Անդրե Սիմոնյան. «Հայկական շոու-բիզնեսը հեռու է երգարվեստից»

«The Beautified Project» խումբը ձևավորվել է 2005թ.` Լոնդոնում, և 5 տարիների գործունեության ընթացքում կարողացել է լուրջ համագործակցության ծրագրեր ձեռք բերել արտերկրում և վայելել հանդիսատեսի սերը: 168.am-ի զրուցակիցն է «The Beautified Project» խմբի վոկալիստ, կիթառահար Անդրե Սիմոնյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իրենց հետագա ծրագրերի մասին:

– Միացյալ Նահանգներում ի՞նչ եք անում:

– «The Beautified Project»-ը պայմանագիր ունի Ամերիկյան St. Mongoose Entertainmen-ի հետ, որը զբաղվում է մեր արվեստը ամերիկյան շուկայում տարածելով: Ես այստեղ եմ, որպեսզի մեր վերջին տեսահոլովակի պրեմիերան անեմ տեղի հեռուստաընկերություններով, ռադիոներով և այլ զանգվածային լրատվամիջոցներով:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Արտերկրում աշխատանքային պլաններ ունե՞ք:

2011 թվականին 5 համերգ ունեցանք Լոնդոնում, մեկ համերգ` Վիեննայում, երկու համերգ` Թբիլիսիում: 2012թ. որոշեցինք կենտրոնանալ մեր նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքների վրա: Դա լինելու է Հայաստանում ձայնագրված առաջին ռոք ալբոմը, որը պաշտոնապես թողարկվելու է ամերիկյան շուկայում: Մեզ համար մեծ պարտականություն է, որ շատ զգույշ և ճիշտ աշխատենք, որպեսզի Հայաստանի անունը կարողանանք բարձր պահել միջազգային շուկայում: 2013թ. պլանավորում ենք համերգներ ունենալ տարբեր երկրներում, արդեն իսկ կան համերգային ծրագրերի 5 առաջարկներ:

– Բացի պլանավորված համերգային ծրագրից, Հայաստանի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:

– Մեր մյուս համերգը Հայաստանում կլինի մարտ ամսին: Այն կհամընկնի «It’s a Little Late» տեսահոլովակի թողարկման հետ: Այդ երգի համար մենք տեսահոլովակ ենք նկարահանում: Մեր հանդիսատեսը, երկրպագուները պահանջում են մեզանից՝ նկարահանել այդ երգի տեսահոլովակը, ինչը մենք չենք կարող անտեսել: Նաև պլաններ ունենք մեր խմբի կազմավորման 5-ամյակի հետ կապված DVD թողարկել, որում կլինեն մեր բոլոր տեսահոլովակները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայ սուպերսթար» նախագծի երեխաների հետ ի՞նչ աշխատանքներ եք կատարում:

– Մենք միշտ փորձում ենք մեր հեղինակությունն օգտագործելով ՝ բեմ բարձրացնել «Հայ սուպերսթար» նախագծի մասնակիցներին, քանի որ նրանք երբեք չեն գնահատվում հայկական շոու-բիզնեսի կողմից: Դա, իհարկե, ինձ չի զարմացնում, քանի որ հայկական շոու-բիզնեսը հեռու է երգարվեստից:

– Ունե՞ք հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ համատեղ աշխատելու պլաններ:

– Ոչ:

– Ինչո՞ւ:

– Ես շատ անգամներ ասել եմ և էլի կկրկնեմ: Հայաստանում չկա շոու-բիզնես: Հայաստանի «հայտնիների» 90 տոկոսի ներկայացրածի մեջ ոչ մի հայկականություն չկա: Չունեն շոու, քանի որ 98 տոկոսը թույլ է արվեստի տեսակետից, և չունեն բիզնես, քանի որ աշխարհի ոչ մի կենտրոնում ռեստորանում երգելը չի համարվում բիզնես: Անցյալ 20 տարիների ընթացքում հայկական շոու-բիզնեսն ամեն բան արել է հայ հանդիսատեսին հայկականից և իր մշակույթից հեռացնելու համար: Դեպի եվրոպական շուկա շարժվելու փոխարեն` հայը շարժվում է դեպի մուսուլմանական շուկա, որը դարեր շարունակ փորձել է ոչնչացնել մեր ազգայինը: Հայկական շոու-բիզնեսում կան մի քանիսը, ովքեր մաքուր են մնացել, որոնց մենք գնահատում և սիրում ենք: Մենք գնահատում ենք այն մի քանի հոգու արվեստն ու երգի հանդեպ մոտեցումը, ովքեր դեռ մաքուր են պահում մեր հայկական մշակույթը:

– Ինչպե՞ս են ծնվում Ձեր երգերը: Աշխատանքային պարտականությունները բաժանո՞ւմ եք խմբի անդամների մեջ:
– Ինչպես գիտեք, «The Beautified Project»-ի կորիզը ես և Շահվերդյան եղբայրներն ենք: Երաժշտությունը գրում ենք երեքս, բառերը ես եմ գրում, իսկ գործիքավորումը կատարում են Արմենը և Առլենը:

– Աշխատանքային գործունեության ընթացում խումբն ինչի՞ վրա է առաջնահերթ շեշտադրում կատարում:

– Մեր աշխատանքի մեծ տոկոսը կենտրոնացած է դրսում: Մենք անցյալ 5 տարիների ընթացքում մեր ուժերով դարձանք առաջին հայաստանյան խումբը, որը թողարկեց առաջին անգլալեզու ձայնասկավառակը: Մենք առաջինն էինք, որ ներկայացրինք Հայաստանը ռոք MTV-ով և BBC-ով: Մենք առաջինն էինք, որ ներկայացրեցինք հայի կատարմամբ ռոք երաժշտությունը Անգլիայում՝ ռոքի ծննդավայրում: Այդ ամենի հետ մեկտեղ, առաջինն էինք, որ անգլիական ռոք խմբի հետ թողարկեցինք սինգլ, և առաջինն էինք, որ պայմանագիր կնքեցինք ամերիկյան հիմնարկի հետ: Մենք այս ամենը մեր ուժերով ենք արել, քանի որ մենք մեր երաժշտությանը վերաբերվել ենք՝ որպես արվեստի, այլ ոչ թե՝ որպես բիզնեսի: Մեզ համար կարևոր է եղել մարդկանց սրտերի քանակը, որը մենք փորձել ենք գրավել, այլ ոչ թե բեմերն ու համերգասրահները: Մենք պայքարեցինք այն գաղափարի դեմ, որ հայ հանդիսատեսն անճաշակ է: Մենք փորձեցինք հասկացնել, որ երբ մատուցվում է լավը, ապա հայ հանդիսատեսն այն փնտրում և գտնում է: Մենք շատ շնորհակալ ենք մեր հանդիսատեսին:

 

Տեսանյութեր

Լրահոս