Բաժիններ՝

Օն-լայն Booking-ը Հայաստանում զարգանում է

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` 2006-2007թթ. Հայաստան եկող տուրիստների 0.9 տոկոսը եկել է Հայաստան հենց առցանց ամրագրման (online booking)-ի միջոցով: Առցանց ամրագրման միջոցով Հայաստան եկողների մեջ առաջատարի դիրքերում էին Մեծ Բրիտանիան և Իտալիան:

Ինչ վերաբերում է ներկայիս թվերին, ապա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նման տվյալների իրենք չեն տիրապետում: Սակայն, ըստ նրա` ներկայում Հայաստանում աշխատանքներ են տարվում «Զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն» ծրագրի ուղղությամբ, որը կմեկնարկի հավանաբար հոկտեմբեր ամսին:

Ըստ Մ. Ապրեսյանի` ծրագիրը հնարավորություն կտա սահմանային անցման բոլոր կետերում սոցիալական հարցման միջոցով տեղեկանալ Հայաստան եկող և Հայաստանից մեկնող տուրիստների մասին մանրամասն տվյալների, Հայաստան գալու և Հայաստանից մեկնելու նպատակների, ինչպես իմացան Հայաստանի մասին, ինչպես նաև, թե ինչպես են նրանք ձեռք բերել տուր փաթեթ, և այլն: Հարցման միջոցով հնարավոր կլինի իմանալ նաև այն մասին, թե Հայաստան եկող տուրիստներից քանիսն են օգտվել օն-լայն booking-ի ծառայություններից: Նշենք, որ նմանատիպ հարցումներ վերջին անգամ իրականացվել են 2006-2007 թվականին:
Մ. Ապրեսյանի խոսքով` այսօր Հայաստանում ավելանում են առցանց ամրագրման թվերը, ինչպես նաև նմանատիպ ծառայություններ առաջարկող կայքերում գրանցված հյուրանոցների թիվը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս դարում և այսօրվա զարգացումների ժամանակաշրջանում, բնականաբար, այս կարգի գործիքները շատ կարևոր նշանակություն ունեն: Աշխարհում այսօր շատերն են օգտվում ինտերնետից և ինտերնետի միջոցով ամրագրում իրականացնելու հնարավորություններից»,- ասաց Մ. Ապրեսյանը` ավելացնելով, որ այս ոլորտում Հայաստանում առաջընթաց կա և չի կարող չլինել, քանի որ ընդհանրապես աշխարհում ինտերնետով ամրագրում իրականացնելու գործիքի նկատմամբ հետաքրքրությունը և դրա գործածելիությունը գնալով ավելանում է:

Կարդացեք նաև

Հայաստանում օն-լայն ամրագրման ծառայություններ առաջարկում են մի շարք հյուրանոցներ: «Արմենիա-մարիոթ» հյուրանոցի մարկետինգի բաժնի կոորդինատոր Անահիտ Թանթուշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հյուրանոցն, արդեն մի քանի տարի է` ունի նման ծառայություն: Հյուրանոցի գոյություն ունեցող երեք կայքերից` անգլերեն, ռուսերեն և հայերեն, ավելի շատ օն-լայն պատվերներ ունենում են հյուրանոցի անգլերեն կայքի միջոցով: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ հյուրանոցի պատվերների մոտ 10%-ն օն-լայն է իրականացվում: «Զարգացումն այս ոլորտում նկատելի է, քանի որ տարիներ առաջ ընդհանուր պատվերների միայն 4-5%-ն էր ինտերնետի միջոցով ընդունվում»,- ասաց Ա. Թանթուշյանը:

«Best Western Congress» և «Golden Tulip Yerevan»ղ հյուրանոցների մարկետինգի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանի խոսքով` իրենց հյուրանոցներում ևս օն-լայն պատվերները գնալով ավելանում են: «Օն-լայն եղանակով պատվերների ավելացումը նկատելի է տարեցտարի, օրինակ` եթե նախորդ տարի օն-լայն պատվերները մեր ընդհանուր պատվերների մեջ կազմում էին 8-10%, ապա այս տարի այդ թիվը կազմում է մոտ 15%»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Նշենք, որ վերոնշյալ երեք հյուրանոցներն էլ համագործակցում են թե արտասահմանյան, և թե ազգային օն-լայն ամրագրման ծառայություններ առաջարկող ընկերությունների հետ:
Հայաստանում տեխնոլոգիաները տուրիզմի ոլորտում սկսել են ակտիվորեն կիրառվել: Մեր երկիրն, ի տարբերություն հարևան երկրների, ունի տեղական հյուրանոցների օն-լայն ամրագրման համակարգ` armhotels.am-ը:

Armhotels ընկերության տնօրեն Աշոտ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջազգային զբոսաշրջության մեջ վերջին 3-4 տարիներին սկսել է ավելանալ օն-լայն պատվերների քանակը: Հայաստանյան հյուրանոցների օն-լայն ամրագրման համակարգում ևս սկսել է մեծանալ պատվերների աշխարհագրությունը և համակարգում ներառվող ընկերությունների քանակը: Ներկայում կայքի միջոցով կարելի է համարներ ամրագրել Հայաստանի ու ԼՂՀ-ի մոտ 130 հյուրանոցներում և առողջարարական կենտրոններում, որոնց թիվը պարբերաբար ավելանում է:

«Ազգային ամրագրման համակարգը հնարավորություն է տալիս ամրագրում իրականացնել ոչ միայն Երևանում գործող խոշոր հյուրանոցներում, այլ նաև հեռավոր շրջաններում` Մեղրիում, Սիսիանում և այլուր»,- ասաց Ա. Նազարյանը` նշելով, որ սկզբում բոլորն ասես թերահավատորեն էին նայում, իսկ հեռավոր շրջաններում չէին պատկերացնում, թե ինչ է օն-լայն ամրագրումը, իսկ այսօր արդեն այդ ամենի վերաբերյալ վերաբերմունքը փոխվել է: Ա. Նազարյանը նշում է, որ մինչ կայքի մեկնարկը իրենք շուրջ 3 տարի նախապատրաստական աշխատանքներ ենք տարել` ուսումնասիրել միջազգային փորձը և հայաստանյան հյուրանոցների շրջանում տեխնոլոգիական հագեցվածությունը, ինչպես նաև հյուրանոցների աշխատակիցների շրջանում տեխնոլոգիական գիտելիքների մակարդակը: «Այդ ամենի համար անգամ տարբեր դասընթացներ ենք իրականացրել, ինչը հատկապես հեռավոր շրջաններում աշխատող մարդկանց համար անհրաժեշտություն էր»,- ասաց Ա. Նազարյանը:

Նշենք, որ առաջին ազգային օն-լայն ամրագրման համակարգը պաշտոնապես գործարկվել է մարտի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: www.armhotels.am համակարգը թույլ է տալիս համակարգել և ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները: Վճարումն իրականացվում է Moneybookers և ArCa վճարային համակարգերի միջոցով: Նշենք, որ այսօր շատ քիչ երկրներ ունեն իրենց առցանց ամրագրման համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս