«Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը»
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ
– ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի շուրջ ծավալված վերջին դեպքերից հետո հավանական համարո՞ւմ եք, որ 2013թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կառաջադրի Վ. Օսկանյանի թեկնածությունը:
– Դժվար է ասել: Կախված է նրանից, թե Օսկանյանը հնարավորություն կունենա՞ դնելու իր թեկնածությունը, թե՞ ոչ: Բոլոր դեպքերում շանսեր կան ու միշտ կլինեն: Կախված է նաև նրանից, թե ինչպե՞ս կընթանա դատավարությունը, կուսակցությունը կցանկանա՞ առաջադրել նրան, թե՞ ոչ:
– «ՍիվիլՆեթին» տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել էր` եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իր թեկնածության վրա, ինքը պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Ի՞նչ եք կարծում` Վարդան Օսկանյան թեկնածուն լավագույն տարբերա՞կն է ԲՀԿ-ի համար:
– Կարծում եմ, որպես կանոն, կուսակցություններն իրենց առաջնորդներին են առաջ քաշում: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցությունն իր կազմից ուրիշին առաջադրի: Հնարավոր են դեպքեր, որ որևիցե կուսակցություն մեկ այլ կուսակցության առաջնորդին սատարի. նման դեպքեր շատ են եղել:
– Ավելի հավանական եք համարում, որ ԲՀԿ-ն առաջադրի Գագիկ Ծառուկյանի՞ թեկնածությունը:
– Իհարկե: ԲՀԿ-ն, կարծում եմ, կսատարի կա՛մ գործող նախագահի թեկնածությունը, կա՛մ կառաջադրի Գագիկ Ծառուկյանին:
– Այս ամենից հետո ԲՀԿ-ն կգնա՞ նման քայլի, այսինքն` կսատարի՞ ՀՀԿ առաջնորդին, կվերադառնա՞ կոալիցիա:
– ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն դաշնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ու այդ կետն այնտեղ կար: ԲՀԿ-ն, համենայնդեպս, այդ կետը չի վերանայել: Եթե նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածուին` դա շատ նորմալ կընկալվի: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչքա՞ն հետաքրքիր էր, որ կար ռեալ մրցակցություն: Մեր քաղաքական դաշտն այդ մրցակցության պակասը, անհրաժեշտությունը միշտ զգացել է: Պետք են այնպիսի թեկնածուներ, որ կարողանան հավասարի չափով մրցակցել միմյանց հետ: Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը:
– Հարզազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, թե հիմնական մրցակցությունը գնալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, և նկատել էիք, որ ՀՀԿ-ն առջևում է, քանի որ ունի այն, ինչ չունի ԲՀԿ-ն կամ մյուս կուսակցությունները` ադմինիստրատիվ լծակներ: Ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն, ի՞նչ թեկնածու պետք է առաջադրի, որպեսզի կարողանա որևէ քայլով առաջ անցնել ՀՀԿ-ից կամ գոնե հավասար հարթակում հանդես գա ՀՀԿ-ի հետ:
– Մենք, փաստորեն, ունենք երևացող, ուժեղ երկու կուսակցություններ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, չնայած, որ ՀՀԿ-ն իր քվեներով, ԱԺ ներկայացուցիչների թվով գերազանցում է ԲՀԿ-ին: Բոլոր դեպքերում, ընտրությունները ոչ միայն ծրագրերի ու գաղափարների, այլև ռեսուրսների պայքար են: ԲՀԿ ցանկացած թեկնածու` լինի դա Վարդան Օսկանյանը թե Գագիկ Ծառուկյանը, ռեալ մրցակիցներ կլինեն գործող նախագահին:
– Փաստորեն, կկարևորվեն կուսակցություննե՞րը, և ո՞չ թե անձերը:
– Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը` բնական է, որ կներդրվեն մաքսիմալ միջոցներ, իսկ եթե առաջադրվի մեկ այլ անդամ, դժվար կարելի է ակնկալել նույն չափի ներդրումներ:
– Ի՞նչ կարծիք ունեք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած վարկանշային նախնական տվյալների մասին, ըստ որոնց` ընդդիմադիր դաշտում մեծ շանսեր ունի Գագիկ Ծառուկյանը, իսկ իշխանամետ դաշտում` գործող նախագահը:
– Այդ հարցումները ժամանակավրեպ են: Դեռ շատ շուտ է նման հարցումներ անելը: Ընտրազանգվածը դեռ կողմնորոշված չէ: Վաղ է նաև այն պարզ պատճառով, որ թեկնածուները դեռ առաջադրված չեն: Մենք չգիտենք, թե ԲՀԿ-ն ի՞նչ կանի` կսատարի նախագահի՞ն, թե՞ հանդես կգա սեփական թեկնածուով, առաջ կքաշի Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանին: Դաշտը դեռ ձևավորված չէ, նման հարցումներն անելն անիմաստ զբաղմունք եմ համարում:
– Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու շանսերը որքա՞ն եք գնահատում:
– Դե, դա պետք է իրենից հարցնեք: Բայց մենք ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքական գործիչները որոշ ժամանակ անց վերադարձել են քաղաքականություն, ինչպես` Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը: Դրանք անհավանական կամ անհավատալի երևույթներ չեն, հնարավոր է, որ էլի կլինի:
– Որքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն սատարի ՀՀ երկրորդ նախագահի թեկնածությունը:
– Ցանկացած թեկնածու ուժեղ է, երբ իրեն սատարում է ինչ-որ կուսակցություն, թեպետ մենք ունենք դեպքեր, որ մարդիկ իրենց են առաջ քաշում: Այս ընտրարշավում ևս կունենանք ինքնառաջադրված դեպքեր` մի երկու-երեք թեկնածու: Բայց լուրջ մրցակցություն կարող են ապահովել այն կուսակցությունները, որոնց թիկունքում ուժեղ քաղաքական ուժեր են կանգնած` իրենց միջոցներով, կառույցներով, այդ թվում մարզերում, գյուղերում: Ցանկացած լուրջ քաղաքական գործիչ կմտածի այն մասին, որ ոչ թե իրեն առաջ քաշի, այլ լինի կուսակցական հենարան:
– Հաշվի առնելով ԲՀԿ-ի մրցակցային դիրքերը` հավանական համարո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը սատարի ԲՀԿ-ին:
– Իհարկե, հնարավոր է:
– Իսկ ո՞րն է ՀԱԿ-ի օգուտը:
– ՀԱԿ-ը պայքարում է ներկայիս իշխանությունների դեմ, և ցանկացած այն թեկնածուն, որ ՀԱԿ-ին կթվա ուժեղ ու հաղթելու հնարավորություն ունեցող` կսատարեն նրան, ով կարող է այս իշխանություններին փոխել:
– Ընդդիմության համար նախագահական ընտրություններում ներկայանալու ամենաշահեկան ձևաչափը ո՞րը կլինի:
– Անշուշտ, շահեկան կլիներ միասնական թեկնածուով հանդես գալը: Բայց պատմությունը վկայում է այն մասին, որ մեր ընդդիմությունն այնքան տարբեր է, այնքան ամբիցիոզ է, որ այդպես էլ իրենք չկարողացան, ու, համոզված եմ` հիմա էլ չեն կարողանա առաջ քաշել մեկ թեկնածու: Եթե գոնե խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները հանդես գային մեկ թեկնածուով, բնականաբար, կշահեին, բայց տեսնում եմ, որ չեն գա ընդհանուր եզրակացության:
– Իսկ Ձեր սոցիոլոգիական հարցմանը ե՞րբ կարող ենք ծանոթանալ: Ինչո՞ւ մինչև հիմա չկա: Պատվիրատուներ չկա՞ն:
– Ես մտադիր չեմ թեկուզ մինչև նոյեմբերի վերջ արդյունքներ հրապարակել: Քաղաքական դաշտը ձևավորված չէ, դա կլինի ռեսուրսների անիմաստ վատնում: Ինչ վերաբերում է պատվիրատուներին, կարծում եմ, որ ոչ մի լուրջ պատվիրատու հիմա պատվերներ չի տա: