Մարդիկ ապրում են անասնագոմում (տեսանյութ, ֆոտո)

Ավելի քան երեք տարի այս ընտանիքն ապրում է առանց տարրական կենսական պայմանների, առանց էլեկտրաէներգիայի` անասնագոմում: 10-ամյա փոքրիկ Մհերն ասում  է, որ ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Մհերը շատ խելացի  է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին: Թուրքը Մհերի համար ոչ թե մարդ է, այլ` պատկերացում: Ասում է` դպրոցում սովորեցրել են, որ թուրքերը մեր թշնամիներն են, քանի որ հայերին մորթել-կոտորել են: Դպրոցում մեկ էլ  սովորեցրել են, որ հայերը լավն են: Հայերին սիրող ու թուրքերին ատող Մհերն ինձ ուղեկցում էիր «տուն», որն անհասցե է: Հաղթանակ թաղամասի (Չորրորդ գյուղ) ձորի բերանի երկայնքով մղոններով գնում ենք, գնացքի ռելսերի մեջտեղով է անցնում ճանապարհը:  Իմ ու Մհերի ետևից գալիս է մայրը` Ալմաստը, Ալմաստի ետևից` ավագորդին` Ավետիսը,  Ավետիսի ետևից` կրտսերորդին` Արմանը, Արման ետևից` նրանց պապը` Երվանդը,  Երվանդի ետևից` նրանց հորեղբայրը: Ու բոլորս գնացքի ռելսերի մեջտեղի քարքարոտ ու փոշոտ, ամայի տարածքով գնում ենք Մհերենց անհասցե «տուն»:

Մհերը շաբաթ-կիրակի օրերին ամեն անգամ նույն տարածությունն է հաղթահարում: Քայլում  է ու քթի տակ մտմտում. «Շատ եմ ուզում բանակ գնալ: Պիտի մեր հայրենիքը պաշտպանեմ:  Երբ որ թուրքերը հայերին կոտորել են, ես ծնված չեմ եղել,  բայց ես  հիմա կամ ու կպաշտպանեմ  մեր հայերին: Յոթ հոգով իրար հետևից գնացքի ռելսերի արանքով քայլում- քայլում ենք, բայց խոսում է միայնՄհերը, ընդ որում` միայն ազգային թեմաներից:  Ու Մհերի  հայրենասիրական խրոխտ արտահայտություններից տպավորված`մտքումս արդեն պատկերացնում եմ այն տունը, որտեղ «անդարդ» ապրող տղայի միակ դարդը հայերին թուրքերից պաշտպանելն է: Ճանապարհին Մհերն իր կյանքի մասին շատ բան է պատմում, մասնավորապես նշում է, որ ինքը ոչ մի հոգս չունի, շուտով ծննդյան օրն են նշելու,  որի առիթով մայրը տորթ է թխելու, իրեն նվերներ են տալու, ու ինքը,  ինչպես միշտ, իրեն երջանիկ է զգալու: «Պապիկ, դու գնա շներին պահի, որ չվախենա,- մեծավարի պապին հրահանգում է Մհերն ու ինձ մխիթարելով` ասում է,- Ուր որ ա` հասնում ենք»: Քարուքանդ ու կիսափուլ պատնեշի արանքով անցնում ենք: Մեզ դիմավորում է մի գամփռ ալարկոտ շուն,   հետո`էլի մի կատաղած շուն, իսկ մի քանի քայլ այն կողմ` շան ձագերի մի ողջ գերդաստան:  «Էս էլ մեր տունը»,- ասում է Մհերն ու շվարած նայում է ուղիղ աչքերիս մեջ` հասկանալու համար` ինչո՞ւ եմ պապանձված կանգնել իրենց «տան»  ու մեր ոտքով կտրած մի ամբողջ թաղամաս տարածության արանքում: «Էս տուն ա՞»,- կարկամելով հարցնում եմ`  հույս ունենալով, որ կասեն` չէ, էս շների կացարանն ա, իսկ տունն էն կողմում ա:

«Հա, էս մեր տունն ա, ներս եկեք, մի վախեցեք»,- ասում է Մհերի մայրը` Ալմաստը,  ում երեք երեխաները հավանաբար չգիտեն, որ Հայաստանում 21-րդ դարն է:

Մհերի տունն անասնագոմ չէ, նկուղ չէ, հավաբուն չէ, չգիտեմ ինչ է: Ինչ-որ բան է,  որն  անուն չունի: Ներսում սոսկալի մութ ու տոթ է,  որտեղ առնետները պարբերաբար երեխաներին գրոհի են ենթարկում: «Ես ստեղ եմ քնում, Արմանը` կողքս, Ավետիսն էլ` մեր մեջտեղում»,-  ասում է Մհերը` մատնացույց անելով կեղտակորույս անկողինը,  որն անգամ որպես հատակի փալաս պիտանի չէ:

Ավետիսն ու Արմանը մտավոր հետամնացություն ունեն:  Նույն հիվանդությամբ տառապում են նաև երեխաների հայրն ու հորեղբայրը:   Հորեղբայրն ինձ խնդրում է օգնել հաշմանդամության թոշակ ստանալու հարցում, հակառակ դեպքում` սովամահ կլինեն:  Ասում է. «Ինձ ասում են` պիտի գժանոցում պառկես, որ թոշակավորենք: Ախր, ես գիժ չեմ,  հա, մտավոր հետամնաց եմ, բայց դա հոգեկան հիվանդություն հո չի՞»:  Ալմաստն իրենց կենցաղի համար Աստծուն փառք է տալիս,  որովհետև մի երկու տարի առաջ բաց երկնքի տակ են գիշերել:  Անձրևաջրերն ու ձյան հալոցքն օրուգիշեր լցվել է դրսում ապրող ընտանիքի գլխին:

«Հիմա, փառք Աստծո, էս գոմի համար»,- ասում է երեք անչափահաս երեխաների մայրը,  ում խոսքերից հետո շվարած նայում եմ շուրջս,  որտեղ անասնական կյանքով ապրում ու մեծանում է Հայաստանի Հանրապետության ապագան` Արմանը, Մհերն ու Ավետիսը:  Մի քանի մետրանոց անասնագոմում ապրում են վեց հոգով,  որտեղ աշխատուժը երեխաների հայրն ու հորեղբայրն են, ովքեր բանվորություն անելով` օրական ստանում են 1000 դրամ:  Ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված չեն` գրանցում չունենալու պատճառով,  և պետությունից որևէ աջակցություն չեն ստանում: Երեխաների մայրն ասում է`  տարիներով անլույս են ապրում` «Էս տարածքի էլեկտրիկի հետ խոսացինք, ասեց`  հոսանքալար քաշելու համար հեչի պես մի 2000 դոլար պետք ա: Սկի հացի փող չունենք, էլ ուր մնաց`  լույսի հարց լուծենք»: Դպրոցական երեխաները տանն ընդհանրապես գիրք չեն բացում, անհնար է,  քանի որ անգամ ցերեկվա լույսի ժամանակ ներսում մութ է:

Մհերը առողջ, խելացի և լուսավոր մարդ է, բայց սովորում է հատուկ, գիշերօթիկ դպրոցում,  որտեղ նաև մտավոր հետամնաց եղբայրն է սովորում:  Ներսի անտանելի խոնավությունից անգամ շորերն են բորբոսնում, իսկ անասնագոմում ապրողների հատակը սովորական հող է:  Քարերի օգնությամբ հատակից կտրված մահճակալի կողմից շան հաչոց է լսվում:  Մհերը մոտենում, ծնկի է իջնում ու մահճակալի տակից դուրս է հանում շան մի քանի ձագերի:  «Չեմ թողի էս ձագերին փողոցում շպրտեն: Իրանց ապրելու տեղ ա պետք»,- ասում է Մհերը,  ով հաստատ ավելի վատ վիճակում է,  քան փողոցում հայտնված շունը: Երեխաների պապիկը`  Երվանդը, ասում է,  որ նախկինում աղջիկն`ամուսնու ու երեխաների հետ, նույնիսկ նկուղում է ապրել, փողոցներում քնելով են լուսացրել: «Իմ ձեռքերով էս քարերը հավաքել,  բերել, իրար վրա եմ շարել, վրան էլ ստից փայտե կռիշ եմ դրել, որ ծածկ լինի:  Սա նկարագրելու բան չի, աղջիկ ջան»:

Մհերը սողալով մտնում է մոր թևի տակ, համբուրում է թևերը, այտը ու պինդ գրկելով`  ասում է. «Մամա, քեզ շատ, անսահման եմ սիրում»:  Ալմաստը չի կարողանում Մհերին պատասխանել ճիշտ նույն մեծ ու անսահման սիրով, այլ անտարբեր ու հոգնած,  որդուն համբուրելով, կրկին հայացքը գամում է մի կետի: Բոլորն իրար նայում են,  բայց չեն տեսնում իրար: Բոլորն անասնագոմից ամեն օր դուրս են գալիս,  նայում են օր օրի  գունավոր դարձող քաղաքին, բայց չեն տեսնում գույները: Մհերն ինձ ճանապարհում էր «անհասցե տնից»`  դեպի ամեն տարի տնտեսական աճ արձանագրող քաղաք: Ճիշտ նույն ռելսերի մեջտեղով,  որտեղ Մհերի ետևից անձայն քայլում է Ալմաստը, Ալմաստի ետևից` Ավետիսը,  Ավետիսի ետևից` Արմանը, Արմանի ետևից` Երվանդը, Երվանդի ետևից` երեխաների հորեղբայրը,  ով հաստատ մի օր կգնա «գժանոց»` հաշմանդամության կարգ ստանալու համար:  Հակառակ դեպքում` սովամահ կլինի: Բոլորը լուռ քայլում են, կարծես ոչինչ չի եղել,  ու Աստծուն փառք են տալիս` անասնագոմում ապրելու համար:  Միայն Մհերն է  մտքում ատում թուրքերին և ուսուցչուհու խոսքերն անգիր արած` նույնիսկ իր ծննդյան օրը չի մոռանում,  որ թուրքերը վատն են: Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անհասցե, անասնագոմի բնակիչ,  էլեկտրական լույսի մասին հիշողություն չունեցող Մհերն անդադար կրկնում է,  որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ուսուցչուհին է այդպես սովորեցրել:

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:  Տեսանյութի  և  հրապարակման բովանդակությունը  հեղինակներինն  է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ  կառավարության տեսակետները:

Տեսանյութեր

Լրահոս