Չծնված երեխա, մեռնել ցանկացող հայր ու տեսուչ Ալլա (տեսանյութ)

Փոքրիկ էլեկտրական սալիկն ամբողջ մարմնով շրջափակման մեջ առած Լիլիթի մեջ ապրող երեխան երևի հիմա հայհոյում է աշխարհի դրվածքը: 23 տարեկան կնոջ հայացքի մեջ դաջվել է մի 70-ի` կյանքի մայրամուտին սպասող մարդու տառապանքը: Երեխայի սպասելու լուրն իմանալուց հետո ցանկացել է ազատվել նրանից:

«Ուշ իմացա, հետո էլ աբորտի փող էր պետք, իսկ էն երկու փոքրերս հաց չունեին ուտելու: Խղճում եմ դեռ չծնված երեխայիս, ինձ մեղավոր ու անզոր եմ զգում: Եթե իմանայիր` ո՞նց եմ տանջվում»,- ասում է Լիլիթը: Նա սովոր է տանջվելուն, բայց դեռ չծնված երեխան մոր փորի մեջ քաղցած է ապրում: Օրեր են լինում, երբ երիտասարդ կինը չի սնվում, որ երկու մանկահասակ երեխաներն ուտելու բան ունենան: Հուլիս ամսից անլույս ապրող այս ընտանիքի կեցությունը նույնքան անտանելի է, որքան ցրտից կապտած կնոջ տեսարանին ականատես լինելը: 10.000 դրամ էլեկտրականության պարտքի համար ամիսներով մոմի լույսով են ապրել, մինչև հարևաններից մեկը խղճալով` իր էլեկտրական լարով նրանց լույս է տվել: Եթե Լիլիթի դեռ չծնված երեխան խոսել իմանար` հաստատ կհայհոյեր ողջ մարդկությանը:

Շենգավիթ 2Ա, 7-րդ հանրակացարանի նկուղային հարկի նրանց սենյակը նման է պատերազմից փրկված մի կիսափուլ շինության: Սենյակը հատկացրել են Լիլիթի մորը` ազատամարտիկ Ռոզա Սարգսյանին: Ղարաբաղում կռվելիս Ռոզան վիրավորվել է, որի պատճառով թոքերի վիրահատություն են կատարել: «Մամաս միայնակ մեզ` երկու աղջիկներիս էր մեծացնում: Շատ դժբախտություններ տեսավ, բայց ինքը հերոս էր, իսկական զինվոր»,- պատմում է Լիլիթը` ասելով, որ 2004թ. մայրը թոքախտով հիվանդացավ: Երկու աղջիկները ստիպված են եղել և մորը խնամել, և իրենց կեցությունն ինքնուրույն ապահովել:

«Գնում էինք հիվանդանոց մամայի մոտ: Ուրիշ մարդ չկար, ո՞վ պիտի մամային տիրություն աներ: Էնքան գնացինք-եկանք, որ քույրս` Լուսինեն, թոքախտով վարակվեց, բացիլները շատ էին»,- հիշում է Լիլիթը` ավելացնելով, որ իր ազատամարտիկ մայրը 2004-ին թոքախտից մահացավ: 16 տարեկան Լուսինեն երկարատև բուժում է ստացել, բայց մինչև հիմա տուբդիսպանսերի հսկողության տակ է: Մոր մահից հետո Լուսինեն ձևակերպված է որպես Լիլիթի խնամակալության տակ գտնվող անձ: 26 տարեկան Գարիկը մինչև Լիլիթի հետ ամուսնությունը խելոք, աշխատող ու համեստ տղա էր, որի մասին հարևաններն ափսոսանքով են խոսում: Ամուսնությանը հաջորդող մեկ տարին անցել է խաղաղ ու սիրո մթնոլորտում: Հետո Գարիկը դարձել է գործազուրկ, իսկ երկու երեխաները մնացել են հայրական խնամքից զուրկ: Լիլիթն ասում է, որ շատ լավն է ամուսինը, բայց էս վերջին տարիներին «նեղությունից» սարսափելի գործողություններ է կատարում: «Ինքը էնքան աշխատող ու խելոք մարդ ա: Գործ չեն տալիս, մի աչքն էլ կույր ա: Փողոցներից երկաթ-մերկաթ ա գտնում, տանում-հանձնում ա, որ հացի փող անի: Էս վերջերս շատ ա խմում, հենց ձեռքը փող ա գալիս, խմիչքին ա տալիս: Նենց բաներ ա անում, բայց ինքը տենց չէր, ինքը շատ լավն էր: Էս նեղությունն ու անճարությունը գիտե՞ս ոնց ա իրան քայքայել»,- պատմում է Լիլիթը, ում խոսքերին միջամտելով` հարևանուհին ասում է, որ Գարիկը պարբերաբար ինքնասպանության փորձ է կատարում:

Ասում են` խմելուց հետո դառնում է անկառավարելի: Կամ` խմում է, որ անկառավարելի դառնալով` կյանքին վերջ տա: Ասում են` թևերակներին բազմաթիվ սպիներ կան, քանի որ, մի քանի անգամ կատարած ինքնասպանության փորձերը բարեբախտաբար անհաջողությամբ են ավարտվել: Հարևանուհին` տիկին Սրբուհին, պատմում է, որ մի օր որդին պատահաբար եկել է Լիլիթենց տուն ու «Ու ի՞նչ տեսնի. պատալոկից պարանը կապել ու արդեն անցկացրել էր վզով, որ կախվեր: Եթե տղաս էդ պահին չգար` հաստատ խեղդամահ էր լինելու: Հետո ես իր հետ շատ եմ խոսել, ասում եմ` երկու երեխա ունես, մեկն էլ շուտով կծնվի, ո՞նց ես նման արարք անում: Ասում ա` ավելի լավ ա մեռնեմ, քան երեխեքիս չկարողանամ մի կտոր հաց հասցնել»: Հիմա Գարիկը հաճախակի հեռանում ու շաբաթներով տուն չի գալիս: Փախչում էգ
Լիլիթի և Գարիկի աղջիկը` Վիկտորյան, չի ցանկանում մանկապարտեզից հետո մի քանի ժամը տանն անցկացնել: Այնտեղ տաք է, ու ինչպես հարկն է` սնվում է: Մարդիկ էլ ժպտում են, լաց չեն լինում:

Երկրորդ երեխային` 5-ամյա Հրաչին, Լիլիթը քրոջ հետ ուղարկել է Աշտարակում ապրող ընկերուհու տուն: Ընկերուհին մի քանի օր ապաստան կտա նրանց, մինչև Լիլիթը կարողանա ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի համար թակել բոլոր փակ դռները: Ասում է` նախկինում 31.000 դրամ նպաստով գոնե հաց գնելու մասին չէին մտածում: «Ես ընդունվեցի Շենգավիթի կանաչապատման կենտրոնում աշխատանքի, որովհետև մենակ նպաստով հինգ հոգով ապրել հնարավոր չէր: Մանավանդ, երբ իմացա հղիությանս մասին` արդեն խուճապի մեջ էի, ոչ մի բան չունեմ: Մի խոսքով` աշխատում էի, տնկիները ջրում էի, հող էի փորում, խնամում էի:

Դժվար աշխատանք էր, բայց Աստծուն փառք էի տալիս, որ աշխատանք ունեմ, ընտանիքիս հոգսը կթեթևանա, քույրս էլ` դպրոցական տարիքի, իմ խնամքի տակ, երկու երեխաներս էլ` մանկահասակ»,- պատմում է Լիլիթը, ով այնքան ազնվություն է ունեցել, որ գնացել, տեսուչին տեղեկացրել է աշխատանքի տեղավորվելու մասին` հայտնելով, որ մի քանի ամիս է աշխատելու, քանի որ հղիության վերջին ամիսներին այլևս ի զորու չի լինի: Ընտանեկան նպաստի գրասենյակից անմիջապես դադարեցրել են նպաստի տրամադրումը, ավելին` պահանջել են տրամադրված երեք ամսվա նպաստի համար հետգանձում կատարել: Լիլիթն այս անգամ էլ ստիպված է եղել աշխատել` ընտանեկան նպաստի գրասենյակին վճարելու համար: «Ես կարող էի խաբել, ասել, որ չեմ աշխատում, ու իրենք չէին տեղեկանա, բայց արի ու տես, որ մի քանի ամսվա աշխատանքս քթերիցս բերեցին: Հիմա պետությունը երեխաներիս ընդհանրապես զրկեց ապրելու իրավունքից»,- սրտնեղած ասում է Լիլիթը` հավելելով, որ իրենց տեղամասային Ալլա անունով տեսուչն այնպիսի մարդկանց է գրանցել նպաստառուների ցուցակում, որոնք իրենց գրանցման հասցեում չեն բնակվում: Դեռ ավելին` ոմանք էլ գտնվում են հանրապետությունից դուրս, իսկ իրենց անունով նպաստը ստանում են հարազատները կամ հարևանը:

Նա վստահեցնում է, որ պատրաստ է կոնկրետ մարդկանց անուններով և հասցեներով կեղծ նպաստառուների տվյալներ տրամադրել, որին մենք առաջիկայում կանդրադառնանք: Անօրինական գործարքների մասին տվյալներ խոստանում է տրամադրել նաև նրա հարևանուհին, ով պնդում է, որ տեսուչը նույնիսկ չի այցելում այն ընտանիքների տներ, որոնց հաշվառում է` որպես աղքատության նպաստառու: Լիլիթն ասում է, որ հուլիս ամսից տեսուչ Ալլային խնդրում է նպաստը վերականգնել. «Նա երբևէ մեր տուն ոտք չի դրել, բայց որոշել է, որ մենք աղքատ չենք: Երդվում եմ, որ նա մեր տան տեղը չգիտի, այցելության չի եկել, ոչ էլ ստուգել է` մենք աղքա՞տ ենք, թե՞ աղքատությունից մեռնում ենք: Ինձ ընդամենը մի բան ա ասել` ամուսնուդ գրանցի ձեր հասցեի վրա` նոր նպաստ կդասավորենք: Եթե իմ տուն ոտք չի դրել` ո՞նց»:

Բանն այն է, որ ազատամարտիկ Ռոզա Սարգսյանը հանրակացարանի այդ սենյակը ժառանգել է փոքր աղջկան` Լուսինեին, ով հրաժարվում է Գարիկին այդ տան վրա գրանցել` գիտակցելով, որ ալկոհոլիկ դարձած քրոջ ամուսինը կարող է անկանխատեսելի լինել: «Ես քրոջս էլ եմ հասկանում, որովհետև ամուսինս կործանվում ա: Նա շաբաթներով տնից գնում ա, ուզում ա ինքն իրան սպանի: Վախենում ենք, որ կարող ա մի օր էլ էնպես անի, որ փողոցում հայտնվենք»:

Հետաքրքիրն այն է, որ տեսուչն առանց այցելության որոշում է, թե այդ ընտանիքն ի՞նչ գործողություններ պետք է կատարի ընտանեկան նպաստ ստանալու համար: Առանց նրանց կենսապայմաններն ուսումնասիրելու` տեսուչը աղքատության բալային շեմի սկզբունքն ինչպե՞ս է որոշում` դատեք ինքներդ: Եթե անգամ նոր կարգի համաձայն` նպաստառուները պետք է գրանցվեն պետական ռեգիստրում` միևնույն է` այս ընտանիքը ծայրահեղ աղքատ է նույնիսկ Գարիկի չգրանցված լինելու պայմաններում: Բայց ինչպես լինում է սովորաբար` տեսուչները պետական փողերը հատկացնում են այն մարդկանց, ովքեր կեղծ տվյալներ ներկայացնելով` գործարքի մեջ են մտնում անձամբ իրենց հետ: «Ես Ալլային ասում եմ` բա ո՞նց է էսինչն էստեղ չի ապրում, բայց աղքատ եք համարում ու հատկացնում եք: Ասում ա` կարո՞ւմ ես` դու էլ` արա: Փաստորեն, պիտի խաբես, կեղծիք անես, որ կարողանաս ապրել էս երկրում»: Լիլիթը վստահեցնում է, որ յոթ ամսական հղիությունը շատ դժվար է տանում, որի պատճառով չի կարողանում դիմել վերադաս մարմնին: Մեզ խնդրում է օգնել իրեն և իր հետ կատարվող անարդարության մասին լուսաբանել, հակառակ դեպքում` զրկվել են ապրելու միակ միջոցից` պետական նպաստից: «Հասկանո՞ւմ եք, փակուղի է: Ես չգիտեմ` ի՞նչ անել, ես չգիտեմ` ինչպե՞ս վարվել դեռ չծնված երեխայիս հետ: Ես չգիտեմ` ո՞ւմ դիմել պետության տրամադրած օգնությունը վերադարձնելու համար, որի անհրաժեշտությունը ես խիստ ունեմ»,- ասում է նա ու սկսում է նյարդային վիճակից հևալ: Շատերը Լիլիթի պատմությունը կարդալուց հետո հաստատ մտքում նրան դահիճ կանվանեն ու կդատապարտեն նրան` երրորդ երեխան լույս աշխարհ բերելու համար: Կդատապարտեն մի բանի համար, որի համար օր ու գիշեր Լիլիթն ինքն իրեն դատապարտում ու չի ներում: Չի ների, հավանաբար, երկու ամսից ծնվող երեխան:

Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:  Տեսանյութի  և  հրապարակման բովանդակությունը  հեղինակներինն  է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ  կառավարության տեսակետները:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս