Մանկատների և ծերանոցների տնօրենները` հնարավոր խախտումների մասին
««Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պահանջել է նախորդ տարիների փաստաթղթերը և ըստ դրանց է ստուգել՝ խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ինտերնատից՝ անդրադառնալով Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի` սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրություններին:
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից մեզ նաև վստահեցրին, թե, իրենց խախտումներ չեն գրանցվել:
«Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արսեն Պետրոսյանի հաղորդմամբ էլ՝ ինտերնատը ևս Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը: Նա նշում է, որ չգիտի՝ տուն-ինտերնատում խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ. «Այս պահին մենք չգիտենք՝ ում մասին է խոսքը, դեռ անհատապես չեն ասել: Դրա համար չեմ կարող պատասխանել»,- ասաց Ա. Պետրոսյանը:
«Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գնումների գործընթացի կազմակերպման փաստաթղթերը մանկատունը ներկայացրել է ՏՄՊՊՀ: «Կարծում եմ, որ մեզ մոտ խախտումներ չեն արձանագրվել: Նրանք նշում են, որ գները շուկայականից բարձր են եղել: Այդ ո՞ր շուկայի թիվն է վերցրած: Ինձ համար որոշ բաներ հարցական են: Մենք ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում, և մեր գնային քաղաքականությունը նորմալ է եղել»,- ասաց մանկատան տնօրենը:
Ըստ նրա՝ գրանցվում են կասկածելի վարքով շատ կազմակերպություններ. «Եթե ուզենաս գտնես իր օֆիսի տեղը, չես կարող: Կոնկրետ սննդի մասով մենք 136 հոգու նամակ ենք գրել, հրավեր ենք ուղարկել: Այս տարի եկել են չորսը: Կա՛մ իրենց համար գրավիչ չի, կա՛մ չգիտեմ՝ ինչի համար են գրանցվել»,- ասաց նա:
Ըստ Հարություն Բալասանյանի` մանկատների գործառույթը չպետք է լինի գնումներով զբաղվելը: Նրա խոսքով` մանկատան ուղղակի գործառույթը երեխաների առողջական, սոցիալական խնդիրները լուծելն ու նրանց առօրյան կազմակերպելը պետք է լինի: «Ստացվում է, որ մանկատները սնունդ կամ լվացքի փոշի սպառող կազմակերպություններ են, և այդ կոնտեքստում նրանց պետք է դիտարկել: Ես այսօր 300 երեխայի խնամակալ եմ և դրանց համար պատասխանատու եմ»,- հավելեց Հարություն Բալասանյանը:
«Ֆրիտիոֆ Նանսենի» գիշերօթիկ հաստատության գլխավոր հաշվապահ Կարինե Այվազյանի փոխանցմամբ` իրենց մոտ ստուգումներ անցկացվել են նախորդ շաբաթ. «Անցած շաբաթ երկու օր ստուգումներ անցկացրել էին Հայաստանի վերահսկիչ պալատից: Ստուգումներն անցկացրել են ու մեզ ոչ մի բան դեռ չեն ասել, բայց մեզ մոտ խախտումներ չեն եղել, գների տարբերություն չի եղել»:
Գյումրու «Երեխաների տուն» մանկատնից էլ 168.am-ին տեղեկացրին, որ իրենք նույնպես խախտումներ թույլ չեն տվել:
168.am-ը փորձեց զրուցել նաև «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի հետ: Այնտեղից, սակայն, մեզ ասացին, որ տեղեկություններ կարող են տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՏՄՊՊՀ-ն հրապարակել էր մանկատներում և ծերանոցներում պետգնումների շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքները: Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների՝ մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպքեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով, տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է ներքին համաձայնության մասին:
Արձանագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նույն ընկերությունը մի մրցույթում հաղթել է և կարտոֆիլը մատակարարել 300 դրամով, իսկ հենց նույն ընթացքում տեղի ունեցած մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն կարտոֆիլի համար առաջարկելով 70%-ով ավելի բարձր գին՝ 500 դրամ: Արդյունքում վերջին մրցույթում հաղթող է ճանաչվել այդ ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ կարտոֆիլը մատակարարելով իր համար բավական շահավետ՝ 320 դրամ արժեքով: Որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից մինչև անգամ 200%-ով բարձր արժեքով:
ՏՄՊՊՀ-ի նախնական ուսումնասիրության արդյունքների համաձայն՝
մատակարար հանդիսացող մի քանի ընկերություններ պետգնումների շրջանակում նախապես միմյանց հետ համաձայնեցրել են, թե տվյալ մրցույթում ինչ գին պետք է առաջարկեն: Ըստ էության, շուկան բաժանելով միմյանց միջև՝ նրանք հաջորդաբար հաղթել են տարբեր մրցույթներում։
Մատակարար ընկերությունների և սոցհաստատությունների նման վարքագծի հետևանքով սամանափակվել է մրցակցությունը, ապրանքները մատակարարվել են դրանց շուկայական գներից բարձր գներով և արդյունքում՝ տեղի է ունեցել պետական բյուջեից հատկացվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործում: