Գողը որ տնից լինի, վնասն էլ 3 միլիարդ կլինի
«Սթար» առևտրային ցանցի շուրջ վերջին շրջանում խոսակցությունները չեն դադարում։ Վերջին տեղեկություններն այն մասին էին, որ մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, և նրանց հետ վերջնահաշվարկ չի կատարվել։
Այս լուրերի հետ կապված «Սթարը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ հաստատելով, որ երեկ, Մաշտոցի պողոտա 15/135 հասցեում գործող «Սթար» սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, որի պատճառ է հանդիսացել խանութում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված մեծ պակասուրդը: ««Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը կատարում է իր բոլոր պարտավորությունները` պահպանելով ՀՀ գործող օրենսդրության բոլոր նորմերը»,- ասել է «Սթար» առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների բաժնի տնօրեն Մարիանա Էդիլյանը:
Նշենք, որ «Սթարը», լինելով ամենահին և ամենամեծ սուպերմարկետներից մեկը, միևնույն ժամանակ, ամենախորհրդավորն է։ Օրինակ՝ բոլորը գիտեն, որ «Երևան Սիթին» պատկանում է Սամվել Ալեքսանյանին, ՍԱՍ-ը՝ Արտակ Սարգսյանին։ Իսկ «Սթարի» 100 տոկոս բաժնետոմսերը նախորդ տարվա մարտին վաճառվեցին բրիտանական՝ Վիրջինյան կղզիներում գրանցված «Viest Assets Ltd» ընկերությանը: Այսինքն՝ սեփականատիրոջ հետքերը կորան։
Բոլորովին վերջերս անսպասելի փոխվեց նաև «Սթարի» տնօրենը։ Վահան Քերոբյանին փոխարինեց Տեոդորա Տիչերիչին ։ Քերոբյանը պաշտոնը թողնելուց հետո սկսել է ժամանակ հատկացնել բլոգերությանը, և նրա բլոգի գրառումներից մեկը վերաբերում էր հենց պակասուրդների և Վ.Քերոբյանի պաշտոնանկության կապին։ Բլոգի այցելուներից մեկը հարցրել էր՝ ճի՞շտ է, որ ձեզ «Սթարից» հեռացրել են 120մլն դրամի պակասուրդի համար։ «Ոչ, Սամվել, ինձ չեն հեռացրել: Ես ինքս դուրս եմ եկել, քանի որ սեփական նախաձեռնություններս եմ սկսում, իսկ «Սթարին» էլ նոր ղեկավար էր անհրաժեշտ: Ես և «Սթարի» ներկայիս բաժնետերն ընկերներ ենք և հաճախ շփվում ենք գործնական և ոչ գործնական հարցերով: Իսկ սուպերմարկետային բիզնեսում միշտ պակասուրդներ լինում են՝ բաղկացած հաճախորդների, աշխատակիցների և մատակարարների գողություններից և քաշ գցող ապրանքներից»,- պատասխանել էր Քերոբյանը։
«Սթարի» նախկին տնօրեին հիշելու հերթական առիթը սրանից 4-5 օր առաջ էր։ banks.am կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Սթար» առևտրային ցանցի ներկայիս գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին ասել էր, որ իրենց հիմնական խնդիրն է՝ շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առևտրի ստանդարտներին, միաժամանակ՝ շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ «Սթարը» նախկինում շահութաբեր կամ օրինապաշտ հարկատու չէր։ Այդ հարցի վերաբերյալ 168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերության նախկին տնօրենից։ Վերջինս, սակայն, պատասխանել էր. «Ցավոք, ես «Սթարի» հետ կապված հարցերին այլևս չեմ պատասխանում»։
Օրինապաշտության հարցում ինքնուրույն դատողություններ անել չենք կարող, սակայն շահութաբերության մասով կան համապատասխան տվյալներ։ Օրինակ՝ «Սթարը. 2010 և 2011 թվականներին տեղ է գտել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող՝ տարվա արդյունքներով՝ մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։ 2010թ. «Սթարը» հայտարարագրել է 3.6 միլիարդ դրամի վնաս, 2011-ին՝ 3.2 միլիարդի։ Նախորդ տարում ցանցը շեշտակի կրճատել է նաև բյուջե մուծվող հարկերը։ 2010թ. արդյունքներով «Սթարը» վճարել էր 588.4 միլիոն դրամի հարկեր և տուրքեր և զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցանկի 125-րդ հորիզոնականը։ Իսկ 2011թ. նահանջել է մինչև 300-րդ տեղը՝ հարկերի ծավալը նվազեցնելով մինչև 273.9 միլիոն դրամ։ Զարմանալին այն է, որ վնաս հայտարարագրած ընկերությունն ակտիվորեն ընդլայնվել է. 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք բերեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և «Քեթրին» խանութները, իսկ դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեց այդ ցանցերի կլանման մասին:
Չի բացառվում նաև, որ «Սթարի» նոր ղեկավարությունը փորձում է շահութաբերությունը բարձրացնել աշխատակազմի ծախսերի կրճատման ճանապարհով։