք տնակի շրջակայքով, որտեղ խոտերի մեջ դրված տաշտակի ջուրը արևից տաքացել է, ու ժամանակն է, որ այս փոքրիկ տղան սկսի հիվանդ մոր շորերը լվանալ: Շների կերի կաթսան Արմանից մեծ է, ու դժվար է պատկերացնել, թե ինչպես է այս 20 կիլոգրամ քաշով տղան այն տեղաշարժում, որ շները կուշտ լինեն, չհիվանդանան, ու, որ իրենք փողոցում չհայտնվեն: Ասում է` «Էս թասի մեջ էլ ամաններն եմ լվանում: Հենց թասի տակ մրոտվում ա, սպիրալով էնքան եմ քերում, որ սպիտակի: Ինչի՞ ես ծիծաղում, որ աման եմ լվանում` դրա համա՞ր»: «Չէ, ի՞նչ ես ասում, ուղղակի, որ էդքան փոքր ես ու էդքան բան կարողանում ես անել, դրա համար»,- պատասխանում եմ ես, բայց Արմանը խճճվում է` փորձելով հետևել շրթունքներիս շարժումներին, ու հեռանալով նստում է մոր մահճակալին` նուրբ շոյելով նրա ձեռքը:
50 տարեկան Մարինեի ինքնազգացողությունը երկու ամիս առաջ վատացել է, ստամոքսի, որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել: Բուժհաստատություն դիմելու քայլերն անընդհատ հետաձգվել են գումարի բացակայության պատճառով: Ասում է` «Ես թոշակառու չեմ, նպաստ էլ չենք ստանում: Շների տերը ամիսը մեկ անգամ 10.000 դրամ ա տալիս, դրանով ենք ապրում: Մեկ ամիս առաջ գնացինք Ռենտգեն ինստիտուտ, մի 5000 դրամ ունեի: Ստամոքսի, լյարդի հատվածը նկարեցին, բայց ինձ ոչինչ չասեց:
Դիագնոզը գրեց, թուղթը տվեց ու ասեց` տար առաջին հարկ` դեղերը կնշանակեն: Գնացի, դեղերը նշանակեցին, բայց պիտի 5000 էլ էնտեղ մուծեի: Էլ ոչ մի դրամ չունեի, խնդրեցի, ասեցի` դեղերի ցուցակը տվեք` ես գումարը կճարեմ, կբերեմ: Տվեց ցուցակը, բայց փաստորեն խաբեցի, որովհետև մինչև էսօր էդ 5000-ը չեմ ճարել»: Նշանակված ողջ դեղորայքը միասին կազմում է 5800 դրամ, որն առ այսօր Մարինեն չի կարողացել գնել: Ամեն օր «սպազմալգոն» է խմում, որն անհամեմատ էժան է ու ցավերը թմրեցնում է: Հարևաններն ամեն օր եզան լեզու են քաղում, եռացնում ու Մարինեին խմեցնում են, որ գոնե ինքնաբուժությամբ հիվանդությունը կանխեն:
Մարինեն ինքն էլ չգիտի իր հիվանդության անունը, քանի որ բժիշկն իրեն ոչինչ չի ասել, այլ թղթի վրա ինչ-որ բան է գրել, որն անընթեռնելի է: Հարևանները ենթադրում են, որ բժշկի կողմից այդ խորհրդավոր լռությունը վատ բան է նշանակում: Մեկ էլ ճառագայթային բուժում են նշանակել, որը ստանալու հույսեր Մարինեն չունի, քանի որ բժիշկներին խաբել, 5000 դրամը չի վերադարձրել. «Ինձ ո՞վ անկոպեկ բանի տեղ կդնի, մանավանդ, որ ճառագայթային բուժումն ահագին գումար արժե: Ես հիվանդանոցին պարտք եմ ու մինչև պարտքը չտամ, չեմ կարա գնամ հիվանդությանս անունն իմանալու: Մենակ ենթադրում եմ, որ ստամոքսի ու լեղապարկի հետ կապված խնդիր ա, երևի խղճացին, չասեցին` ինչ ա»:
Մարինեի հարևաններն ահազանգել են մեր խմբագրություն` խնդրելով մոր ու որդու սոսկալի ծանր պատմությանն ականջալուր լինել և գոնե Արմանին օգնել: Արմանն աստիճանաբար կորցնում է առանց այդ էլ ծանր լսողությունը: Մոր անկողնային վիճակն ու իրենց կենցաղային ծանր պայմանները չեն կարող հետք չթողնել այս փոքրիկի նյարդային համակարգի, հոգեբանության վրա: Արմանն աննկարագրելի տառապում է։
«Մի քանի ամիս առաջ Արմանիս տարանք պոլիկլինիկա, ականջի մասնագետը նայեց, անկետայի մեջ գրեց ու ուղարկեց Կանազի մանկական հիվանդանոց: Ասեց` պիտի վիրահատություն կատարեն: Հիվանդանոցի բժշկուհին ասեց` պիտի 20.000 դրամ մուծեք, նոր ստուգենք: Հետ եկանք, պոլիկլինիկայի բժշկին խնդրեցի, ասեցի` չեմ կարա 20.000 մուծեմ, չունեմ, էդքան գումար ամիսներով իմ տուն չի մտնում: Ասեց` ես ի՞նչ անեմ, որ ուզել են: Երեխուս վերցրի, եկա տուն, լրիվ խլացել ա: Վաղը-մյուս օրը ես չեմ լինի` ո՞նց ա ապրելու մենակ, առանց լսելու…»,- ասում է Մարինեն ու հոնգուր-հոնգուր լաց լինելով` դեմքով մխրճվում է բարձի մեջ: Արմանը մոտենում է մորն ու սկսում է սրբիչով մոր մարմնի քրտինքը սրբել: Շոյում, համբուրում է մորը` թարս նայելով ինձ, որ կյանքի գնով իր պահած-խնամած մոր հետ աննրբանկատ խոսակցություն եմ վարել:
Մարինե Լալայանին չորս տարի առաջ նույն տեղում տեսել եմ փարթամ, երկար ու խիտ, կոկիկ հարդարված մազերով: Այսօր տնակի գորշ մթության մեջ մահճակալին անուժ գամվածը մի ճաղատ, անատամ ու կիսամեռ կին է: Մարինեն չի դադարում արդարանալ որդուն մեկ շաբաթով մանկատուն հանձնելու քայլի համար: Ասում է` ուզում էր որդուն իրենից պաշտպանել: Արմանն ինձ ճանապարհելիս ասում է. «Գիտես, մանկատանը շատ լավ էր, շատ համով բաներ էին տալիս, բայց մամայիս կարոտից ուզում էի մեռնեի: Վախենում էի մամայիս համար: Կարևոր չի, որ ես կուշտ լինեմ, կարևոր ա, որ շները կուշտ լինեն, թե չէ` մենք կընկնենք փողոցները, ու մամաս կմեռնի»: Արմանը զգում է, որ ինչ էլ լինի, ուշ թե շուտ, ինքը մանկատան դուռը բացելու է:
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: