Ազատամարտիկի ութ երեխաները ապրում են հանրակացարանում, չքավորության մեջ (տեսանյութ)

Վարդաշենի հանրակացարանի 5-րդ հարկի ընդհանուր պատշգամբից մանկական տարբեր տարիքի և սեռի երեխաների մաշված հագուստներ են կախկախված: Այս ընտանիքում, ակնհայտ է, հնացած-մաշված մանկական հագուստը դեն չեն նետում, հերթով հագնում են…

17-ամյա Տիգրանենց՝ Արհեստագործական ուսումնարանին կից  հանրակացարանային  սենյակը բանտախցից չի տարբերվում: Ներսում մութ է ու տաղտուկ: Ներսի տոթից ու հանրակացարանային կենցաղին հատուկ հոտից շնչահեղձ եմ լինում: Սեղանին շաղված ալյուրի փոշու ու խմորի գնդերի արանքում մի փոքրիկ ազատ հատված որսալով` տղան տետրը հարմարեցրել է էլեկտրասալիկի մոտ ու ինչ-որ բան է գրում: Մերթընդմերթ նյարդայնացած ձեռքերն է թափ տալիս, որպեսզի տետրը չալյուրոտվի, բայց, միևնույն է, դրանից հարմար տեղ չի գտնում՝ դասերը սովորելու համար: Մայրը՝ Գայանեն, հարցնում է՝ «Ուզո՞ւմ եք լուսամուտը բացեմ: Պլիտան վառում, հաց եմ թխում երեխեքիս համար, դրա համար ա սենց շոգ: Դե°, քանի որ սենյակն էլ շատ փոքր ա, դրա համար էլ սենց շոգ ա լինում»: Հացաթխման համար նախատեսված սեղանի վրա խանգարող բազմաթիվ իրեր կան, բայց նրանց սենյակում, սեղանից և լիքը մահճակալներից բացի, ուրիշ ոչինչ չկա: Ինչ էլ կա՝ սեղանին է: Ամենքն ու ամեն ինչ խառնված են իրար: Ամենուր օրորոցներ են, փոքրիկ մահճակալներ, երկաթե, փայտե, կոտրված ու կրկին ամրացված մահճակալներ, ասես հիվանդանոց լինի: Բայց հիվանդասենյակում նույնիսկ այդքան մահճակալ միևնույն տեղում չի լինում:

Հաշվում-հաշվում եմ, բայց հաշիվը խառնում եմ, թե որ մահճակալին քանի երեխա է քնած: Իմ ու Գայանեի շշուկներից անկողնու վրայի շորը շարժվում է, տակից երեխայի փայլփլող աչքեր ու չարաճճի ժպիտ է երևում: Գայանեն ներկայացնում է երեխաներին. «Սա փոքրս ա՝ 3 տարեկան, մեծս Տիգրանն ա, էս մեկը 3 տարեկան ա, էս մեկը` 2, սրանք զույգերս են` 5 տարեկան…»,- քնած երեխաներին թվարկելով` հերթով ծանոթացնում է Գայանեն՝ երբեմն շփոթելով երեխաների սեռերն ու տարեթվերը: Երեխաները քրտինքի մեջ կորած են, սենյակի տոթի պատճառով ժամանակ առ ժամանակ վեր են թռչում ու սկսում հազալ:

Ամուսինները 45 տարեկան են և բնակարան չունենալու պատճառով՝ հայտնվել են հանրակացարանում: «Ամուսինս կռված տղա ա, երկար տարիներ Ղարաբաղում էր, մորս տանն էինք մնում, հետո վերադարձավ, էլ հնարավոր չէր, դուրս եկանք, մի որոշ ժամանակ վարձով էինք ապրում, բայց էլ չկարողացանք վարձ տալ: Դիմեցինք հանրակացարանի տնօրենին և, որպես Ղարաբաղյան շարժման մասնակից` ընդառաջեց, սենյակ տվեց: Եկանք ու ստեղ էլ մնացինք»:15 տարուց ավելի՝ նրանք ապրում են նույն հանրակացարանի սենյակում: Այս տարների ընթացքում նրանց կյանքում և կենցաղում ոչինչ չի փոխվել, միայն երեխաների քանակն է ավելացել: Նույն թշվառությունն է:

Կարդացեք նաև

«Ուզում եմ Հորադիզում ծառայել»,- ասում է 17-ամյա Տիգրանը

Նրանց ավագ որդու հայացքի մեջ արհամարհանք ու վիրավորանք կա, որովհետև իր հասակակիցների միջավայրում շատ կաշկանդված ու թերարժեք է զգում իրեն: Աշխարհից հետ չմնալու համար Տիգրանն արտասահմանյան կիսամերկ աստղերի պաստառներ է փակցրել սենյակի խոնավությունից քրքրված պատին, որոնց պատկերներն ամեն օր հաց թխելու ալյուրի փոշուց գրեթե մշուշապատվել են: Տիգրանն` ապացուցելու համար, որ ինքն, այնուամենայնիվ, ուժեղ տղամարդ է, ոտքը գցում է ոտքին, հպարտ ու անտարբեր տոնով երկխոսության մեջ է մտնում: Խաղի մեջ մտած կերպարից հանկարծ դուրս է գալիս ու վերադառնում դեպի հանրակացարանում ապրող, թերարժեքության բարդույթով տառապող 17-ամյա Տիգրանին ու գլուխը կախ՝ կմկմալով խոսում է: «Ինձ համար դժվար բան չկա: Ամեն ինչին հարմարվել եմ, մեր պայմաններին էլ եմ հարմարվել: Մայիս ամսին կգնամ բանակ, անհամբեր սպասում եմ էդ օրվան: Կարելի ա ասել՝ բանակ գնալն իմ համար երազանք ա: Շատ եմ ուզում Հորադիզում ծառայեմ: Մի քիչ որ խորը մտածում եմ՝ դժվար ա, որովհետև հերս կռվել ա, բայց էսօր տեսեք, թե ի՞նչ վիճակում ա: Վիրավորական ա, բայց դե, ես հայրենիքի համար եմ գնում, մարդկանց համար չեմ գնում»,- ասում է Տիգրանը: Մայրը միջամտում է՝ ասելով, որ Տիգրանի մոտ ասթմատիկ նոպաներ են սկսվում, բուժվել է, բայց նոպաները շարունակվում են:  «Չի ուզում, որ ես դիմեմ՝ ծառայությունից ազատելու համար: Ճիշտն ասած, որ ամուսինս կռվել ա, ոնց որ իրա մեջ էլ անցած լինի: Հետո մենք սահմանում ենք ապրել է¯ն պատերազմական տարիներին: 6-7 ամիս Հորադիզի զինվորական չաստում զինվորների հետ ենք ապրել: Էրեխեքս սովոր են, սիրում են զինվորի կյանքը»,- վստահեցնում է Գայանեն ու ասում, որ հայոց բանակին 5 զինվոր է տալու. նրանց  8 երեխաներից  5-ը տղաներ են:

Աստված չանի, եթե պատերազմ լինի` առաջինը ես եմ գնալու

Գայանեն ամուսնու մասին պատմելիս՝ այնքան սիրով ու հարգանքով է ներկայացնում նրան, որ ապշում ես նրա նրբանկատության վրա: Արթուրն ամաչում է մասնակցել մեր խոսակցությանը, դրա համար էլ երեխաների մահճակալների մոտ կծկված ուղղակի լսում է, թե ինչ ենք խոսում: Գայանեն պատմում է, որ նա տառապում է շագանակագեղձի բորբոքումով:  «Ցավերից շատ վատ ա լինում, կծկվում, կուչ ա գալիս, չի դիմանում, ահավոր ա: Գնացել եմ Առողջապահության նախարարություն, ասեցին՝ տար Էրեբունի-Մասիվի հիվանդանոցում պառկացրու: Շատ վատ ա զգում, ահավոր ա: Առաջ տաքսու վարորդ էր աշխատում, բայց էս ցավերից չի կարողանում շարժվի, տանը տառապում ա»,- պատմում է Գայանենª տանջահար հայացքով կրկնելով, որ ամուսինը ցավերին չի դիմանում:

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ութ երեխաների հայր Արթուրը պետությունից ոչ մի աջակցություն չի ստանում,. փոխարենը` կնոջ ծնողներից է ստանում: Արթուրը զինվորական է, 9 տարի սահմանում է անցկացրել. «Աստված չանի, եթե հանկարծ պատերազմ լինի` առաջինը ես եմ գնալու: Ես փորձառու եմ ու պետք եմ մեր բանակին: Հա°, սենց պայմաններում եմ ապրում, պետությունն անտարբեր ա իմ նմանների նկատմամբ, առաջարկում են կուսակցական դառնալ, որ մի բանի հասնես, բայց ես չեմ դառնա: Ես ստեղ ու սենց եմ ապրում ու պետք եղած ժամանակ՝ կռվող եմ: Զինվորը պետք ա անկուսակցական լինի»:

Գայանեն միջամտում էª «Էսօր ուզում էի ուղարկել մերոնց տուն, ճար չկա, երեխեքն ուտելու բան չունեն, սոված են: Հես ա, որ ինքն էլ պառկեց հիվանդանոց՝ ես մենակ, առանց ոչ մի բանի, ի±նչ պիտի անեմ էրեխեքին, չգիտեմ: Հյուծված, անսնունդ էրեխեք են, մի հատ քամին կպնում ա թե չէ՝ ընկնում են տեղաշոր»: Հարցնում եմ` «Էս պայմաններում ինչպե՞ս եք 8 երեխաներին կերակրում»: Գայանեն պատասխանում է. «Օֆ, չգիտեմ, մի հարցրու, մի քանի օր առաջ «Վորլդ վիժընից» սնունդ են օգնություն բերել, ալյուր են տվել, գոնե ցամաք հաց են ուտում էրեխեքս: Ստեղ ամեն ինչն ընդհանուր ա:  Երեխեքս շատ են, չեն տեղավորվում էս սենյակում, հանգիստ չունենք: 8 երեխաների նպաստը 40.000 դրամ է, բացի դրանից, 3 ամիսը մեկ «Փարոս» կազմակերպությունն ալյուր է տրամադրում այս ընտանիքին: Տիգրանը խորիմաստ հայացքով նայում է: Հարցնում եմ` «Ի՞նչ կասես»: Ուսերն է թափ տալիս ու նորից սկսում է խոսել բանակ գնալու մասին: Տիգրանը շտապում է անցնել զինվորական ծառայության, որովհետև գուցե բանակում ավելի լավ է, քան իրենց ճնշող սենյակում, ուր 9 հոգով արթուն լինելու դեպքում տեղաշարժվելն անհնարին է դառնում: Բանակում, բացի հացից, բրինձ ու ձավար են տալիս, ու շաբաթը մեկ անգամ էլ կարող ես ազատություն վայելել:

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:  Տեսանյութի  և  հրապարակման բովանդակությունը  հեղինակներինն  է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ  կառավարության տեսակետները:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս