Բաժիններ՝

Ի՞նչ վտանգ, ի՞նչ ռիսկ

ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասել է, որ 2013թ. պետական բյուջեի կատարմանը սպառնող որևէ վտանգ չի սպառնում, ներառյալ՝ նախագահական ընտրություները։ Գ. Մինասյանն այլ հետաքրքիր բաներ էլ է ասել՝ տնտեսական աճի, դիվերսիֆիկացված տնտեսության և պետական պարտքի մասին։

Այդուհանդերձ, վտանգների մասին մի քանի նկատառում կարելի է անել։ Մասնավորապես, Գ. Մինասյանին լսելուց հետո՝ հարց է առաջանում՝ եթե վտանգներն ի սկզբանե բացառվում են, ինչո՞ւ է 2013թ. բյուջետային ուղերձում մի առանձին բաժին հատկացված «Բյուջեի կառավարման ռիսկերին և դրանց կառավարման հնարավորություններին”

Այնտեղ օրինակ նշված է. « Հայաստանը, լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր, առավել զգայուն է ար­տաքին հատվածից փոխանցվող ազդակներին: Այս առումով ՀՀ տնտեսության և պետական բյուջեով նախատեսվող հոսքերի վրա հիմնական ազդեցությունները կարող են ի հայտ գալ  Եվրոմիությունում պարտքային ճգնաժամի խորացման արդյունքում: Նման իրավիճակը ուղ­ղակիորեն և անուղղակիորեն կարող է անդրադառնալ տնտեսական աճի, գնաճային միջա­վայրի, փոխարժեքի և այլ մակրոտնտե­սական ցուցանիշների վրա, որոնք էական ազդեցություն են ունենում բյուջեի հոսքերի վրա »:

Կամ այս մեկը. «Որոշակիորեն կարող է դանդաղել նաև օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան: Արտարժութային ներհոսքի կրճատման և ԱՄՆ կողմից բյուջեի պակասուրդի կրճատման քաղաքականության արդյունքում դոլարի ուժեղացման պարագայում կարող են ի հայտ գալ նաև փոխարժեքի արժեզրկման ռիսկեր»:

Կարդացեք նաև

Կամ սա. «Ըստ միջազգային փորձագետների գնահատականների, դոմինոյի էֆեկտով Եվրոմիության ճգնաժամը կարող է տարածվել հատկապես Եվրոմիության հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների վրա, այդ թվում նաև Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալ և տրանսֆերտային հոսքերը Հայաստան: Այս ճանապարհով ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել: Եվրոմիությունից Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը հիմնականում կփոխանցվի նավթի գների նվազման ճանապարհով: Ընդ որում, հաշվի առնելով նաև միջին արևելքի աշխարհաքաղաքական  ռիսկերի թուլացումը, նավթի արդյունահանման ծավալների աճի ավելի բարձր տեմպերը նավթի գների նվազման ռիսկը այս պահին ԱՄՀ փորջագետների կողմից գնահատվում է բարձր: Նավթի գների նվազման արդյունքում կարող է նվազել Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը, ինչը կպայմանավորի նաև Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների աճի տեմպերի դանդաղումը: Արդյունքում, վերջինս ազդեցություն կունենա ինչպես ներքին պահանջարկի նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղման վրա, այնպես էլ փոխարժեքի վրա: Վերը նկարագրված ռիսկերը կարող են շեղումներ մտցնել բյուջեի բազային սցենարի հիմքում ընկած կանխատեսումներում և ենթադրություններում, ինչն էլ կարող է անդրադառնալ բյուջեի նախատեսված հոսքերի վրա » (ռիսկերի մասին ամբողջությամբ կարող եք կարդալ նշված հղումով)։

Միգուցե ավելի ճիշտ լիներ մի քանի էջանոց այդ մասնագիտական հաշվարկների փոխարեն պարզապես ներկայացնել Գ. Մինասյանի կարծիքը։ Եվ ռեսուրս կխնայեին, և ավելի լավատեսական երանգ կհաղորդեին ուղերձին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս