«Ես այնքան եմ հոգնել այս անկախ կոչված պետությունից»

Ասում է 3 երեխաների հայր Աշոտ Ավետիսյանը

5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով՝ ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` ավելի բարձր հնչող հոր գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը՝ նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է՝ գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել:

Հետո Սրբուհին սկսում է մատների մասին մի երգ երգել, որի բովանդակությունը մոտավորապես մատների միմյանց որպիսության հարցի ու պատասխանի մասին է: Ամեն քառյակի հետ` «լավ եմ» ասող աղջիկը նայում է հոր աչքերին, ով անդադար խնդիրներից է խոսում: Հետո չորս տարեկան Ալեքսանդրն է նայում հոր աչքերի մեջ, որից հետո շատ ուշադիր հոր աչքերի մեջ նայում է հինգ տարեկան Բուրաստանը:

Երեք մանկահասակ երեխաները խիստ զարմացած լսում են հորը, ով պատմում է, որ ներկայիս իրենց «տունն» իրենց նախկին ավտոտնակն է, ու երեխաները խոսակցությանը հետևում են այնքան ուշադիր, որ թվում է` կյանքում առաջին անգամ իմացել են, որ իրենք ապրում են ավտոտնակում:

Կարդացեք նաև

Սպիտակ քաղաքի բնակիչ Աշոտ Ավետիսյանը 1988թ., հայրական տունը կորցնելով, աղետից հետո ընտանիքի հետ տեղավորվել է երկրաշարժից փրկված իրենց ավտոտնակում: Մի քանի մետրանոց այդ նկուղային խցում նույնիսկ արևի շող չի հայտնվում: Խոնավ ու թաց պատերի վրա կանաչ բորբոս է տարածվել: Երեխաների տատիկը` տիկին Ժենյան, թոռնիկների մասին խոսելիս` այնպես է հուզվում, որ չի կարողանում խոսել:

Ասում է. «Շատ եմ վախենում երեխեքիս համար, սա հիվանդության բուն ա, ձմռանը ցրտահարվում ենք՝ պատերը թաց-թաց, իսկ ամռանը նույնիսկ տունը չի տաքանում, որ մի քիչ օդը չորանա»: Տիկին Ժենյան կյանքից այնքան է հոգնել, որ այլևս չի ուզում սկսել այն նոր օրը, որը սկսելու համար ինքը նախ` հարկադրված է թոռնիկների համար նորից խանութներից պարտքով հաց վերցնել, հետո նորից սպասել աղքատության նպաստին, որ պարտքի ցուցակը մարի, ու հետո նորից օրը սկսել խանութներից պարտքով հաց վերցնելուցգ Երեխաների հայրը՝ Աշոտը, ասում է, որ տունը կորցնելուց հետո «դոմիկում» են ապրել, որը, սակայն, շատ չանցած փլվել է:

Այնուհետև, երկրաշարժից պաշտպանված անծածկ ավտոտնակի վրա պայմանական տանիք կապելուց հետո, արդեն երկար տարիներ այնտեղ են բնակվում: Աշոտն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին ու Քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով աջակցել տան հարցում, սակայն Քաղաքաշինության նախարարությունը նամակը վերահասցեագրում է Լոռու մարզի մարզպետարան, մարզպետարանը` Սպիտակի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանն էլգ

«Ի պատասխան` ասում են, որ մինչև պետական սեկտորին բնակարանով չապահովենք՝ չենք կարող ապահովել սեփականատերերին: Անցյալ տարի հայրս մահացավ, նույնիսկ դագաղը դնելու տեղ չունեինք: Մարդիկ չգիտեին` գա՞լ հոգեհանգստի, թե՞ ոչ: Տեղ չունեինքգ Ավտոտնակի երեք պատերը հողի մեջ են, որոնք, խոնավությունը ներքաշելով, լրիվ թաց են դառնում»,- ասում է Աշոտը, ով սրտանոթային, ինչպես նաև` ռևմատիկ հիվանդություններ ունի, որոնց առկայության դեպքում մասնագետները հակացուցված են համարում նման կենցաղային պայմաններում բնակվելը:

2-րդ կարգի հաշմանդամության համար Աշոտը ստանում է 15.000 դրամ թոշակ, բայց այնպես է ստացվել, որ հարակից տարածքի բոլոր դեղատներին պարտք են: Թոշակն անգամ իր ամենօրյա դեղորայքին չի բավականացնում: 6 անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 35.000 դրամ աղքատության նպաստով, Աշոտի հաշմանդամության և տիկին Ժենյայի թոշակներով: «Ես էնքան հոգնած եմ մեր էս անկախ հանրապետությունից, որ ինքն իր սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն ա իրականացնում, որ հնարավորություն լիներ` առանց վայրկյան անգամ մտածելու, կհեռանայի էստեղից: Ոչ մի խնամք, ոչ մի ուշադրություն սեփական քաղաքացու նկատմամբ: Ես մուրացկան չեմ, ոչ ոքից ոչ մի ակնկալիք չունեմ: Ես էս պետությունից մի բան եմ ուզում՝ աշխատանք, ուրիշ ոչինչ»,- բարկացած ասում է Աշոտը` հավելելով, որ իր երեք երեխաները ՀՀ քաղաքացիներ են, բայց Հայաստանի Հանրապետության իշխանությունները «թքած» ունեն այս երկրի նոր սերնդի վրա:

«Մենք ՀՀ քաղաքացիներ ենք թղթի վրա: Ես ոչ կարողանում եմ վարկ վերցնել` ապրելու համար, ոչ կարողանում եմ աշխատանք ձեռք բերել, և Դուք ուզում եք, որ ես հպարտանամ իմ հայ լինելո՞վ»,- ասում է նա: Երեք երեխաների հայրը նախկինում աշխատել է Սպիտակի Սոցիալական ծառայությունում, սակայն, ըստ նրա` իրեն աշխատանքից ազատել են` առանց պատճառաբանության: Ասում է, որ Սոցծառայության ամեն նոր պետի հետ փոխվում է նաև աշխատողների թիմը, և մարդուն, առանց հիմնավորման, աշխատանքից ազատելն օրինաչափ երևույթ է` նոր ղեկավարներ ունենալու դեպքում:

«Սպիտակում համատարած գործազրկություն ա: Սեփականատերերն էլ իրենց ծանոթ-բարեկամներին են աշխատանք տալիս: Մարդիկ կա՛մ փախնում են Ռուսաստան, կա՛մ սովամահ են լինում: Պատկերացրեք, որ ներկա դրությամբ ապառիկով բջջային հեռախոսներ եմ վերցրել, վաճառել եմ, որ խանութների հացի պարտքերը փակենք, հաց առնենք: Անձնագրով վերցնում ու, ասենք` 10.000 դրամանոց հեռախոսը մի 8000-ով վաճառում եմ, որ հացի փող լինի»,- ասում է Աշոտը, ում արդեն նամակով զգուշացրել են, որ 10 օրվա ընթացքում ամսական գումարը չմուծելու դեպքում` գործն ուղարկելու են դատարան, այնուհետև գույքի բռնագանձում են իրականացնելու:

3 երեխաների հայրն ասում է. «Այլևս անհնար է այսպես ապրել»:
Մարդն իր անչափահաս երեխաներին պահելու համար ընդամենը աշխատանք է խնդրում: Մեկ էլ խնդրում է՝ տուն տալ աղետի գոտու այն բնակիչներին, որոնք Ռուսաստանից չեն գալիս նոր բնակարանները ստանում, դրսից փակում ու կրկին հեռանում այլ երկիր: Ասում է. «Թող տուն տան էն մարդկանց, ովքեր չեն լքել Սպիտակը, այլ կյանքի գնով, մեծ դժվարություններով ապրում ու երեխաներ են մեծացնում»:

Տեսանյութեր

Լրահոս