«Իմ նմաններին ի՞նչ ա սպասվում, դանդաղ մա՞հ» (տեսանյութ)

80-ամյա Ռիմա Հովհաննիսյանն ապրել է ուզում:  Նա առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն չի կարողանում օգտվել պետպատվերի շրջանակներում բուժվելու հնարավորությունից, այսինքն` իր իսկ իրավունքից: Չի խնդրում, այլ պահանջում է հարգել իր իրավունքն ու այդ իրավունքի համար պատրաստ է բոլոր պետական պաշտոնյաների «կոկորդից բռնել»: Ասում է` «Եթե պետությունն իմ նմանների համար պետպատվերով բուժվելու կարգ ա սահմանել, ուրեմն` պարտավոր ա իր սահմանած օրենքի պահանջը կատարել»: 2-րդ կարգի հաշմանդամ, միայնակ թոշակառու Ռիմա տատիկը, սրտանոթային հիվանդությունից զատ, տառապում է «օստեոպորոզ» հիվանդությամբ, որի հետևանքով ոսկորները մաշվել, ոտքերն անշարժացել են: Հունվար ամսից անկողնուն գամված է: Ասում է` «Դիմում եմ հիվանդանոցներին, չեն պառկեցնում, ասում են` տեղ չունենք: Ահագին մեծ ցուցակ դեղեր են գրում, ասում են` դրանք խմի: Դրանք գնելու համար ես գումար չունեմ»: 35.000 դրամ թոշակով և նպաստով ապրող միայնակ թոշակառուն ներկայումս լրագրողներին է դիմում` ահազանգելով, թե բուժհաստատություններում ինչպես են վերաբերվում պետպատվերի ուղեգրով հիվանդներին: Ընդ որում, նա 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, որն ընդգրկված է խոցելի խմբերի ցանկում: «Օգնող չունեմ, հարևանուհիս ա ինձ տիրություն անում: Ժառանգ էլ չունեմ, եղբորս խնամակալն եմ եղել, որը զոհվել ա: Լավ, իմ նմաններին ի՞նչ ա սպասվում, դանդաղ մա՞հ: Եթե հիվանդությունը հնարավոր ա մեղմել, կանխել, ի՞նչ անենք, որ մեզ տիրություն անեն: Ախր Հայաստանում փող չունեցող մարդկանց հիվանդանոց չեն ընդունում կամ ընդունելու դեպքում  էլ` դեղերի ցանկը տալիս, ասում են` դու պիտի առնես: Բա էլ պետպատվերի առավելությունը ո՞րն ա»,- դժգոհում է Ռիմա տատիկը` հավելելով, որ հիվանդանոցից հորդորում են դեղորայքը պոլիկլինիկայից ստանալ, իսկ պոլիկլինիկայից ասում են` չունենք: Ուրեմն` միայնակ թոշակառուին մնում է համակերպվել հիվանդության սրացման հետ, տառապել և սպասել…

 

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:  Տեսանյութի  և  հրապարակման բովանդակությունը  հեղինակներինն  է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ  կառավարության տեսակետները:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս