Հանձնե՞լ, թե՞ չհանձնել Վարդան Օսկանյանին
Չնայած երեկ Ազգային ժողովում քննարկվում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունները, սակայն թիվ մեկ քաղաքական հարցը ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդագիրն էր:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ա. Հովսեփյանը ԱԺ է ներկայացրել միջնորդագիր` Վ. Օսկանյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Միջնորդագիրը քննարկվելու է հոկտեմբերի
1-ին, այն ընթանալու է փակ քվեարկությամբ: Խորհրդարանական ուժերի տեսակետներն այս հարցում խիստ տարբեր են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դեռ ծանոթ չէ այդ միջնորդագրի տեսքին, հետևաբար, չի կարող ասել` դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի դրան: «Ես նաև գրականության դասատու եմ եղել, եթե ասում եմ` «Սամվել» վեպը կարդացե՞լ եք, պատմեք, չէին պատմում` 2 էին ստանում: Քիչ առաջ ասացի, որ չեմ կարդացել այն տեքստը, որ ուղարկվել է Դատախազության կողմից, առավել ևս` կարդալուց հետո հարցադրումներ են առաջանում, որը պիտի Դատախազության ներկայությամբ տրվի, այսինքն` կողմ և դեմ քվեարկելն ինքնանպատակ չէ»,- ասաց Գ. Սահակյանը: Իսկ մեր այն դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունիսին հայտարարել էր, որ ինքը կողմ է քվեարկելու, եթե Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացվի ԱԺ, Գ. Սահակյանն ասաց. «Վրեժխնդրություն է երևի, ի՞նչ ասեմ, յուրաքանչյուր մարդ իր դատողությունն ունի, մինչև չիմանաս` ի՞նչն ես կողմ-դեմ քվեարկում, ո՞նց պիտի քվեարկես»:
ՀՀԿ-ական պատգամավորը լրագրողների հետ զրույցում բացառեց տվյալ գործի քաղաքական ենթատեքստը: «Մեղադրանքը հանցագործության առումով` ի՞նչ քաղաքական գնահատականի խնդիր է: Իսկ ցանկությունների տեսակետից` ոչ մի հայ չի ուզում ոչ մի հայի վնաս պատճառի, առավել ևս` վերջին շրջանում նկատելի հանցագործություններ են առաջացել, բայց մեր որոշումը չի կարող ինքնանպատակ լինել: Եթե պատգամավորը հանցանք է գործում` առաջին ամենամեծ մեղադրանքն ինքը պիտի կրի, ես դեռ չեմ կարդացել տեղեկանքը, և հետո` մեղավորն ու անմեղը որոշում է դատարանը, առավել ևս` մեղավորության կամ անմեղության մասին ինքն` անձը, պիտի վկայի կամ չվկայի»,- նշել էր Գ. Սահակյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել ԱԺ ուղարկված միջնորդագրի մասին: «Տեղյակ չեմ, ոչ էլ նույնիսկ տեղյակ եմ, որ Դատախազությունն ինչ-որ բան ա ուղարկել: Երբ որ կտիրապետեմ ամբողջ ինֆորմացիային, էն ժամանակ կպատասխանեմ: Առայժմ որևէ կարծիք չունեմ»: Հարցին, թե, այնուամենայնիվ, Վ. Օսկանյանին քրգործում որպես մեղադրյալ ներգրավելը քաղաքական ենթատեքստ ունի՞, վերջինս պատասխանեց. «Պետք է պարզենք, որ չեմ լսել, չգիտեմ, ոչ ներկայացման մասին գիտեմ, ոչ գործի էությունը գիտեմ` ես կարո՞ղ եմ գնահատական տալ: Էդպիսի գնահատականներ կարող են տալ անպատասխանատու մարդիկ` օդից ինչ-որ մի բան լսելով»:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Խոսրով Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, թե որևէ մեկնաբանություն տալ այդ հարցի մասին չի կարող, քանի որ ինքը ևս չի տիրապետում տեղեկատվությանը: «Ես շատ կուզենայի, որ Օսկանյանի կալիբրի մարդը զերծ մնար ֆինանսական որևէ հարցադրումներից, ես, իրոք, կուզենայի: Եվ երկրորդ` ինքը` Օսկանյանը, համաձայնեց, որ պետք է շահագրգռված լինի հանրությանը և պատկան մարմիններին այդչափ մանրամասն, բավարար տեղեկատվություն ներկայացնել, որ նման հարցադրումների համար պարարտ հող չձևավորվեր»,- ասաց Խ. Հարությունյանը: Իսկ դիտարկմանը, թե Վ. Օսկանյանն իր դեմ կատարված քայլը պայմանավորել է քաղաքական ենթատեքստով, Խ. Հարությունյանը պատասխանեց. «Ես քիչ առաջ ասացի, որ մանրամասներին չեմ տիրապետում: Պարոն Օսկանյանը կարող է նույնիսկ այդպես մեկնաբանել` քննարկումները ցույց կտան, թե որքանով են նրա մեկնաբանությունները հիմնավոր և արդարացի»: Մեր հաջորդ հարցին, թե նա կո՞ղմ քվեարկի այդ միջնորդագրին, վերջինս պատասխանեց. «Օյ, եկեք մի հատ սպասենք, ուսումնասիրենք, նոր տեսնենք»:
ԱԺ ՕԵԿ խմբակցությունում ևս չեն քննարկել միջնորդագիրը:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ Օսկանյանի դեմ կատարվածը որակեց քաղաքական հետապնդում: «Ես կարծում եմ, որ սա քաղաքական հետապնդում է: Էդպես կարելի էր չմտածել և ավելի խորանալ բուն գործի մեջ, եթե դա նախընտրական շրջանում չլիներ: Ավելին` եթե մտածենք, որ նույնիսկ ինչ-որ բան էնպես չէ «Սիվիլիթասում», ապա ես խորհուրդ եմ տալիս Դատախազությանը և գործող վարչախմբին` իրենց հայացքներն ուղղել իրենց շրջապատին, միգուցե գտնեն ավելի՞ կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի է խափանման միջոց կիրառել»,- ասաց Լ. Սարգսյանը:
Իսկ հարցին, թե ի՞նչ կապ ունի նախընտրական շրջանը, և արդյո՞ք Լ. Սարգսյանը կարծում է, թե Վ. Օսկանյանը նախագահի պոտենցիալ թեկնածու է, վերջինս պատասխանեց. «Չեմ կարծում, բայց չեմ բացառում, համենայնդեպս, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր հավանական թեկնածուներին ոչնչացնի, շրջապատը մաքրի` Լևոն Տեր-Պետրոսյանին` հակաքարոզչության միջոցով, պատվերով վերլուծությունների միջոցով, Օսկանյանին` քրեական գործ հարուցելով, կլինի մեկ ուրիշը, որը վերահսկելի չի լինի, ես չեմ բացառում, որ նրա դեմ էլ ինչ-որ բան կիրառի: Նա ամեն ինչ պիտի անի, որ մնան թույլ թեկնածուներ, լինի մրցակցություն, և ինքը դառնա լեգիտիմ նախագահ»:
Լ. Սարգսյանը նշեց նաև, որ կոնկրետ ինքը դեմ է քվեարկելու այդ միջնորդագրին: Իսկ հարցին, թե իր դիրքորոշումը կիսո՞ւմ են ՀԱԿ-ում, չէ՞ որ ՀԱԿ-ում տարաձայնություններ կան, ինչպես, օրինակ` Նիկոլ Փաշինյանը դեռևս հունիսին հայտարարել էր, որ ինքը կողմ է քվեարկելու, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Ես նախևառաջ արտահայտում եմ իմ տեսակետը, բայց ես կարծում եմ, որ շատերն ինձ նման կքվեարկեն: Մեզանից շատերը դա դիտարկում են ` որպես քաղաքական հետապնդում»:
Վարդան Օսկանյանի հարազատ` ԱԺ ԲՀԿ խմբակցությունն էլ հայտարարել է, որ իր դիրքորոշումը կհայտնի երկուշաբթի տեղի ունենալիք քվեարկության ժամանակ: Երեկ Երևանի Կոնյակի գործարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կուսակցության ակտիվ անդամների հավաքը, որտեղ քննարկել են Վ. Օսկանյանի հարցը: