Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել հայկական և ադրբեջանական հասարակությունների լուսավորման ճանապարհով
168.am-ի հարցազրույցը Ադրբեջանի «Ժողճակատի» հիմնադիր անդամ, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հետ
– Հայաստանում ձևավորվել է տեսակետ, որ ադրբեջանական հասարակությունն արդարացնում է Ռամիլ Սաֆարովի արարքը` այն համարելով ընդօրինակման արժանի: Արդյո՞ք դա համընդհանուր տեսակետ է:
– Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական հասարակություններում կան սխալ ստերեոտիպեր միմյանց մասին: Ադրբեջանում կա տեսակետ, որ բոլոր հայերը դաշնակներ են, իսկ ձեզ մոտ կա տեսակետ, որ մեզ մոտ բոլորը ուռռա հայրենասերներ են և զուրկ մտածելու կուլտուրայից, հեռու համամարդկային արժեքներից:
Ադրբեջանական հասարակությունը շատ տարբեր է. կան մարդիկ, ովքեր հավանություն են տալիս նախագահի և կուսակցության կողմից իրականացվող քաղաքականությանը, համարում են, որ այն ամենը, ինչ իրականացնում է երկրի ղեկավարությունը, արվում է հանուն երկրի բարգավաճման և մարդկանց բարեկեցության բարձրացման, և կան մարդիկ, ովքեր քննադատաբար են վերաբերվում այդ ամենին, և կարծում են, որ շատ բաներ կարելի է և պետք է փոխել:
Գիտեմ, որ նույն պատկերն է նաև Հայաստանում: Հասարակության մեջ կա շերտ, որը առաջնորդվում է նախապաշարմունքներով, տարբեր տեսակի վախերով և համարում է, որ Ռամիլ Սաֆարովն իսկապես հերոս է, քանի որ սպանել է հայի: Կան մարդիկ, ովքեր համարում են, որ նա գործել է հանցագործություն, որը այդպիսին լինելով` մեծ վնաս է հասցրել Ադրբեջանի հեղինակությանը, քանի որ այդ արարքը հակասում է և համամարդկային, և իսլամի քարոզած արժեքներին:
Մի մասն էլ՝ համարում է, որ նա իսկապես հանցագործություն է կատարել, բայց կրել է իր պատիժը՝ 8 տարի գտնվելով ազատազրկման մեջ, կարող էր արժանանալ ներման: Սակայն, նույնիսկ այդ դեպքում նրա արարքի հերոսականացումը ոչ մի արդարացում չունի, և դա հսկայական վնաս է հասցնում ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ՝ պետությանը:
– Հայաստանը և Ադրբեջանը կանգնած են նոր պատերազմի եզրին. Հայաստանում ասում են, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ադրբեջանում ասում են, որ ոչ մի դեպքում Ղարաբաղը չի կարող առանձնանալ Ադրբեջանից: Ըստ ձեզ` կա ՞ այլընտրանք պատերազմին:
– Բոլորիս համար էլ պարզ է, որ պատերազմը փոխադարձ կորուստներ է, զոհեր, որ այդ սցենարն անընդունելի է: Հայաստանը պնդում է ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության վրա, Ադրբեջանը՝ պետության տարածքային ամբողջականության: Երկու հարևան ազգերի խաղաղ գոյակցության անհնարինությունն ունի մի քանի պատճառներ. դա այն արխաիկ մտածողությունից է, որը կա մեր երկու հասարակություններում: Երկրորդն այն տնտեսական և քաղաքական շահն է, որ ստանում են երկու երկրների էլիտաները Ղարաբաղյան խնդրի շահարկման արդյունքում, աշխարհաքաղաքական կենտրոնների շահագրգռվածությունն է հակամարտության շարունակականության ապահովման գործում, որից նրանք ստանում են հսկայական քաղաքական և տնտեսական օգուտներ, և, երրորդ, մեր հասարակությունների թուլությունը և անկարողությունը՝ հաղթահարելու այս գործոնները:
Ես մի քանի անգամ գրել եմ. որ չկան աշխարհում թշնամի և անհաշտ ժողովուրդներ: Բոլոր ազգերի պատմության մեջ էլ եղել են դեպքեր, երբ նրանք պատերազմել են միմյանց հետ, հետո գտել են հաշտության եզրեր և շարունակել են իրենց խաղաղ գոյակցությունը: Այդ իմաստով հայ և ադրբեջանցի ժողովուրդները բացառություն չեն:
Ղարաբաղյան հարցը կարող է երկու լուծում ունենալ. առաջինը՝ երկու ազգերի սեպարատ գոյությունն է անընդհատ շարունակվող թշնամության պայմաններում, և այդ պայմաններում` թե Հայաստանում և թե Ադրբեջանում չի կարող լինել ժամանակակից դեմոկրատական կառավարման համակարգ, և երկրորդ ճանապարհն այն է, որ մենք կարողանում ենք հասնել հաշտության, հաստատվում է խաղաղություն, և մեր առջև ճանապարհ է բացվում ժողովրդավարական զարգացման համար:
Այլ ազգերի հակամարտությունների և հաշտեցման փորձը թույլ է տալիս վերցնել հաջողված օրինակները և դրանց վրա կառուցել մեր երկու ժողովուրդների հաշտեցման մոդելը: Կարելի է որոշ դետալներ վերցնել Կոսովոյի լուծման տարբերակից, որոշ դետալներ՝ Ալանդյան կզիների խնդրի լուծումից, կան էլի հաջողված լուծումներ: Կարևորն այն է, որ հասարակությունները գնան հաշտեցման, և սկսվի հասարակական լայն քննարկում հաշտեցման ուղիների շուրջ: Այն ժամանակ, երբ հասարակությունները փոխադարձ մեղադրանքներից անցնեն հաշտեցման և համատեղ խաղաղ գոյակցության ուղիների որոնման քննարկմանը, այդ ժամանակ էլ իսկապես հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը:
– 20 տարի է` բանակցությունները շարունակվում են, և տեսակետների ընդհանրություն չի ձևավորվում: Գուցե բանակցողները լա ՞վը չեն, կամ նրանք ա՞յլ նպատակներ են հետապնդում:
– Դրանք գաղտնի բանակցություններ են, և հայտնի չէ, թե ի ՞նչ են նրանք քննարկում ընդհանրապես: Դա արվում է հատուկ, արվում է իշխանությունների կողմից, միջնորդների հավանությամբ, որի նպատակը հասարակական զանգվածների մանիպուլյացիան է: Եթե դրանք խաղաղությանն ուղղված բանակցություններ են, ապա ինչո ՞ւ են դրանք ուղեկցվում ռազմատենչ հռետորաբանությամբ, սպառազինության մրցավազքով:
Մեր կողմից հայտարարվում է, թե՝ հիմա մենք ձեզ կհաղթենք, ձեր կողմից պատասխանում են, որ՝ զգույշ եղեք՝ ավելի վատ վիճակի մեջ չհայտնվեք: Կարծում եմ, որ խաղաղության ձգտումը և պատերազմական հռետորաբանությունն անհամատեղելի են: Ինչպես մեզ մոտ՝ Ադրբեջանում են ասում, եթե ուզում ես հաշտության մասին խոսել, պետք է լեզվիդ տակ մի կտոր շաքար դնես, պետք է բարի խոսքեր ասես, չպետք է վիրավորես, հայհոյես:
Բայց դա տեղի չի ունենում, քանի որ, ինչպես ասացի, դա ձեռնտու չէ երկու կողմի իշխանություններին: Իմ կարծիքով՝ այն թշնամական գործողությունները, որ տեղի են ունենում սահմանին, մեր և ձեր իշխանությունների կողմից իրար մատուցվող փոխադարձ ծառայություններ են: Օրինակ, եթե Հայաստանի իշխանությանը պետք է մատ թափ տալ Ադրբեջանի վրա, ազգայնականություն և հայրենասիրություն խաղալ, ապա խնդրում են Ադրբեջանի իշխանությանը՝ որևէ պրովոկացիա կազմակերպել, որ դրան պատասխան տան, Հայաստանի իշխանությունը հնարավորություն ունենա ցույց տալ իր մկանները և դրանով լուծել իր ընթացիկ ներքաղաքական հարցերը: Նույնը կատարվում է այն դեպքում, եթե Ադրբեջանի նախագահին և իշխանությանն է պետք հայրենասիրություն խաղալ և ընթացիկ հարցեր լուծել:
– Ուզում եք ասել, որ քանի դեռ երկու երկրներում իշխանությունը չի փոխվել՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումն անհնա՞ր է:
– Ոչ միայն մեր իշխանություններն են շահագրգռված խնդրի չկարգավորմամբ: Մեծ մայրաքաղաքներում նստածները ևս օգտագործում են հակամարտությունն իրենց շահերի համար: Նրանց համար սա լավ հնարավորություն է՝ իրենց ազդեցության տակ պահել ամբողջ տարածաշրջանը: Այն ուժերը, որոնք տիրապետում են հսկայական ֆինանսական, ինֆորմացիոն, մարդկային ռեսուրսների, նրանց ձեռնտու է, որ մենք գտնվենք հավերժ հակամարտության մեջ: Օրինակ, եթե մեզ մոտ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին, ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է: Ինչ-որ մեկին պետք է, չէ՞, որ դրան ի պատասխան՝ հայերը թշնամանքով լցվեն ադրբեջանցիների նկատմամբ: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ հաշտեցման և խաղաղության ուղիների որոնումը ձեռնտու չէ ինչ-որ ուժերի:
Բայց հավատացեք, որ իշխանության կամ իշխանությունը ներկայացնող անձանց փոփոխությունը ոչինչ չի փոխի: Այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունն ինձ համար միևնույն դեմքն ունեն: Ինձ համար կարևոր է, որ հասարակությունները փոխվեն. հայկական և ադրբեջանական հասարակությունները կարիք ունեն լուսավորման, կարիք ունեն ընկալելու և ապրելու ժամանակակից արժեքներով: Քանի դեռ մեր հասարակություններն ապրում են արխաիկ արժեքներով, որը հիմնված է ագրեսիայի, միմյանց նկատմամբ ատելության և անվստահության վրա, Ղարաբաղյան հարցի լուծումն անհնարին է: