Ի վերջո, շուն չէ, մարդ է ոռնում
79-ամյա Մարգարիտա Մուրադյանը 20 տարուց ավելի փախստականի պիտակը շալակած ապրելուց հետո փախստականի կարգավիճակով էլ ճանապարհ կընկնի դեպի էն աշխարհ: Բաքվից փախածներին մեր պետությունը փախստականի կարգավիճակ տվեց, բայց ինքը` պետությունը, փախավ փախստականներից: Փախստականներից շատերն իրենց հետ թաղեցին 88-ից հետո իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները: Ոմանք այսօր էլ իրենց խեղված ճակատագրերի մասին շարունակում են աղաղակել, բայց, քանի որ պետությունը փախած է փախստականներից` նրանք էլ իրենց հետ կտանեն իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները:
Մարգարիտա Մուրադյանը երբեք նեղություն չի տվել այն պետությանը, որն իր ու իր նմաններից «փախած է»: Անգամ որդուն լուռ «զոհաբերել» է` պետության հեղինակության հետ չխաղալու համար: Բանն այն է, որ տարիներ առաջ միակ որդին վիրահատության անհրաժեշտություն է ունեցել: Վիրահատությունը կատարել են (անհրաժեշտության դեպքում կնշենք նաև բուժհաստատության անունը), որից հետո նրա ինքնազգացողությունն ավելի է վատացել և մշտապես գանգատվել է որովայնի ցավերից: Չորս տարի առաջ ստիպված են եղել կրկին վիրահատել, և պարզվել է, որ մեր շատ «ուշադիր ու պրոֆեսիոնալ» բուժաշխատողները վիրաբուժական մկրատն առաջին վիրահատության ժամանակ թողել են հիվանդի օրգանիզմում: Տարիներով օտար մարմնի առկայությունը օրգանիզմի մեջ մնալով` Մարգարիտայի որդու ներքին օրգաններն ախտահարվել են փտախտով:
Չորս տարի առաջ նա մահացել է. «Էլ ի՞նչ, բացեցին, տեսան եքա մկրատը մեջն էին թողել, էլ ի՞նչ կարային անել, փտել էր մարմինը: Մահացավ… Ափալ-թափալ տարան անտերի պես թաղեցին Սովետաշենի անտեր-անտիրականների գերեզմանոցը»,- ասում է Մարգարիտա Մուրադյանը, ով, սակայն, չի փորձել նույնիսկ բժիշկներին պատասխանատվության ենթարկել: Որոշ ժամանակ անց նրա հարազատներից մեկը փորձել է այս պատմության վրա «լույս սփռել», բայց նրան տեղեկացրել են, որ վիրահատող բժիշկը հանրապետությունից վաղուց բացակայում է և այլևս չի աշխատում:
Մարգարիտ Մուրադյանը վախենում է, որովհետև հիմա էլ իր հետ է կրկնվում նույն պատմությունը ու Սովետաշենի «անտերների» գերեզմանոց ճանապարհ ընկնելուց առաջ ուզում է իրեն «փրկել»: Ասում է` «Օգոստոսի 20-ի առավոտյան գնացի Էրեբունու շուկա, պիտի հաց առնեի: Ես ճնշում ունեմ, ճնշումս բարձրացավ, աչքերիս դիմաց սևացավ, ու ընկա: Մենակ էն եմ հիշում, որ լիքը մարդ էր հավաքվել, ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց»: Հիվանդանոցում պարզվել է, որ ոտքի և կողոսկրի կոտրվածք ունի, որը ռենտգեն-ստուգման ենթարկելու համար անմիջապես 5000 դրամ են պահանջել. «Ասեցի` ախր ես միայնակ թոշակառու եմ, փող չունեմգ»:
Այնուամենայնիվ, հիվանդանոց է եկել տիկին Մարգարիտայի ազգականը, ով մտավոր հետամնացություն ունի, սակայն բուժաշխատողների հետ շփվելուց հետո` կարող ենք ենթադրել, որ առաջիկայում նաև նյարդային խնդիրներ էլ կունենա (այս հրապարակումը պատրաստելու համար մարդկային, մասնավորապես` առողջապահական վայ քաղաքականության հետևանքով ամեն դեպքում մենք նման «նոպաներ» ունեցանք): Ինչևէ, կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխված միայնակ թոշակառուին ռենտգեն անելուց հետո տեղեկացրել են, որ վիրահատություն կատարելու անհրաժեշտություն կա, որի համար մոտ 1000 դոլար գումար է պետք:
Տիկին Մարգարիտայի ազգականն ասում է, որ բժշկին տեղեկացրել է նրա ծայրահեղ ծանր սոցիալական պայմանների մասին և նշել է, որ` լինելով նրա միակ հարազատը, ինքն էլ անապահով ու աղքատ է: «Հիվանդանոց մտած-չմտած մեկը` 5000, էն մյուսը` 7000, էն մեկը` պալատի փող: Մարդը ցավից ոռնում ա, իսկ սրանք` թվեր ա, որ ասում են»,- բարկացած ասում է Կիմը, ով վստահեցնում է, որ տիկին Մարգարիտան` հասկանալով, որ անվճար իրեն չեն բուժելու, իր կամքով ցանկացել է դուրս գրվել հիվանդանոցից:
Նշենք, որ հիվանդի ոտքը միայն գիպս տեղադրելով` ճանապարհել են տուն, այսինքն` չեն ճանապարհել. «Ասեցին` շտապօգնություն կանչե՞նք` ձեզ տուն տանեն: Ասեցի` հա, դե անհնար ա սենց շարժվել, նասիլկայով պիտի տեղափոխեն»: Շտապօգնության մեքենայով տիկին Մարգարիտային ընդամենը մի երկու կանգառ հեռավորության վրա գտնվող Վարդաշենի հանրակացարան են տեղափոխել, որտեղ սոսկալի պայմաններում ապրում է տարեց կինը: Ասում է` «Ինձ բերեցին տուն ու ասում են` պիտի 7000 դրամ վճարես: Ասում եմ` ախր հասկացեք, ես մի դրամ չունեմ: Սկսեցին գոռգոռալ, վիրավորել, ամբողջ շենքը թափվեց էստեղ: Բա` պարտավոր ես 7000 դրամ վճարել: Ասում եմ` հիվանդանոցն էս շենքից մի քանի կիլոմետր ա հեռու, ընդամենը մի քանի կանգառ եք եկել, ինչի՞ եք աղմուկ բարձրացնում: Ինչ ասես չասեցին, հարևաններս եկան, ամոթանք տվեցին, ասեցին` դուք իրավունք չունեք հիվանդի հետ նման կերպ վերաբերվել, մենք կահազանգենք` ուր պետքն է: Նոր ձենները կտրեցին ու գնացին»:
Արդեն 14 օր է` տիկին Մարգարիտան անօգնական, անշարժ գամված է անկողնուն: Հարևաններն ահազանգել են խմբագրություն` նրան ինչ-որ կերպ աջակցելու խնդրանքով: Ասում են` ամբողջ գիշեր միայնակ կնոջ «ոռնոցը» լսում են, աչք չի փակում:
Տիկին Մարգարիտայի թևերակներն այտուցված, կապտած են: Ինքն է ցավազրկող ներարկում իր մարմին: «Բա ի՞նչ անեմ… Ո՞ւմ մի բան խնդրեմ, ամեն ասեղը գին ունի, ո՞վ ինձ ձրի դեղ կսրսկի»,- ասում է նա:
Առաջարկում եմ տեղափոխվել հիվանդանոց` հորդորելով, որ կոտրվածքներով առանց բժշկական հսկողության օրերով պառկելը վտանգավոր է: Հրաժարվում է` «Ես չեմ գնա նրանց դուռը: Տեսանք, թե ոնց վերաբերվեցին: Չէ, չէ, մի տանջի ինձ, էլ չեմ ուզում էդ մուննաթը քաշեմ: Խնամող էլ չունեմ, վրես նայող չի լինի»: Տիկին Մարգարիտան այնքան վիրավորված է, որ նրան համոզելն անհնար է: Ասում է` զանգահարել են Էրեբունի զանգվածի պոլիկլինիկա, կանչ են գրել` խնդրելով տրավմատոլոգ մասնագետի ուղարկել. «Ես չեմ կարողանում անգամ մի շարժում անել, դրա համար խնդրեցի մասնագետ ուղարկել, գոնե հասկանանք` ինչ վիճակում եմ: Ասեցին` արձակուրդում ա, ամսի 3-ին կգա: Էդքան դիմացա` հույս ունենալով, որ գոնե պոլիկլինիկայի բժիշկը տնային պայմաններում կնայի, կօգնի: Էսօր զանգել եմ, ասում ա` չէ, ամսի 12-ին ա գալու: Ես ո՞նց էդքան դիմանամ, լավ, ասեք: Ախր, էդ պոլիկլինիկաներում իրար փոխարինող չկա՞: Եթե բժիշկը գնում ա արձակուրդ, հիվանդը պիտի մեռնի՞»:
Նրա ազգականը` Կիմը, անելանելի վիճակում է, չգիտի` ինչպես դատարկ գրպաններով օգնել տիկին Մարգարիտային, ինչ էլ ուներ, թողել է ընդամենը մի քանի ժամ հիվանդանոցում պառկած տիկին Մարգարիտային «բուժօգնություն» ցուցաբերած բժիշկներին: Ասում է` «Զանգեցի շտապօգնություն, խնդրեցի, ասում եմ` հնարավոր չէ՞ բրիգադ ուղարկեք, տնային պայմաններում ռենտգեն անեն ու տեսնեն` ինչ վիճակում ա: Ասում ա` հնարավոր ա: Փորձից ելնելով` արդեն զգուշավոր էի, հարցրեցի` վճարովի՞ ա: Ասեց` հա, ես համար կտամ, կզանգեք, իրանք կգան` կանեն, 14.000 դրամ ա ռենտգենը»: Ասվածն ապացուցելու համար Կիմը մեր ներկայությամբ կրկին զանգահարեց շտապօգնություն և միացրեց բարձրախոսը: Պատասխանեցին նույն բանը:
Միայն հասկացանք, որ շտապօգնությունից տրամադրում են «Նյու-Մեդ» կոչվող կենտրոնի համարը, որոնք տնային պայմաններում ռենտգեն են իրականացնում: Շտապօգնությունից Կիմի հարցերին ի պատասխան` շեշտեցին, որ այդ հեռախոսահամարը պատկանում է մասնավոր մի հաստատության, իսկ պետականորեն նման ծառայություն չի իրականացվում: Ի դեպ, հեռախոսազանգը սպասարկողը Կիմի բազում հարցերից հետո, ով նկարագրում էր հիվանդի ծանր վիճակը, չհետաքրքրվեց հիվանդով և չառաջարկեց նրան հիվանդանոց տեղափոխելու համար բժշկական խումբ ուղարկել:
Ի՞նչ է ստացվում, միայնակ թոշակառու, աղքատության նպաստների ցանկում ընդգրկված, հիպերտոնիկ, կոտրվածքներով Մարգարիտա Մուրադյանին ճանապարհել են տուն` մեռնելու, որտեղից ուղիղ ճանապարհով կուղարկեն Սովետաշեն` անտերների գերեզմանոց: Ի՞նչ է ստացվում…
Ստացվում է` փախստականներից փախած մեր պետությունը հույժ կարևոր գործով է զբաղված` առավոտից իրիկուն դատապարտում է Հունգարիայից արտահանձնված ու ներում ստացած Ռամիլ Սաֆարովի շուրջ կատարվող գործողությունները: Պետությունը դատապարտում է այն կացինը, որով հայ են սպանել, բայց պետությունը նույն կացինն է հենց Մարգարիտա Մուրադյանների համար, որոնք ավելի շատ են, քան կարող ենք պատկերացնել:
Այս պատմությունը հրապարակելուց առաջ մենք փորձեցինք անձամբ օգնություն խնդրել` Մ. Մուրադյանին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև` խնամքը կազմակերպելու համար:
Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից հետաքրքրվեցինք` միայնակ թոշակառու, նպաստառու այս կնոջը, որը փողոցում կորցրել է գիտակցությունն ու ընկնելով` կոտրվածքներ է ստացել, արդյո՞ք անվճար բուժօգնություն ցուցաբերել չէին կարող: Մասնակի նկարագրեցինք դեպքը: Որոշ ժամանակ անց Ա. Հայթայանն ի պատասխան` տեղեկացրեց, որ` եթե բաց կոտրվածք է, եթե փակ կոտրվածք է, եթե թոշակառու է, եթե նպաստառու է… եթե սա է, եթե նա էգ
Մի խոսքով` ասաց, որ համավճարի սկզբունքով պետք է բուժօգնություն ցույց տան: Իսկ եթե մարդը անշարժ գամված է անկողնուն, ցավերից ոռնում է, խնամող չունի, փող չունի, դեպքի վայրից տեղափոխել են անցորդները, շտապօգնության բրիգադով… Իսկ եթե նման դեպք է` պետպատվերը չի՞ գործում: Պետպատվերի համար, պարզվում է` պետք է պոլիկլինիկայի բժիշկն ուղեգիր տա, իսկ եթե պոլիկլինիկայի բժիշկը արձակուրդում է… Նա պետք է աշխատանքի ներկայանար այսօր, բայց հնարավոր է` վաղը կամ վաղը չէ մյուս օրը… Մի խոսքով` «Իսկ, եթե բժիշկն արձակուրդում է, այ չեմ կարող ասելգ»:
Զանգահարեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» (պետական ոչ առևտրային կազմակերպություն): Նկարագրեցինք Մ. Մուրադյանի ծանր վիճակը, մատնանշեցինք հասցեն, ասացինք, որ խնամքի կարիք ունի, նույնիսկ շեշտեցինք, որ հիվանդն օրերով հաց չի ուտում, որովհետև անշարժ է, չի կարող զուգարան գնալ:
Ի պատասխան` նույն անտարբերությամբ հորդորեցին զանգահարել այլ կազմակերպություն: Հիշեցրինք, որ դիմել ենք պետական հովանավորությամբ գործող կառույցի: Կրկին ասացին, որ նախ` անհրաժեշտ է հիվանդի տվյալները հավաքագրել, անձնական պատմություն ստեղծել: Մեր դիտարկմանը, թե դա անելու համար պետք է տեղից շարժվել, գնալ-տեսնել հիվանդի պայմաններն ու վիճակը, մեր զանգին պատասխանող կինը նշեց, որ անձնական տվյալները հավաքագրելու համար մոտ մեկ ամիս ժամանակ է պետք, և այդ տվյալները նախ` պետք է հավաքեն «Փարոս» համակարգի գրասենյակում, հետո եսիմ որտեղ…
Մի խոսքով` սոցիալական սպասարկման կենտրոնի աշխատակիցն էլ հանգիստ խղճով կգնա տուն: Ու բոլորն էլ հանգիստ խղճով կգնան տուն` չլսելով տիկին Մարգարիտայի ոռնոցն ու չտեսնելով նրա անմարդկային վիճակը:
Այսքանից հետո հասկանում ես, թե ինչու են շարքային քաղաքացիներն ամենուրեք հայտարարում, որ թքած ունեն առողջապահական ու սոցիալական քաղաքականություն մշակողների, կարգ ու կանոնի, համավճարների ու վճարների վրա: Երեկ ամբողջ օրը ահազանգում էինք բոլոր հնարավոր կառույցներին` խնդրելով ձեռք մեկնել հիվանդ կնոջը, բայց պարզվում է` պետությունը` միայն փախստականներից չէ, բոլորիցս է փախած: Ի վերջո, շուն չէ, մարդ է ոռնում…
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: