Մեծամանդատիվ մուրացկաններ

Կառավարության այսօրվա նիստում ընդգկրված է խորհրդարանական ընտրություններում 3 տոկոս և ավելի ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքին աջակցություն ցույց տալու մասին հարցը:

Ֆինանսների նախարարության կողմից հեղինակած նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և ԱԺ 2012 թ. ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ընտրակարգով հավաքած ձայների թվի մասին ԿԸՀ-ի տվյալները:

Նախագծի համաձայն` կառավարությունը ՀՀԿ-ին կհատկացնի 18.2 մլն, ԲՀԿ-ին` 12.4 , ՀԱԿ-ին` 2.9, «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին` 2.3-ական, ՕԵԿ-ին` 2.2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից խորհրդարանական ուժերին կտրամադրվի 40.6 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Հայաստանյան չափանիշներով, դա, իհարկե, ծիծաղելի գումար է: Ավելին, ասենք` ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի համար կարող է անգամ պատվից ցածր համարվել այդ գումարը վերցնելը: Նրանք ի դեպ, դա կարող են վերահասցեագրել իրենց ընդդիմադիր գործընկերներին: Խնդիրը, սակայն, գումարի չափը չէ, ոչ էլ կուսակցություններին պետբյուջեից աջակցություն տրամադրելու երևույթն ինքնին:

Այդ քայլի հիմքում դրված է քաղաքական համակարգի աջակցության սկզբունքը, որն, ի դեպ, կիրառվում է զարգացած ժողովրդավարություն ունեցող բազմաթիվ երկրներում: Դրա իմաստն այն է, որ կուսակցությունները` անկախ իրենց կողմնորոշումներից, իշխանական կամ ընդդիմադիր լինելուց, համարվում են հանրային կյանքի կազմակերպման կարևորագույն ինստիտուտներ, որոնց կայացման համար վճարում են նաև հարկատուները: Այդ տեսանկյունից անգամ պետական բյուջեի միջոցների սղության պարագայում կուսակցություններին ոչ թե 100 հազար, այլ 1 մլն դոլար հատկացնելը կարելի էր ողջունելի համարել:

Սակայն արդյոք հայաստանյան կուսակցություններն արտահայտո՞ւմ են հասարակության լայն խավերի շահերը, արդյոք քաղաքացին իրեն տեսնո՞ւմ է իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի ծրագրերում ու գործողություններում: Բնականաբար, ոչ: Նաև դրա վկայությունն են վերջին շրջանում օր օրի ավելացող քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները, որոնք հաճախ իրենց վրա են վերցնում քաղաքական կուսակցությունների գործառույթներ:

Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի վերջո, անգամ ամենաընդդիմադիր ուժերն ինտեգրվեցին իշխանական համակարգին` վերցնելով կեղծված ընտրությունների արդյունքում իրենց բաժին հանված մանդատները: Ու նրանց գործունեությունն այսօր Ազգային ժողովում ծառայում է ոչ այնքան քաղաքացիների, որքան իշխանությունների շահերի սպասարկմանը: Քանի որ իշխանությունն անում է այն, ինչն անելու էր նաև ընդդիմադիրների բացակայության պայմաններում:

Սակայն ընդդիմադիրներն իրենց խորհրդարանական ներկայությամբ լեգիտիմացնում են իշխանությունների ցանկացած գործողություն` արտաքին աշխարհի համար Հայաստանի Ազգային ժողովը դարձնելով տարածաշրջանի ամենաժողովրդավարական հաստատություններից մեկը: Հասարակության նախկին վստահության ու ներկա ֆինանսական միջոցների հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս