Վլադիսլավ Լվովիչն ուզում է թագավոր դառնալ, որ բոլորին իշխի (տեսանյութ)

Ութ տարեկան Վլադիսլավը մինչև անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետև իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչև անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձևը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր:

Մեկ-մեկ նույնիսկ քրոջն ու եղբորը խնդրում էր իրեն դիմելիս անուն-հայրանունով կանչել, որպեսզի իրեն սպասվող հրճվանքին մանկուց վարժվի: Սկսել էր լավ սովորել, մանավանդ ռուսերեն, որի իմացությամբ արդեն փայլում էր, բայց…

Անցյալ տարի Վլադիսլավ Լվովիչի եղբայրը պատահաբար ուշաթափությունից վայր է ընկել, ու ամբողջ ընտանիքն ընկել է սթրեսի մեջ: Ուշաթափության դեպքերը գնալով հաճախակի են դարձել, իսկ Վլադիսլավ Լվովիչը, թեև լինելով ապագա բժիշկ, այնուամենայնիվ, աննկարագրելի վախ է ապրել: Մայրը` Անուշը, պատմում է, որ լինելով «Փարոս» համակարգի շահառու` դիմել է Սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, տեղեկանք է վերցրել և փորձել է կարիքավոր ընտանիքներին վերապահված օրենքով սահմանված արտոնությունից օգտվել և երեխային բուժզննման տանել: Ասում է. «Օրինական կարգով մեզ նման ընտանիքներին զեղչեր և անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն տրված է: «Փարոսի» գրասենյակից համապատասխան տեղեկանքները վերցրեցի և դիմեցի Առողջապահության նախարարություն: Նկարագրեցի, որ անչափահաս երեխայիս մոտ նման վտանգավոր նոպաներ, ուշաթափություններ են լինում, որի հետևանքով արդեն մշտական գլխացավ ունի: Ինձ ընդառաջեցին և, պետպատվերի թուղթը տալով, ասացին, որ դիմեմ «Արտմեդ» բժշկական կենտրոն: Ասացին` ինչ պետք է` անվճար կանեն:

Երեխայիս հետ, պետպատվերի թուղթը ձեռքիս` գնացի: Այնտեղ, կարելի է ասել, ինձ դռան ճանապարհը ցույց տվեցին` առանց որևէ օգնություն ցուցաբերելու: Պետպատվերի թուղթը տալով` պնդեցի, ասացի, որ նախարարությունից են ուղարկել: Բժիշկն ասաց` կապ չունի, պետք է KT անենք, որի համար պիտի վճարեք 78.000 դրամ: Ասում եմ` նախարարի ստորագրությամբ թուղթ եմ ձեզ ցույց տալիս: Բժիշկն ասում է` ամենաշատը, որ կարող ենք անել, 10.000 դրամ գինը կիջեցնենք: Ասում եմ` կարող է երեխայիս տուն տանեմ, նորից ուշագնաց լինի… Բանի տեղ չդրեցին: Մեկ էլ առաջարկեցին հերթագրվել, բայց զգուշացրեցին, որ հերթը կարող է հասնի մի 2 ամսից, կամ մի 2 տարուց: Նեղվածությունից ու վիրավորանքից իրենց աչքի առաջ պետպատվերի թուղթը ճղեցի ու լաց լինելով հեռացա»: Անուշն այս դեպքը պատմելիս` վիրավորանքից աչքերը լցնում է: Անցյալ տարվանից ի վեր երեխային բժշկի այդպես էլ չի տարել:

Այսօր էլ, որդին` Խաչատուրը, սոսկալի գլխացավեր ունի, բայց մայրն այդպես էլ չգիտի` որդու մոտ ինչ հիվանդություն է: Եղբոր հետ կատարված այս անմարդկային վերաբերմունքից հետո Վլադիսլավ Լվովիչը կտրուկ որոշեց հրաժարվել բժիշկ դառնալու մտադրությունից: Հիմա ատում է բժիշկներին ու ապրում է իր համար մի համոզմունքով` ինչ էլ լինի, նրանց դուռը չգնալ: Անցյալ տարի իր յոթ տարվա երազանքից հրաժարվելով` Վլադիսլավ Լվովիչը կտրուկ որոշում կայացրեց` դառնալ թագավոր: «Ինչո՞ւ թագավոր»,- հարցնում եմ: «Որ բոլորի վրա իշխեմ»,- պատասխանում է նա: «Բայց ինչո՞ւ, Վլադիսլավ Լվովիչ, գոնե էնպիսի թագավոր դարձիր, որ մեր կյանքում լավ բան կատարվի»,- ասում եմ նրան:

«Չէ, պիտի իշխեմ, մանավանդ բժիշկներին պիտի պատժեմ: Մենակ թագավորը կարա բժշկին պատժել»,- ասում է նա: «Չեղավ, բժիշկները մեզ պետք են. երբ մենք հիվանդանում ենք, նրանք մեզ բուժում են, մահամերձ մարդկանց կյանքը փրկում են: Թագավորը չպիտի պատժի բոլոր բժիշկներին»,- փորձում եմ հակադարձել Վլադիսլավ Լվովիչին: Իսկ նա թերահավատորեն նայում է ինձ, գլուխն օրորում ու չարությամբ պատասխանում է` «Ձեզ բուժում են, դուք փող ունեք: Ախպերս որ ուշաթափվեց, ես շատ վախեցա»: Հետո Վլադիսլավ Լվովիչը բարկացած հեռանում է` վերցնելով բահ, ծառերի եզերքը փորելով` ջրի ճանապարհ է բացում:

Անուշը հորդորում է` աղքատների նպաստը չգրպանել

Անուշ Հարությունյանն իր երեք երեխաների, հիվանդ եղբոր ու հոր հետ բնակվում է Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 30 կոչվող փողոցի մի վագոն-տնակում: Արդեն 10 տարի բնակվում են մի քանի ոտնաչափ վագոնում, որտեղ պայմաններն աննկարագրելի սուղ են, բայց ներսում ամեն ինչ կոկիկ ու հարդարված է: Մոտ յոթ տարի Անուշի ընտանիքն անլույս է ապրել` մոմի լույսով: Ասում է` «Հարևանս շատ էր ազդվում, որ սովորող երեխաներս նստում, մոմի լույսի տակ գիրք էին կարդում: Մեզ հոսանքալարով իր լույսից տվեց, ու հիմա հարևանի լույսով ենք ապրում:

Շատ ծանր է մեր վիճակը: Ձմռանը վագոնի մեջ` թաց ու խոնավ, իսկ ամռանը` եռացող շոգ: Ամուսինս էլեկտրացանցում էր աշխատում: Տարիներ առաջ աշխատանքի ժամանակ տոկահարվեց, բարձր լարման տակ ընկնելով` ամբողջությամբ կորցրեց առողջությունը: Անաշխատունակ է… Շատ դժվարություններ էինք ունենում, աղքատության պատճառով` վեճ, նեղվածք, հեռացավ… Ինքն իր համար գոյատևում է»: Հիմա Անուշը երեք երեխաներին խնամում է 35.000 դրամ նպաստով և էպիլեպսիայով հիվանդ եղբոր հաշմանդամության 15.000 դրամ թոշակով:

Եղբայրը` Արմենը, այդ հիվանդությունը ձեռք է բերել 16 տարեկան հասակում: Աչքի առաջ քրոջը մեքենայի տակ են գցել, մահացել է: Այդ տեսարանին ականատես լինելուց հետո` Արմենի մոտ վախից նոպաներ են սկսվել ու շարունակվում է մինչև այսօր: Անուշն ասում է, որ թեև վագոն-տնակն անօրինական է տեղադրված հողատարածքում, այդուհանդերձ, ինքը փաստացի գրանցվել է, որպեսզի նպաստ ստանալու բոլոր օրինական թղթերին տիրապետի: «Ես երբեք որևէ օրենք չեմ խախտել:

Միշտ հարգել եմ օրենքի բոլոր պահանջները ու բոլոր հարցերում, թեև դժվարությամբ, բայց ձեռք եմ բերել պահանջվող փաստաթղթերը: Նպաստի համար հաշվառվելու բոլոր թղթերը ձեռք եմ բերել, օրինական կերպով իմ ընտանիքը նպաստառու է, բայց ես պարտավոր եմ տարվա մեջ մի քանի անգամ նպաստը թողել տեսուչին, գրասենյակին, որպեսզի օրենքով սահմանված ինձ հասանելիք աղքատության նպաստն ինձ տան: Ես երբեք այդ մասին չեմ բարձրաձայնել, բայց հիմա ուզում եմ խոսել: Ունենալով բոլոր փաստաթղթերը` ինձ կարող են զրկել նպաստից միայն նրա համար, եթե ես տարվա մեջ 2-3 ամսվա նպաստն իրենց չթողնեմ: Շատերն են այդպես անում, ու բոլորդ էլ գիտեք այդ մասին, բայց այլևս անհնար է: Օրեր առաջ գրասենյակի աշխատակցին խնդրում, ասում եմ` ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, ինձ մոտ քաղցկեղի նշաններ են հայտնաբերել և ասել են, որ պարտադիր ստուգվեմ:

Ասում եմ` եթե այդ 35.000 դրամը հիմա պահեք, չեմ կարող ոչինչ անել, գոնե գնամ ռենտգեն անցնեմ: Ասում է` ոչինչ, ամեն ինչ լավ կլինի, մյուս ամիս կգնաս: Այդպես սառնասրտորեն ճանապարհեցին, ու եթե ես համարձակվեմ այդ գումարը չթողնել, ընդհանրապես կզրկեն նպաստից: Դա համատարած երևույթ է: Տարվա մեջ 2-3 ամսվա նպաստը իրենց թողնելով` ես ստիպված եմ լինում այդ ամիսներին խանութներից պարտքով հաց-մաց վերցնել ու մեծ պարտքեր եմ կուտակել, մոտ 250.000 դրամ»: Անուշը համապատասխան կառույցներին հորդորում է առանց այդ էլ ծայրահեղ ծանր կենսապայմաններում ապրող աղքատների գումարները չգրպանել: Նրա խոսքով` այդ ստվերային պայմանավորվածության մոդելը կիրառվում է Սոցիալական աջակցության բոլոր գրասենյակներում. «Մենք չենք առաջարկում, այլ իրենք են առաջարկում մի քանի ամսվա գումարը թողնել, որպեսզի օրենքով հասանելիք աղքատներին տրվող պետական գումարը հասցեատիրոջը փոխանցեն: Առաջարկում են, բայց, եթե փորձես մերժել` ընդհանրապես կզրկվես նպաստից»,- ասում է նա: Երեք երեխաների մայրը տեսողության շատ լուրջ խնդիր ունի: Անհրաժեշտ է լազերային վիրահատություն կատարել, սակայն յուրաքանչյուր աչքը վիրահատելու համար մոտ 1000 դոլար գումար են պահանջում: Վատ տեսողության պատրվակով Անուշին աշխատանք չեն վստահում:

Վլադիսլավ Լվովիչի քույրն ու եղբայրը հիմա գտնվում են Էջմիածնում` ազգականի տանը: Մայրը երեխաներին չի կարողանում խնամել և պարբերաբար դիմում է հարազատների օգնությանը:  Վլադիսլավ Լվովիչի մոտ վերջերս տարօրինակ  երևույթներ են նկատվում: Մայրն ասում է, որ պարբերաբար շնչահեղձ է լինում ու նույնիսկ խոսել չի կարողանում: Նյարդային համակարգը շատ լարված է ու խոսելիս հաճախ շունչը կանգնում է:

Անուշի եղբայրը էպիլեպսիայով հիվանդ է ու, թեև ի ծնե չէ, և ժառանգական փոխանցումը քիչ հավանական է, այնուամենայնիվ, Անուշը տագնապի մեջ է: Պարբերաբար շնչահեղձ լինող Վլադիսլավ Լվովիչը նման դեպքերում անօգնական վիճակից իրեն պատեպատ է տալիս, օդ շնչելու զգացողությունը կորցնում է: Բղավում է` օգնեցեք… Նման իրավիճակում հայտնված այս փոքրիկ տղան բոլորից օգնություն է խնդրում, բայց` ոչ բժիշկներից:

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս