Արմեն Պողոսյանը ենթադրում է, որ գոմեշի միսն օգտագործվում է նաև բանակում
«Վերջերս գոմեշի մսի շուրջ բարձրացված աղմուկը կապված էր նախընտրական շրջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ տնտեսական քաղաքականությամբ, բայց չեմ կարող չնշել, որ աղմուկը բարձրացավ նախընտրական ալիքի շրջանակում, իսկ այս պրոբլեմը միշտ եղել է, առնվազն երեք տարի»,- նշեց «Սպառողների միություն» հ/կ նախագահը:
Ա. Պողոսյանի փոխանցմամբ` գոմեշի միսը հավի, խոզի, տավարի մսից տարբերվում է նրանով, որ ավելի ուշ է եփվում և դժվարամարս է: Ըստ նրա`գոմեշի միսն ինքնին վտանգավոր չէ. «Այն ուղղակի իր սննդային արժեքով ու որակական հատկանիշներով զիջում է նշված կենդանիների մսերին»: Գոմեշի միսը վտանգավոր կարող է լինել, եթե այն արտադրված լինի սխալ պայմաններում, և պահպանված չլինեն սանիտարահիգիենիկ պայմաններն ու մյուս չափանիշները:
Արմեն Պողոսյանի խոսքով`մարդը, ով մսի հետ շատ գործ չի ունենում, չի կարող գոմեշի միսը տարբերել մսի այլ տեսակներից: «Ես էլ չեմ կարող տարբերել գոմեշի միսը: Մանավանդ սառեցված տարբերակում հնարավոր չէ տարբերել այն: Կարող են տարբերել այն մարդիկ, ովքեր մսի հետ գործ ունեն, մորթում են, մշակում, կարող են շատ արագ տարբերել»,- ասաց «Սպառողների միություն» հ/կ նախագահը: Վերջինիս փոխանցմամբ՝ վերջին շրջանում ահազանգեր՝ կապված գոմեշի մսի հետ, չեն լինում, չնայած աղմուկը բավական մեծ է:
Ըստ նրա, որոշ ժամանակ առաջ կարելի էր գտնել գոմեշի փաթեթավորված միս. «Կամաց-կամաց դա վերացավ: Փաթեթավորման վրա դա այլևս չի երևում: Բնականաբար, ոչ ոք չի գնի միսը, որի վրա գրված լինի, որ այն գոմեշի միս է: Այս միսն ավելի շատ օգտագործվում է երշիկի արտադրության համար»:
Արմեն Պողոսյանը ենթադրում է, որ գոմեշի միսն օգտագործվում է նաև բանակում:
Ըստ նրա, ֆինանսական ճգնաժամի ընթացքում բոլոր ցուցանիշները նկատելի անկում էին ապրել: «Բոլոր ապրանքների սպառումն ու արտադրությունն անկում էին ապրել, այդ թվում՝ գյուղմթերքինը: Մսի արտադրությունը նվազել էր 7%-ով, մսամթերքի արտադրությունն ավելացել էր 43%-ով: Եթե ամեն ինչի արտադրությունն անկում է ապրում, ապա մսամթերքը կարող էր աճել 3-5%-ով, բայց 43%-ը, մեղմ ասած, զավեշտ է: Հասկանալի է, որ կատարվել է ներկրում: Իսկ 43%-ը սանձարձակ, անվերահսկելի ներկրման արդյունք էր»: Ըստ նրա`գոմեշի միս Հայաստան ներկրվում է հիմնականում Հնդկաստանից. «Հնդկաստանում կենդանիներին չեն սպանում, կենդանին այնտեղ մահանում է իր մահով: Հնդկաստանի հավատը կտրուկ արգելում է կենդանիներին սպանելը: Հատկապես կովն այնտեղ սուրբ կենդանի է համարվում: Հնդկաստանում եղած մարդիկ վստահեցնում են, որ եթե կովն անցնում է փողոցով, նրան ոչ ոք չի քշում: Սա խոսում է այն մասին, որ կովի միս Հնդկաստանում առհասարակ գոյություն չունի: Արդեն պարզ է, որ գոմեշներն այդ համակարգից դուրս են»:
Ըստ Արմեն Պողոսյանի`1,5-2 տարի առաջ ևս գոմեշի մսի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ: «Վարչապետի գլխավորությամբ կայացավ խորհրդակցություն և պարզվեց, որ Հնդկաստանից միսը ներկրում են՝ ինչպես ցանկանում են. չկա վերահսկողություն: Արտադրողները կամ վաճառողները սերտիֆիկատ, անասնաբուժական փաստաթուղթ չունեն, այսինքն`այդ համակարգը լրիվ անվերահսկելի էր:Վարչապետի կարգադրությամբ պատվիրակություն մեկնեց Հնդկաստան`ուսումնասիրելու՝ ո՞ր ընկերությունների արտադրանքն է վստահելի, և որի՞ց կարելի է ապրանք ձեռք բերել»:
Հիշեցնենք, որ 2009-ի օգստոսին ևս մեծ աղմուկ էր բարձրացել գոմեշի մսի շուրջ: ՀՀ կառավարական հանձնաժողովը պարզել էր, որ ներկրվող մսի մեջ հաճախ գոմեշի սառեցված միս է եղել, ինչը նշանակում է, որ կենդանին ոչ թե սպանդի են ենթարկել, այլ այն սատկել է իր մահով: Ներկրվող մսի 21%-ն էր ձեռք բերվում արտոնագրված ընկերություններից: