Իշխանությունը ԲՀԿ-ին դարձնում է ՀԱԿ
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը չի բացառել, որ առաջիկայում նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հնարավորությունը: Ավելի վաղ այդ մասին մամուլում հրապարակումներ էին եղել, որոնց համաձայն` «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված «փողերի լվացման գործի» շրջանակներում Վ. Օսկանյանը կարող է ներգրավվել՝ որպես մեղադրյալ, ինչն էլ հիմք կդառնա, որպեսզի Գլխավոր դատախազը նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով դիմի խորհրդարանին:
Դրան զուգահեռ՝ վերջին օրերին անընդհատ տեղեկություններ են տարածվում ԲՀԿ-ական նախկին նախարարների դեմ ուղղակի կամ նրանց պաշտոնավարման տարիների տարբեր դրվագների առնչությամբ քրեական գործերի հարուցման հնարավորության մասին: Գլխավոր դատախազությունն արդեն գործ է հարուցել Հանրային գրադարանի` 700 մլն դրամ արժողությամբ հիմնանորոգման ընթացքում թույլ տրված խոշոր չարաշահումների առնչությամբ: Այդ ժամանակահատվածում Քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը:
Մի խոսքով, «Բարգավաճ Հայաստանի» շուրջ օղակը կարծես սեղմվում է: Վերջինս հայտնվել է մի վիճակում, երբ նրա ամենևին ոչ շարքային անդամների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել ամենօրյա ռեժիմով:
Նախագահական ընտրություններից առաջ այս գործընթացը պատահականությունների շղթա համարելը, իհարկե, անմտություն կլինի: Բնականաբար, բոլոր այս գործերի մեջ կա հստակ տրամաբանություն: Քաղաքական ներկայիս զարգացումները հաշվի առնելով` առաջին հայացքից այս գործընթացի հիմնական նպատակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու մասին դիրքորոշում ստանալն է: Սակայն դա, ըստ էության, մակերեսային տպավորություն է՝ մի քանի պատճառներով: Նախ, եթե իսկապես ԲՀԿ-ականների դեմ իրար հետևից քրեական գործեր հարուցվեն, ապա կարճ ժամանակ անց կստացվի, որ այդ կուսակցությունը թալանչիների, պետական միջոցները յուրացնողների, գողերի ու ավազակների կուսակցություն է: Մի՞թե Սերժ Սարգսյանին պետք է, որ նրան սատարի այդպիսի համարում ունեցող քաղաքական ուժը:
Բնականաբար, ոչ: Հետևաբար, ԲՀԿ-ի նկատմամբ սկսված արշավն այլ նպատակ է հետապնդում: Ամենահավանականն այն է, որ այդպիսով իշխանությունը նոր թափ է հաղորդում ԲՀԿ-ի «ընդդիմադիր կերպարի ձևավորմանը»՝ այն հաշվարկով, որ նախագահական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն կարողանա այլընտրանքային ուժից դառնալ «արմատական ընդդիմություն»: Բնականաբար, իշխանությունը չի կարող չհաշվարկել, որ ԲՀԿ-ի դեմ արշավը մեծ քաղաքական հնչեղություն է ստանալու` այդ կուսակցությանը դարձնելով քաղաքական բանտարկյալներ կամ քաղհալածյալներ ունեցող ուժ: Առավել ևս` ԲՀԿ-ի հիմնական քաղաքական դեմքերից մեկը համարվող Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը մեծ քաղաքական աղմուկ կհանի:
Նրան անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը դեմ են քվեարկելու ՀԱԿ-ի անդամների մեծ մասը (թերևս, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի), ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Եթե դրան զուգահեռ ընթանա նաև ԲՀԿ-ական նախկին նախարարների դեմ հարուցված գործերի քննությունը, ապա «Բարգավաճ Հայաստանը» կդառնա իշխանության կողմից հալածվող ու ոչ իշխանական բոլոր կուսակցությունների պաշտպանությանն արժանացող ուժ:
Բոլոր այս էֆեկտները, ինչպես նշեցինք, հաշվարկում են նաև իշխանական տեխնոլոգները: Ու այդ տեսանկյունից ԲՀԿ-ականների դեմ սկսված արշավը ոչ միայն ու ոչ այնքան ԲՀԿ-ին ճնշելու, որքան ԲՀԿ-ի «ընդդիմադիր փուչիկը փչելու» նպատակ կարող է հետապնդել: Ակնհայտ է, որ այդպիսով ընտրություններից առաջ իշխանությունը ԲՀԿ-ից փորձում է ստանալ ՀԱԿ-2` գրեթե բոլոր ատրիբուտներով:
Ու թերևս պատահական չէ, որ հենց այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ քննարկում է մի քանի սցենարներ, այդ թվում` Ս. Սարգսյանին պաշտպանելու և ընտրություններից հետո «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու հնարավորությունը: Դա, ի դեպ, իշխանության համար բավական ձեռնտու սցենար է, քանի որ ԲՀԿ-ին մի քանի, մնացած ուժերին` ասենք, մեկական նախարարական պորտֆել տալով՝ ընդդիմությանը դե ֆակտո զրոյացնելուց հետո կարող է դա անել նաև դե յուրե: