Մադոննան ավելի քաղաքական է, քան Օսկանյանը. Աշոտ Մանուչարյան
«Իհարկե, այս ամենի մեջ կա մի բան, որի վրա առավել քիչ ուշադրություն է դարձվում. կա մարդկային ողբերգություն, ինչպես այսօր քաղաքական դաշտում է կատարվում հայտնի անձնավորության հետ, և դրա համար ուշադրությունը շատ մեծ է, բայց այն համակարգը, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում, ամենօրյա մարդկային ողբերգություն է հարյուրավոր քաղաքացիների համար»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, ասաց քաղաքական-հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Մեկի տանը սպանություն է լինում, մյուսի տանը` ինքնասպանություն, երրորդի տնից մարդը գնացել է աշխատանքի` ընտանիքը կազմալուծվել է և այլն: Այսպիսի ողբերգություններ ամեն օր են լինում, ուղղակի հենց գալիս` քաղաքական գործչի շեմին է կանգնում այդ ողբերգությունը, բոլորս ասում ենք. «Այ, իրադարձություն է` երկրի հետ կապված»: Երկրի հետ կապված իրադարձությունն այն հարյուրն է, որն ամեն օր կատարվում է: Այսօր այդ հարյուրին գումարվել է ևս մեկը` քաղաքական դաշտից: Սա մարդկային մասն է ողբերգության: Իրական քաղաքականությունը սա է: Իսկ հիմա ճամարտակությունների մասին (գլխավոր դատախազի միջնորդությունը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ, ո՞ւմ դեմ է այն ուղղված,- Ա.Ս.): Ինչո՞ւ եմ ասում ճամարտակություններ. ցավալիորեն Հայաստանը մտել է մի աշխարհ, որի իրադարձությունները թելադրվում են ոչ Հայաստանից: Այս ամենը Հայաստանի հետ կապ չունի, և Վ.Օսկանյանի ճակատագիրը թող ոչ մեկին չզարմացնի` Մուբարաքի ճակատագիրը տեսնելուց հետո: Մուբարաքն ազնվորեն ծառայում էր համակարգին, բայց եկավ մի պահ, երբ պետք էր ինչ-ինչ բաներ խաղարկել եգիպտական թատերաբեմում, կամ ինչ-որ գործընթացներ էին սկսվել, և Մուբարաքը հանգիստ զոհաբերվեց: Մի ուրիշ տեղում էլ ուրիշ բան էր կատարվում` ավելի թատերականացված ներկայացումներ: Հիմա Հայաստանում մտնել կատարվող այս իրադարձությունների մեջ և սա համարել հիմնական խնդիր… Դուք ինձ հարց եք տալիս` «Հայաստանում այսպիսի բան է կատարվում»: Այդ իմաստով Հայաստանում ոչինչ չի կատարվում: Ինչ որ կատարվում է, այդ քաշքշուկն է երկու այն հիմնական ուժերի միջև, որոնք դրված են մեր ճակատագիրը տնօրինելու: Իսկ ի՞նչ եք կարծում, որևէ փոփոխությունից` Օսկանյանի ճակատագիրն այսպես եղա՞վ, թե՞ այնպես, ա՞յս ուժը հաղթեց, թե՞ այն ուժը, որևէ բան մեր ժողովրդի կյանքում փոխվելո՞ւ է: Անկասկած` ո´չ: Այս համակարգը պահպանվելու է, և այդ գործողությունները, որ մենք տեսնում ենք` բոլորը համակարգը պահպանող են: Խնդիրը հետևյալն է. մենք չպետք է մեզ թույլ տանք տարվելու այդ գործով, դա պետք է դիտենք ուղղակի որպես ևս մի դրվագ` հօգուտ այս համակարգն անհապաղ փոխելու: Մենք պետք է դուրս գանք այս տրամաբանությունից, որը մեզ թելադրված է դրսից և տեր դառնանք ուրիշ տրամաբանության»:
«Այնուամենայնիվ, Վ.Օսկանյանի գործը հասարակական հնչեղություն է ստացել, և անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչո՞ւ նրա նկատմամբ գործ հարուցվեց ոչ թե երկու տարի առաջ (չնայած, որ ՀՀ գլխավոր դատախազությունն իր ներկայացրած մեղադրանքների մասին գիտեր դեռևս 2010թ.), այլ հիմա, երբ Վ.Օսկանյանը որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Եվ երկրորդը` Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ գլխավոր դատախազն արտաքին ուժերի հրահանգո՞վ է գործում»` մեր այս հարցադրումներին ի պատասխան, Աշոտ Մանուչարյանն ասաց.
«Հայաստանում իրավական, պետական, քաղաքական համակարգեր չկան, կա մի խաղարկված թատրոն, որպեսզի ցույց տրվի, թե դա աշխարհում ընդունված շարժուձևին համապատասխան է: Բայց մենք պետք է հասկանանք դրա էությունը: Դրա հիմքում ընկած է մի բան. Հայաստանը լրիվ արտաքին կառավարման տակ է, այնպես որ` պետք է` դատախազը կխոսի, պետք է` դատավորը, պետք է` երկուսն էլ լուռ կմնան: Դուք նշեցիք հասարակական հնչեղության մասին: Երկու-երեք օր առաջ սահմանում մի զինվոր սպանվեց: Հասարակական հնչեղությունը դրա նկատմամբ Հայաստանում զրո էր: Ինձ պատմեցին, որ պատերազմի մասնակից հին ազատամարտիկներից մեկը, տեսնելով, որ հասարակական հետաքրքրությունը դրա նկատմամբ զրո է, և Հայաստանը չի արձագանքում դրան, ինտերնետով դիմեց երիտասարդությանը, թե «այսպիսի բան է եղել, եկեք մտածենք` ոնց պետք է պատասխան տրվի, մերոնք մինչև էսօր պատասխան են տալիս` մի ադրբեջանցի զինվոր էլ իրենք սպանելով» և այլն: Առաջարկեց քննարկել, թե` ի՞նչ անել: Գրեց տասնյակ նախադասություններ, բայց պարզվեց, որ նրա հայտարարությունն ընդամենը երեք-չորս «Like» է ստացել:
Եվ դրանից հետո նա, չդիմանալով այդ ամենին, գիշերը քնելուց առաջ գրել է. «Իմ կարծիքով` այսինչ հայ երգչուհին ավելի սեքսուալ է, քան Մադոննան», և գնացել է քնելու: Առավոտյան տեսել է 3 հազար մեկնաբանություն: Հասարակական հետաքրքրությունը սա է, այսինքն` մեր ժողովուրդը ձևակերպված է որպես լրիվ ապուշացած զանգված: Հիմա ես Մադոննայի հարցը չեմ քննարկելու, իսկ Օսկանյանի հարցը Մադոննայի հարցից ոչնչով չի տարբերվում: Մինչդեռ Հայաստանում հիմա ստեղծվել է զարմանալի վիճակը, որը թույլ է տալիս լրիվ դուրս գալ այս վերահսկողությունից, և այն ամենը, ինչը նշվեց, մասամբ կախված է նաև դրանից»:
Մեր դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, Մադոննան, ի տարբերություն Վ. Օսկանյանի, քաղաքական դեմք չէ, պարոն Մանուչարյանն այսպես արձագանքեց. «Մադոննան ավելի քաղաքական է, քան Օսկանյանը, որովհետև Մադոննան Օբամային պաշտպանեց` ասելով, որ պաշտպանում է մուսուլման Օբամային` դրանով ձայներ բերելով նրան: Այնպես որ` Մադոննան ավելի քաղաքական երևույթ է, քան Օսկանյանը»: