
Այն 6 պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել` ՀՀԿ-ի՞ց են

168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` արդյոք չե՞ք կասկածում, թե ովքեր են այն 6 պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացրած միջնորդագրին:
Ի պատասխան, Գ. Սահակյանն ասաց. «Ոչ, նույնիսկ այդ մասին չենք էլ մտածել»:
Հարցին` մի՞թե Ձեզ չի հետաքրքրում, թե որ պատգամավորներն են հակադրվում իշխանությունների որոշմանը, Գ. Սահակյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը կողմ քվեարկելու մասին որոշում չի ունեցել: Մենք որոշել էինք քննություն իրականացնելու հնարավորություն տալ»:
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է դեմ քվեարկած 6 պատգամավորները ՕԵԿ խմբակցությունից են` հաշվի առնելով այն, որ ՕԵԿ-ը հենց 6 պատգամավորով է ներկայացված ԱԺ-ում, Գալուստ Սահակյանն ուշագրավ պատասխան տվեց. «Ոչ, դա բացառվում է»:
Իսկ թե որտեղի՞ց նա գիտի, որ նրանք ՕԵԿ-ից չեն` մեզ պարզել չհաջողվեց: Փաստորեն Գ.Սահակյանի համոզմամբ` այն 6 պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել միջնորդությանը, ՀՀԿ-ականներ են: