Ովքե՞ր կարող էին դեմ քվեարկել Գլխավոր դատախազի միջնորդությանը

Այսօր խորհրդարանը 64 կողմ ձայնով համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը` Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Չնայած քվեարկությանը մասնակցել են բացառապես ՀՀԿ և ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները, սակայն քվեատուփը բացելուց հետո պարզվել է, որ  վեց պատգամավոր դեմ են քվեարկել միջնորդությանը, իսկ մեկ պատգամավոր իր քվեաթերթիկն անվավեր է դարձրել` նշում կատարելով և՛ դեմ, և՛  կողմ տողերում, ինչը` նույնն է, ինչ դեմ քվեարկելը:

Այսպիսով` ովքե՞ր են այն յոթ պատգամավորները, ովքեր դեմ են եղել դատախազի միջնորդությանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում միանշանակ և համոզված պնդել է, որ դա ՕԵԿ-ականները չեն եղել: Նման վստահության պատճառն այն է, որ 168.am-ի տեղեկություններով, ՕԵԿ-ականները քվեարկել են առանձին` նախապես պայմանավորված նշանով, և եթե քվեատուփում 6 միանման նշումով քվեաթերթիկ է եղել, ուրեմն կասկածն ՕԵԿ-ի վրայից դուրս է գալիս: Բոլոր դեպքերում, թերևս, ՀՀԿ-ի տրամադրության տակ կան նման խիստ համոզիչ փաստեր, որոնք հնարավորություն են տալիս Գալուստ Սահակյանին՝ պնդել, որ դեմ քվեարկողները ՀՀԿ-ականներ են:

Իսկ ովքե՞ր կարող էին լինել այն ՀՀԿ-ականները, ովքեր դեմ են քվեարկել Գլխավոր դատախազի միջնորդությանը: Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ դրդապատճառների ազդեցության տակ կարող էին ՀՀԿ-ականները դեմ քվեարկել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: Այդ պատճառները բազմաթիվ են, և, եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀԿ խմբակցության կազմը, ապա առավել տարօրինակ կարող է լինել, որ դեմ քվեարկողներն ընդամենը 7-ն են և ոչ թե՝ 17-ը կամ ավելի շատ:

Վարդան Օսկանյանը նախորդ`Ռոբերտ Քոչարյանի իշխանության ներկայացուցիչ է, և ինչ-որ իմաստով՝ դատախազի միջնորդությունը կարելի է համարել նախորդ և ներկա իշխանությունների դիմակայության արտահայտություն: Այդ պատճառով դատախազի միջնորդությանը կարող էին դեմ լինել այն մարդիկ, ովքեր իրենց լավ են զգացել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:

Քվեարկությանը մասնակցած ՀՀԿ խմբակցության երկու պատգամավորներ`Վարդան Այվազյանը և Կարեն Ճշմարիտյանը, Քոչարյանի օրոք եղել են նախարար, իսկ հիմա ստիպված են բավարարվել պատգամավորի համեստ կարգավիճակով: Նրանց կարելի է համարել պոտենցիալ դեմ քվեարկողներ: Վլադիմիր Բադալյանը Ռոբերտ Քոչարյանի խնամին է, և, եթե այս քվեարկությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիմակայության արտահայտությունն է, ապա շատ հավանական է, որ զուտ ազգակցական կապերը հաշվի առնելով՝ Բադալյանը կարող էր դեմ քվեարկել դատախազի միջնորդությանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ խնամիական կապերի մեջ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Չնայած նա ՀՀԿ փոխնախագահն է ու ԱԺ նախագահ է հենց ՀՀԿ-ի կողմից, սակայն մեր իրականության մեջ  ազգակցական կապերը կարող են վեր դասվել քաղաքական ընդհանրություններին: Տեսականորեն կարելի է գոնե չբացառել, որ դատախազի միջնորդությանը դեմ քվեարկողներից մեկը կարող էր ԱԺ նախագահը լինել, ով, հնարավոր է` դեմ քվեարկությունը համարել է  իր աջակցությունը խնամի Գագիկ Ծառուկյանին:

Այս ցուցակն, անշուշտ, կարել է շարունակել: Օրինակ, կարելի է հիշել Նահապետ Գևորգյանին, ում որդին այժմ մեղադրյալի կարգավիճակում է, նախկին ԲՀԿ-ական Մնացական Մնացականյանին, ում թույլ չտվեցին Թալինում իր ցանկալի մարդուն նշանակել քաղաքապետ, բազմաթիվ այլ ՀՀԿ-ական պատգամավորների, ովքեր բավական ջերմ հարաբերություններ ունեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և իրենց ավելի հարմարավետ են զգացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք:

ՀՀԿ խմբակցության 3 անդամներ քվեարկության պահին գտնվում էին արտերկրում, և դժվար է գուշակել, թե ինչպես նրանք կքվեարկեին՝ ներկա լինելով ԱԺ նիստին: Սակայն առաջին արձանագրումը, որ կարելի է հիմա անել, այն է, որ ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան խորհրդարանում ունի ընդամենը  64 ձայն, իսկ սա մեծամասնություն չէ: Այն էլ՝ այն դեպքում, երբ հակառակ կողմը դեռևս չի անցել հարձակման:

 

 

Տեսանյութեր

Լրահոս