Բաժիններ՝

Դերվիշի շորեր հագեք

Ասում են` հին ժամանակներում թագավորները դերվիշի շորեր էին հագնում ու շրջում ժողովրդի մեջ, որպեսզի սեփական աչքով տեսնեին՝ ի՞նչ է կատարվում երկրում, ինչի՞ց է դժգոհ ժողովուրդը։ Թագավորները հասկանում էին, որ հպատակները կարող են իրենց խաբել և իրականությունը ներկայացնել վարդագույն երանգներով։

Ներկայիս «թագավորները» դերվիշի շորեր չեն հագնում՝ երևի չափից դուրս վստահելով իրենց ենթականերին։ Սակայն մի գեղեցիկ օր վարդագույն փուչիկը պայթում է (կամ պայթեցվում է)՝ չորսբոլորը սփռելով գարշահոտ իրականության ոչ այնքան վարդագույն կտորները։

Եվ այդ ժամանակ սկսվում է… Նախագահը մեղադրում է վարչապետին՝ բարձիթողի վիճակի համար, վարչապետը՝ նախարարին, նախարարը՝ տեղակալին, տեղակալը՝ վարչության պետին, և այդպես շարունակ։

Երեկ այդ տրամաբանության շրջանակներում տեղի ունեցավ հերթական «միջոցառումը»՝ արդեն բարի ավանդույթ դարձած ջղային խորհրդակցության ձևաչափով։ Ջղայնացողն այս անգամ ոչ թե նախագահն էր, այլ վարչապետը։ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության խորհրդակցության ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում տեղ գտած խախտումներին: Վարչապետի վերահսկողական ծառայությունն այստեղ լուրջ խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես, տարեկան 65-70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որի ընթացքում նրանցից գումար են պահանջում՝ հաշմանդամության կարգը սահմանելու համար:

Կարդացեք նաև

«Հաշմանդամների մեծամասնությունը նախապես գիտի, որ գումար են պահանջելու: Այժմ, երբ պետական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, այն հայտնաբերվում է պետական ծառայությունների ոլորտում: Դուք փորձառու աշխատակիցներ եք, մի՞թե չգիտեիք՝ ինչ է կատարվում, ինչո՞ւ էիք լռում այսքան տարի: Դա զայրացնում է ինձ: Պահանջում եմ անմիջապես զբաղեցրած պաշտոնից ազատել ծառայության ղեկավարին, և այսօր իսկ կադրային փոփոխություններ կատարել»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ այդ ոլորտում ամենուր կոռուպցիա է տիրում՝ չհաշված որոշ բացառություններ։

Հայաստանի վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը հայտնել է, որ 0-88 ձևը տրամադրելու համար բուժհաստատություններում քաղաքացիներից պահանջում են 5000-20.000 դրամ։ Իսկ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնաճյուղերում պահանջում են 15.000-35.000 դրամ: «Այն դեպքում, եթե հաշմանդամության ակնհայտ նշանները բացակայում են, դրական որոշում տրամադրելու համար պահանջում են 150.000-200.000 դրամ: Հաշմանդամության երրորդ կարգ ստանալու համար քաղաքացիներն այդ կարգի համար նախատեսված ամսական թոշակին հավասարազոր գումար են վճարել գործակալության աշխատակիցներին: Իսկ եթե մարդը հրաժարվում էր, նրան զրկում էին հաշմանդամության կարգից, չնայած որ, հաշմանդամության նշաններն ակնհայտ էին»,- ասել է Գրիգորյանը։

 

Նշենք, որ այս դեպքում վերադաս-ստորադաս մեղադրանքի շղթան ընդհատվել է. Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել (Միշա) Վանյանը չի հասցրել իր հերթին զայրանալ աշխատակիցների անտեղյակության կամ բարձիթողի վիճակի համար, քանի որ վարչապետի պահանջից անմիջապես հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Բնականաբար, կհնչեն գնահատականներ, որ սա հերթական շոուն էր, հերթական PR միջոցառումը` նախագահական ընտրություններին ընդառաջ, և այլն։ Սակայն կատարվածը կարելի է դրական գնահատել՝ անկախ դրդապատճառներից (ո՞վ ասաց, որ PR-ի համար արված քայլերը պետք է միշտ անպտուղ լինեն)։

Կոնկրետ այդ ոլորտի խնդիրների մասին բազմիցս է գրվել, և, ինչպես ռուսներն են ասում՝ դրա մասին գիտեինք «նե պո նասլիշկե»։ Ցինիզմն այս ոլորտում հասել է այն աստիճանի, որ կարող են ոտքը կտրած մարդուն ամեն տարի կանչել հետազոտության (երևի մտածելով, թե տարվա ընթացքում կարող է նոր ոտք աճած լինել) ու մեծահոգաբար ընդունել 10-20 հազար դրամ կաշառքը։ Էլ չենք ասում, որ հաշմանդամ մարդկանց կարող են ժամերով սպասեցնել իրենց ճնշող պատերով միջանցքներում ու մի բան էլ «մուննաթ» գալ, եթե վերջիններս համարձակություն ունենան ասել, որ հոգնեցին սպասելով։ Այնպես որ, առանց խղճի խայթ զգալու՝ կարելի էր աշխատանքից ազատել այդ հաստատության աշխատակիցների մեծ մասին։ Այս ամենին կոնկրետ Վանյանի մասնակցության վերաբերյալ դժվար է կարծիք արտահայտել, քանի որ կոնկրետ փաստեր չկան։ Ինքը՝ Վանյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ  10 տարվա ընթացքում աշխատող կառույց է հիմնել («աշխատող» բառից առաջ կարելի էր ավելացնել «փող» բառը): Անդրադառնալով իրեն հեռացնելու՝ վարչապետի պահանջին, Վանյանը հրաժարվել է մեկնաբանել, սակայն ասել է, որ «բնականոն սերնդափոխություն է տեղի ունենում»: Ամեն դեպքում, եթե մարդը տեղյակ չի եղել իր ղեկավարած կառույցում տիրող խայտառակ վիճակի մասին, ապա դա աշխատանքից ազատելու նույնպիսի լուրջ պատճառ է, ինչպես՝ տեղյակ լինելու դեպքում։

Ընդհանուր առմամբ, դրական վերաբերվելով այս «սերնդափոխությանը»` անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էր այդ ամենը երկար ժամանակ անհայտ մնալ բարձրագույն իշխանությունների համար։ Խոսքը միայն նշված ոլորտին չի վերաբերում: Նման խնդիրները՝ կոռուպցիան, բյուրոկրատիան, «մուննաթը», և այլն, բնորոշ են պետական հաստատությունների մեծ մասին։ Եվ այս մասին բազմիցս գրվել է։

Մյուս կողմից՝ դերվիշի շոր հագնելն ու շրջելն օգուտ չի տա, քանի որ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ՝ հանրապետության բոլոր պաշտոնյաներին դեմքով ճանաչում են անգամ երեխաները։ Սակայն այդ նույն բարձր տեխնոլոգիաները՝ ինտերնետը, օն-լայն ԶԼՄ-ները, ֆեյսբուքներն ու մնացած ռեսուրսները, թույլ են տալիս առանց աշխատասենյակից դուրս գալու՝ ծանոթանալ բոլոր խնդիրներին։

Դրա համար ֆեյսբուքյան էջերի պատասխանատուներին պարզապես պետք է ասել, որ նրանց գործառույթը ոչ թե տարբեր կեղծ ու անկեղծ պրոֆայլներով «պուպուշ»  մեկնաբանություններ գրելն ու լայքեր հավաքելն է՝ ձեռքի հետ ջնջելով անցանկալի մեկնաբանությունները, այլ հակառակը. առաջին հերթին՝ հենց նման գրառումներին ուշադրություն դարձնելը։ Մամուլի պատասխանատուներին էլ պետք է ասել, որ լրահոսից առանձնացնեն ոչ թե կոնկրետ պաշտոնյայի անձին վերաբերող ինտրիգային լուրերը, այլ առաջին հերթին՝ խնդիրները։

Թեպետ, մյուս կողմից՝ չէր խանգարի նաև երբեմն իջնել մեքենայից, ոտքով շրջել ու շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց։ Սակայն՝ առանց տեսախցիկների ու PR-ային այլ էլեմենտների։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս