«Հայաստան, Արցախ այցելելն իմ վաղեմի երազանքն է»

Ասում է բուլղարացի լուսանկարիչ Յուլիան Անգելովը

Յուլիան Անգելովը բուլղարացի լուսանկարիչ, պատմաբան, ֆոտոլրագրող և ճանապարհորդ է (տես` կայքէջը): Ավարտել է Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետը: Սովորել է նաև Բուլղարիայի Թատրոնի և կինոյի ազգային ակադեմիային կից գեղարվեստական լուսանկարչության դպրոցում: Վերջին տարիներին Յուլիանն իր ճամփորդությունների ընթացքում լուսանկարում է հայկական մշակութային կոթողները, տարբեր երկրներում բնակվող հայերին: Նա 2004թ. Թուրքիայի կողմից Արարատ սարն է բարձրացել և երազում է այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

«Բուլղարիայում ՀՀ դեսպանատան չինովնիկների նման անտարբեր վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է»

– Յուլիան, քո հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. ճամփորդում ես տարբեր երկրներով, ուսումնասիրում տարբեր ազգերի պատմությունը, մշակույթը, լեզուն, լուսանկարչական ցուցահանդեսներ ես անում, գրքեր ու հոդվածներ գրում… Եվ քո գլխավոր հետաքրքրություններից մեկը հայերն ու հայկական մշակույթն են: Ավանդական հայկական հարց. ինչո՞ւ հենց հայերը:

– Նախ` հայերն աշխարհի հնագույն ազգերից մեկն են, իսկ ես, որպես պատմաբան, թուլություն ունեմ ամեն հնի նկատմամբ: 2-րդ` հայկական մշակույթը չափազանց ինքնատիպ է: Ես շատ երկրներում եմ եղել, որտեղ հայեր են բնակվում, և ինձ միշտ թվացել է, թե այս ազգն ապրում է մի ուրիշ` այլ չափման մեջ. հայկական մշակույթը շատ արտիստիկ է, ամեն ինչը` եկեղեցիները, տները, շենքերը, ազգային տարազը, ստեղծված են սիրով ու շատ էսթետիկ են: Իսկ դա շատ բան է ասում այս ազգի ոգու ուժի մասին:

– Ի՞նչ ցուցահանդեսներ ես ունեցել` կապված հայկական թեմատիկայի հետ:

– Բուլղարահայերի հետ առաջին ծանոթությունս եղել է չորս տարի առաջ` Սիլիստրայում (Ա.Ք.- հայաշատ քաղաք է Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ գտնվում է Բուլղարիայում ամենահին հայկական եկեղեցին)` Սուրբ Աստվածածին (հայերեն է ասում.- Ա.Ք.) տոնի ժամանակ: Ես լուսանկարներն ու տոնի մասին հոդվածը տպագրեցի բուլղարական ամսագրերից մեկում, ու դրանից հետո Սիլիստրայի հայ համայնքն ինձ առաջարկեց շարունակել բուլղարահայերի պատմությամբ ու մշակույթով զբաղվել: Ավելի ուշ միտք ծագեց մի մեծ ֆոտոնախագիծ անել բուլղարահայերի մասին:

Մոտ կես տարվա աշխատանքից հետո կազմակերպվեց «Հայերի տոներն ու առօրյան» ցուցահանդեսը: Այն ժամանակ Բուլղարիայում Հայաստանի դեսպան, այժմ` Հայաստանի փոխարտգործնախարար պրն Սերգեյ Մանասարյանի աջակցությամբ այս ցուցահանդեսը ներկայացվեց Բուլղարիայի մի քանի խոշոր քաղաքներում` Սոֆիայում, Պլովդիվում, Սիլիստրայում, Ռազգրադում և այլուր: Ցավոք, հանգամանքների բերումով այս գործը կիսատ մնաց…

– Դու հայերին ու հայկական մշակույթի հուշարձանները լուսանկարում ես ոչ միայն քո հայրենիքում` Բուլղարիայում, այլև այն երկրներում, որտեղ լինում ես` Իսրայելում, Իրանում, Թուրքիայում, Հորդանանում..: Կպատմե՞ս մի քիչ այդ մասին. ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

– Տարբեր երկրներում հայ համայնքները որոշակի առանձնահատկություններ ու տարբերություններ ունեն, ինչը պայմանավորված է այդ երկրների ու ազգերի ազդեցությամբ: Ու չնայած դրան` հայոց եկեղեցիներում երգվող շարականների ձայնը, համն ու հոտը, սրբանկարները, հայերի բարեհամբույր վերաբերմունքն ու հյուրընկալությունն ամեն տեղ նույնն են: Բայց թերևս ամենաշատն ինձ վրա տպավորություն է գործել Իրանի հայ համայնքը` արտակարգ մարդիկ, որ պահպանել են հայի ոգին ու իրենց ավանդույթները: Թեհրանի նման հսկայական ու աղմկոտ
քաղաքում հայկական եկեղեցիներն ու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից թանգարանն ինձ համար լռության, խաղաղության ու գեղեցիկի օազիս էին: Երբեք չեմ տեսել այդպիսի սիրով պահպանվող թանգարան ու այդքան բացսիրտ մարդիկ:

– Ինձ համար գիտե՞ս ինչն է ամենատարօրինակը, որ դու անգամ Արարատի գագաթն ես բարձրացել ու լուսանկարել Թուրքիայի կողմից, բայց ոչ մի անգամ չես եղել Հայաստանում: Ինչո՞ւ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Վերջին ժամանակներս շատ զբաղված եմ մի քանի խոշոր նախագծերով: Բայց Հայաստան ու Արցախ այցելելն իմ վաղեմի երազանքն է: Հույս ունեմ` մոտ ապագայում այն կիրագործեմ: Ինչ վերաբերում է Արարատին, ասեմ, որ 2004թ.-ին եմ բարձրացել նրա գագաթը: Եվ ինձ համար մեծ անակնկալ էր, երբ տեսա, որ Հայաստանի կողմից արված լուսանկարներում Մեծ ու Փոքր Մասիսները ճիշտ հակառակ կողմից են երևում:

– Ասացիր, որ նախկին դեսպանի օրոք Բուլղարիայում Հայաստանի դեսպանատունն ամեն կերպ աջակցում էր քեզ ու քո նախագծերին: Ի՞նչն է հիմա փոխվել:

– Այո, 2008-2009թթ., երբ նոր էի սկսում նախագիծը, դեսպան Սերգեյ Մանասարյանը, նրա խորհրդական տիկ. Հասմիկ Դաշտոյանը, Բուլղարիայի հայկական մի շարք կազմակերպություններ ինձ շատ էին օգնում: Եվ խոսքը ոչ միայն ֆինանսական աջակցության մասին է, այլև բարոյական: Ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում բավականին բան է փոխվել: Նոր դեսպանն ու դեսպանատան պատասխանատու աշխատակիցները ոչ մի բանով չեն աջակցում: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում և չի կարող օգնել ողջ Սփյուռքին: Բայց այս նախագիծն իրականացնելու համար այլ տարբերակներ ևս կան` եվրոպական տարբեր հիմնադրամներ, սփյուռքի հայկական կազմակերպությունները, հայկական բիզնեսի ներկայացուցիչները…:

Սակայն ոչինչ չի արվում: Օրինակ` ինձ մերժեցին երաշխավորագիր-նամակ տալ, որով իրավունք կունենայի Բուլղարիայի պետական արխիվում ուսումնասիրել Ցեղասպանությունից հետո Բուլղարիա գաղթած հայերի մասին արխիվային փաստաթղթերն ու նյութերը: Ես ուզում էի դրանք լույս ընծայել մի մեծ գիրք-ալբոմով: Կարծում եմ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին շատ կարևոր է, որ այս հարցը ներկայացվի ողջ աշխարհում: Բուլղարիայում Հայաստանի դեսպանատան չինովնիկների նման անտարբեր վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է ու անտրամաբանական:
Եվ սա միակ խնդիրը չէ:

Ներկայիս դեսպան պրն Արսեն Սհոյանի և մշակույթի հարցերով նրա խորհրդական տիկ. Սահակյանի հետ երկար ժամանակ քննարկում էինք Երևանում իմ ցուցահանդեսը ներկայացնելու հարցը: Մեկ տարուց ավելի տևած քննարկումներից հետո դեսպանատնից հայտնեցին, որ ցուցահանդեսը համարյա (!) պատրաստ է ներկայացվելու Երևանում, բայց ծախսերի մեծ մասը ես պիտի հոգամ: Կարծում եմ` իրեն և իր աշխատանքը հարգող յուրաքանչյուր մարդ այսպիսի առաջարկն իբրև վիրավորանք կընդուներ:

– Դու միշտ մասնակցում ես հայկական բոլոր տոներին, այդ թվում` և եկեղեցական, բազմաթիվ լուսանկարներ ունես, որոնք կան նաև քո կայքում: Բայց նախնական զրույցի ժամանակ ասացիր, որ հիմա ինչ-որ խնդիրներ են ծագել:

– Տհաճ է այդ մասին խոսելը, բայց… Բուլղարիայում հայոց թեմի ներկայիս առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը չափազանց տարօրինակ դիրքորոշում ունի. նա համարում է, որ հայկական մշակույթը տաբու պետք է լինի բոլոր ոչ հայերի համար: Հակառակ իմ հսկայական աշխատանքին, որ այս չորս տարիների ընթացքում արել եմ հայ մշակույթն ու պատմությունը ներկայացնելու համար, նա միանգամայն անհարգալից վերաբերմունք է դրսևորում իմ նկատմամբ: Անցած տարի Վարդավառի տոնին Հայր սուրբը (հայերեն է ասում.- Ա.Ք.) պարզապես արգելեց ինձ լուսանկարել եկեղեցական արարողությունը…: Իսկ ես կարծում եմ` հիմա Հայաստանն ու հայ ժողովուրդն ավելի շատ կարիք ունեն բարեկամների ու աջակիցների, ոչ թե «բեռլինյան պատի» ու պրիմիտիվ ազգայնամոլության:

– Լավ, արի տխուր թեմաներից մի քիչ շեղվենք: Մոտ ապագայում ի՞նչ պլաններ ունես:

– Մի քանի ամսից մեկնում եմ Հնդկաստան, հետո Պակիստան` ուսումնասիրելու և լուսանկարելու այդ երկրների սահմանագծին բնակվող ցեղերին: Դրանից հետո հույս ունեմ շարունակելու բուլղարահայության հետ կապված նախագիծս, քանի որ համոզված եմ, որ դա իսկապես կարևոր է: Եթե որևէ մեկը հետաքրքրություն ցուցաբերի` ես ուրախությամբ կընդունեմ ցանկացած օգնություն և աջակցություն: Հուսամ` շուտով հնարավորություն կունենամ այցելելու Հայաստան ու Արարատը նաև Հայաստանի կողմից լուսանկարելու, նրա վեհությունն ու շունչը զգալու:

– Ես էլ հույս ունեմ, որ հոդվածից հետո արձագանքներ կլինեն. այնքան էլ շատ չեն օտարերկրացիները, որոնց հետաքրքրում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Եվ վերջում. դու հո գիտե՞ս, թե հայերն ինչքան են սիրում, երբ օտարազգիները թեկուզ մի բառ են ասում հայերեն: Կասե՞ս մի բան:

– Ո՞նց ես: Ցավե տանեմ…
 

Տեսանյութեր

Լրահոս