Բոբդեն Օյլ

Ծովախեցգետինները` պահածոյատուփում

Սկիզբը` թիվ 81

Տասնչորսերորդ հարկում նա իրոք հանդիպում է ծերուկին: Փոքրիկ ներածությունից հետո Ֆոգտը նրան շարադրում է գործի էությունը, նկարագրում է, փոքր-ինչ գույները խտացնելով, Յախեկի հատկություններն ու այդ մարդու հետ կապված իր ծրագրերը:

– Բայց,- ասում է Ֆոգտը,- դե դուք գիտեք Բաստենակենին, նա չի սիրում դուրս գալ ընդունվածի սահմաններից, չէ՞ որ նա այնպիսի ֆորմալիստ է: Ահա և ես մտածեցի, որ դուք, ձեր պայծառ ուղեղով, բոլոր պայմանականություններին հակառակ` միակ ճիշտ որոշում ընդունելու ձեր ունակությամբ, կարող էիք ինձ աջակցելգ

Պարոն Տակեն սկզբում ոչինչ չի հասկանում: Ֆոգտը ստիպված է լինում մեկ անգամ ևս կրկնել, բայց երբ ծերուկին, վերջապես, տեղ է հասնում, նա գոհունակ գլխով է անում: Պիտանի մարդ պիտանի տեղում` այդպիսին է միշտ եղել նրա նշանաբանը, դրա օգնությամբ էլ նա մեծ թափ է հաղորդել գործին: Ճիշտ է, նա առաջին անգամ է լսում Նյամբանում գործարանի գոյության մասին, իսկ Բաստենակենին միշտ շփոթում է իր վարորդի հետ, ում ազգանունը Վաստենհաուդ է:

Նա նետվում է Բաստենակենի մոտ, Ֆոգտը ստիպված է լինում նրան պահել, հայտնի չէ, թե ով է հիմա Բաստենակենի մոտ: Բայց վերջինիս քարտուղարուհին հաղորդում է, որ իր շեֆը մենակ է իր գրասենյակում և կարող է նրանց ընդունել: Նրանք իջնում են տասներեքերորդ հարկ և մտնում են Բաստենակենի չափազանց խղճուկ կահավորված գրասենյակը: Նա տեսություն ունի, որ լավ է աշխատվում միայն դատարկ պատերի ներքո, և նա երբեք առիթը բաց չի թողնում, որ չարախնդորեն այդ մասին հիշատակի, իր գործընկեր տնօրենների շքեղաշուք գրասենյակները մտնելիս: Տակեն և Ֆոգտը նստում են չորուկ աթոռների վրա և պատմում են իրենց այցի նպատակի մասին:

Բաստենակենը Ֆոգտին բացարձակ ոչնչություն է համարում, թեպետ և նա կարողանում է ճարպիկ երևալ, և ինչ-որ որոշում ընդունելիս` ինքն իրեն հնարավոր սխալների հետևանքներից վնասազերծելու ունակություն ունի: Ինչո՞ւ էր, օրինակ, այստեղ քարշ տվել ծերուկին: Հայտնի է, որ Տակեին կարելի է ինչի ասես տրամադրել: Մյուս կողմից` ծովախեցգետինների պահածոյացումն Ինյամբանում իսկապես չափազանց դանդաղ է առաջ գնում, գործարանը դեռ ոչ մի ցենտ օգուտ չի տվել, եթե այդ Յախեկը ունի այն հատկությունները, որ նրան վերագրում են, թեկուզ և կեսը, ապա այդ ժամանակ ևս նա աշխարհի ութերորդ հրաշալիքն է:

Եվ եթե նրա նշանակումը օգուտ չբերի, ապա վնաս էլ չի բերի, հաշվի առնելով, որ գործերն այդ գործարանում չեն կարող ավելի վատ ընթանալ, քան ընթանում են: Բայց, մյուս կողմից էլ, այդպես մեկեն վերցնել ու համաձայնվել էլ չի կարելի, մեկ էլ տեսար, կսկսեն ասել, որ Բաստենակենին ոնց ասես կարելի է ֆռռացնել, ով ոնց կամենա, իսկ դա անթույլատրելի է:

Այդ պատճառով նա զանազան առարկություններ է անում, օրինակ, իսկ այդ Յախեկը գիտի անգլերեն և պորտուգալերեն, իսկ ո՞նց է կանանց հարցում` չէ՞ որ անառակությունը նեգրուհիների հետ որոշակի սահմաններից պիտի չանցնի, և ինչպե՞ս կարող էր պատահել, որ այդպիսի անձնավորությունը քսան տարի աննկատ է մնացել, ընդհանուր առմամբ, չէ՞ որ դա Ֆոգտի անփութության արդյունքն է: Բացի այդ, ինչպե՞ս կվերաբերվի դրան Ինյամբանում արտադրության վարիչը: Բայց Տակեն համառում է, նա ամեն գնով ուզում է իր ասածի տերը լինել և շեշտում է, որ ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Իրականում դրանից ոչ մի բան չի փոխվում, բայց Բաստենակենը ձևացնում է, որ հենց այդ փաստարկն էլ համոզեց իրեն, նա համաձայն է, բայց մի պայմանով` նա ուզում է ամենից առաջ ինքը տնտղել այդ Յախեկին: «Թող երկուշաբթի գա ինձ մոտ»,- լուրջ ասում է նա, և այսպիսով հարցը լուծված է:

Այդ երեք օրը Յախեկը նստեց իր սենյակում, ամենքից թաքնվելով: Այրի Կրամերը մշտապես նրան կերակուր էր բերում: Մի անգամ նա փորձեց բողոքել, բայց Յախեկը հարցական նայեց նրան, և այն մարդու անսխալ բնազդով, ով միշտ բռնանում է ուրիշների վրա, նա հասկացավ, որ Յախեկն իր բանը չէ:

Համարյա միշտ նա գտնվում էր շվարածության և հուսահատության վիճակում: Նրան նույնիսկ ազատվել չհաջողվեց: Ճիշտ է, նա սկսել էր գիտակցել, որ բերանի ձևի փոփոխությունը, և դրա հետ մեկտեղ` նրա դեմքի ողջ կառուցվածքն արմատապես փոխել է իր նկատմամբ շրջապատի վերաբերմունքը: Լինում էին րոպեներ, երբ դա նրա համար շատ հաճելի էր, բայց, ավելի խորը մտածելով, նա հասկացավ, որ նրա ոգին նոր ձևի հետ համապատասխանության չի եկել: Նախկինում իր հիմարավուն արտաքինը լիովին համապատասխանում էր իր ոգուն, այժմ հավասարակշռությունը լրիվ խախտվել է, և թեպետ բերանի սարթ ձևը, անշուշտ, նրան որոշ առավելություններ էր տալիս, ուրիշների համար անտեսանելի ձևի և բովանդակության խախտումը դրանք չեզոքացնում էր, ավելին, դա հետագայում կարող էր ամենասարսափելի թյուրիմացությունների հանգեցնել:

Դե ի՞նչ ասես, օրինակ, նամակի մասին, որը նա ստացավ շաբաթ օրը: Խոսակցությունը տասներեքերորդ հարկի պարոն Բաստենակենի հետ նրա ուժերից վեր է: Նա հեռացված չէ, դա պարզ է, բայց ի՞նչ այդ ժամանակ: Նա շատ անգամներ ջանում էր հիշել իր խոսակցությունը Ֆոգտի հետ, բայց որքան էլ հիշողությունը լարում էր, ընդունման և հեռացման բաժնի վարիչի ճշգրիտ խոսքերը նրանից խույս էին տալիս: Նա միայն հիշում էր, որ Ֆոգտը նրան կարգադրեց տուն գնալ:

Շաբաթ օրը ամենասարսափելի օրն էր` նամակը դրված էր սեղանի վրա, իսկ նա պտտվում էր շուրջը, ընթերցում և վերընթերցում էր այն, ապարդյուն ջանալով ստերոտիպ նախադասություններից դուրս բերել խորունկ իմաստը: Նա ավելի ու ավելի էր նյարդայնանում: Նա պետք է խոսի Բաստենակենի հետ, մարդու հետ, ում միայն անունը երրորդ հարկում շշուկով էին արտասանում, և այն էլ` հազվադեպ: Ելքի փնտրտուքներում նա մտածեց ինքնասպանության մասին, բայց ինչպե՞ս այն իրագործի: Այդուհանդերձ, այդ երեկո նա վեց տուփ քնաբեր ընդունեց` այն ամենը, ինչ մնացել էր: Բայց քնաբերը թույլ էր, դա մահվան չէր հանգեցնի, եթե նա նույնիսկ տասներկու տուփ ընդուներ: Ըստ էության, նա այդպես էլ ենթադրում էր, բայց կտրուկ քայլերի Յախեկն ընդունակ չէ, նա սուռոգատներով է զբաղվում, որոնք իր խեղճության մեջ ընդունում է` որպես ճշմարիտ ելք իրավիճակից: Կիրակի նա արթնացավ սարսափելի ուժեղ գլխացավով, որն անցավ միայն մի քանի ժամ հետո, փոխվելով նրան արդեն ծանոթ երանելի անտարբերության: Այդ վիճակում նա գտավ սիգարների տուփը, որը նրան` չծխողին, նվիրել էին մի անգամ իր ծննդյան օրը: Հայելու առաջ կանգնած, նա բերանի անկյունը խրեց սիգարը, և դրանից նրա դեմքն էլ ավելի սարսափազդու էր երևում, նա նույնիսկ ծիծաղեց: Նրա գլխում դավադիր միտք է ծնվում, ընդհանրապես Բաստենակենի մոտ չգնալ, բայց հետո նա որոշեց, որ դա արդեն չափազանց է:

Եվ ահա նա նստած է Բաստենակենի դիմաց, տասնհինգ րոպե ուշացած, բայց չէ՞ որ նա, իսկապես, մեղավոր չէ: Վերելակը նորմալ բարձրացավ մինչև տասներեքերորդ հարկ, բայց երբ նա ուզում էր դուրս գալ, պարզվեց, որ դուռը չի բացվում: Շուտով հայտնվեց տեխնիկը և ազատեց նրան, բայց մինչ այդ նա ստիպված եղավ զանազան արկղիկներ բացել և տարբեր գործիքներ փնտրել:

Յախեկն ուզում է ամենից առաջ Բաստենակենին բացատրել իր ուշացման պատճառը, բայց շփոթմունքից ոչ մի կերպ չի կարողանում: Ի դեպ, Բաստենակենը դա նրան չի էլ հարցնում, ուշացումը նրա վրա հենց լավ տպավորություն է թողել: Միայն նշանակալի մարդը կարող է իրեն թույլ տալ ուշանալ գործնական հանդիպումից:
Նրան, ինչպես և մնացյալին, Յախեկի արտաքինը դուր է գալիս, դրանում, համենայն դեպս, Ֆոգտը ճիշտ դուրս եկավ: Յախեկի բթացումը, յուրատեսակ շոկային վիճակը նա ընկալում է` որպես հանգստություն և ինքնատիրապետում: Նա նրան սիգար է առաջարկում, Յախեկը շնորհակալություն է հայտնում և այն խրում է բերանի անկյունը: Նա ծուխը քաշել չգիտի և մի քանի ակնթարթ հետո սիգարը մարում է։ Բաստենակենը քաջալերանքով նայում է նրան, նա պատկերացնում է, թե ինչպես է այս տղան շրջում Ինյամբանում նեգրերի և մուլաթների մեջ` ծամելով մարած սիգարը և ժամանակ առ ժամանակ հիշոցներ տեղալով:

Պատմելով գործարանի մասին, նա գունազարդեց փաստերը, իրականում դա մեծ երկաթյա սրահ է, իսկ շուրջբոլորը` ճահիճներ, տապ, միջատների ամպեր: Սպիտակամորթների համար նոր սարքված տնակները հեռվանց հաճելի են թվում, բայց իրականում բանի պետք չեն: Պաշտոնական արարողության ժամանակ նույնիսկ ինքը` ամրակուռ Բաստենակենը, դրանք տեսնելով, փոքր-ինչ շվարեց:

– Այսպիսով, պարոն Յախեկ,- ասում է նա,- ես ուրախ եմ, որ վերջապես մենք կարող ենք հանգիստ զրուցել: Այսպիսով, ահա թե ինչի մասին է խոսքըգ
Եվ նա սկսում է պատմել Ինյամբանի մասին, որ տեղադրված է հրաշագեղ Մոզամբիկում, այն մասին, թե ինչ հիանալի է այնտեղ ամեն ինչ և ինչպես, այդուհանդերձ, վշտալի ցածր է արտադրության մակարդակը:

– Բնավորությամբ և համառությամբ օժտված մարդու համար այնտեղ չտեսնված հնարավորություններ են բացվում: Եվ ահա բազում թեկնածուներից մենք ընտրեցինք ձեզ: Որոշողը դուք եք: Աշխատավարձը շատ ու շատ գերազանցում է ձեր այսօրվա աշխատավարձը, դուք առանձին տուն կունենաք, հաճելի գործընկերներ, բազում կին սպասուհիներ, որ ձեզ համարյա ձրի կծառայեն: Իհարկե, աշխատանքը հեշտ չէ, ի վերջո, դուք միայն պետք է ուրիշներին աչքի տակ պահեք:

Ահա համառոտ, թե ինչ կարող ենք մենք ձեզ առաջարկել: Իհարկե, հարկ է որոշակի նախապատրաստվածություն անցնել, հետազոտվել բժիշկների մոտ, պատվաստումներ անել, փոքր-ինչ պորտուգալերեն սովորել, ծանոթանալ պահածոյացման տեխնիկային, այդ ամենը մանրուքներ են: Մեզ մոտ վերապատրաստումն անցկացնում են Դրիբերգենում, այնտեղ իսկական դղյակ է` անտառներում կորած դղյակ, դե, նաև եղանակն է հիմա բարենպաստ: Եվ այդ ամենն իրար հետ մեկուկես ամիս կտևի: Իսկ հետո, ողջույն Ինյամբան: Դե, պարոն Յախեկ, ի՞նչ կասեք:

Յախեկը լռում է: Ինյամբան, Մոզամբիկ, Աֆրիկա: Ծովախեցգետինների պահածոյացում, վերահսկել, առանձնատո՞ւն: Նա նույնիսկ չի փորձում այդ ամենի մասին մտածել, նա ծամում է իր սիգարը, որը կգերադասեր պարզապես դեն նետել: Նա ենթարկվում է ճակատագրին, Բաստենակենի բարեհամբուրության ազդեցության տակ, ով խոսում է նրա հետ, ինչպես հավասարը հավասարի հետ, նրա սկզբնական բթացումն անցնում է, հետզհետե տնօրենի խոսքերը սկսեցին նրա գլխում վերածվել գիտակցված նախադասությունների: Նրան պարզ է, որ մարդիկ իրենից ինչ-որ բան են սպասում, որ նրանք վստահում են իրեն: Դա նրա համար ամենակարևորն է, դեպի Աֆրիկա գալիք ճամփորդության մասին նա ավելի քիչ է մտածում, այդ ամենն այնքան անէական է: Բայց ինչ հրաշալի է` իմանալ, որ քեզ վստահում են: Նա իրեն, ինչպես երբեք, հանգիստ և հարմարավետ է զգում: Նրան` Յախեկին, վստահում են տնօրենները:

Բաստենակենը նայում է նրան, պատասխան սպասելով: Նա տեսնում է Յախեկի ինքնամփոփ, սարթ դեմքը և չի էլ կասկածում, որ նա սառնասրտորեն ծանր ու թեթև է անում բոլոր «լավ ու վատ» կողմերը: Եթե Յախեկը համաձայնվի Ինյամբան գնալ, Բաստենակենը հոգ կտանի այն մասին, որպեսզի նա մինչև իր կյանքի վերջին օրերն այնտեղ մնա: Գլխավոր ղեկավարման բաժնում նստած, այդպիսի մարդը վտանգ կներկայացնի, և առաջին հերթին հենց իր` արտասահմանյան բաժանմունքների տնօրենի համար: Բոլոր պաշտոնները զբաղեցված են, տեղեր այլևս չկան, առանց այդ էլ ցածրում եղածներն անընդհատ ճնշում են բարձրում եղածներին: «Այս տղային ողջ կյանքով մեկ պետք է կորցնել ջունգլիներում»,- որոշում է Բաստենակենը:

Յախեկը հասկանում է, որ հիմա նա ինչ-որ բան պետք է ասի: «Աֆրիկա,- մտածում է նա,- ես ի՞նչ պիտի անեմ Աֆրիկայում»: Նրա փոքրիկ հայացքի առջև հայտնվում են նեգրերը` նրանք պարում են, տեգերն են շարժում: Արդյո՞ք նա իրավունք ունի նեղացնելու այդ մարդկանց կոպիտ հրաժարումով, նա դեռ մեկուկես ամիս կմնա Դրիբերգենում` բավականաչափ ժամանակ մտածելու և որոշում կայացնելու համար: Նա կազատվի երրորդ բաժնից, կազատվի մեֆրաու Կրամերից, ով նրա վրա զարմացած հայացքներ է նետում, նա ստիպված չի լինի նոր տեղի համար դռնեդուռ ընկնել: Բայց գուցե թե, նա լավ չլսեց կամ չհասկացավ: Նա բերանից սիգարը հանում է և նետում է Բաստենակենի կողքի աղբարկղի մեջ:

– Մեկուկես ամիս Դրիբերգենում,- ասում է նա,- իսկ հետո այդգ դե, Աֆրիկա՞:

– Հենց այդպես,- ասում է Բաստենակենը: -Եվ այն ժամանակ, երբ դոք Դրիբերեգենում կլինեք, ձեզ կուղարկվի նոր աշխատավարձը:

– Դե ինչ,- ասում է Յախեկը,- երևի թե այդպես էլ լինի:

Երբ նա արտաբերում է այս խոսքերը, նա հանկարծ իրեն վատ է զգում: Նրա գլխին միանգամից շատ բան փուլ եկավ, և նա վստահ չէ, թե արդյո՞ք ճիշտ է վարվում:
Բաստենակենը ելնում, սեղանի մոտով դուրս գալիս և հանդիսավոր սեղմում է Յախեկի ձեռքը:

– Դուք ամեն ինչ ծանր ու թեթև արեցիք և ճիշտ որոշում կայացրիք: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը դրա համար չի փոշմանի:
Յախեկը նույնպես ելնում և Բաստենակենին երախտագիտություն է հայտնում: Ամենից շատ նա կուզենար վերադառնալ իր սենյակը, բայց նա հասկանում է, որ դա անհնար է:

Եվ իսկապես, պարզվում է, որ դեռ պետք է ինչ-որ ձևականություններ կատարել: Հեռախոսով կանչում են Ֆոգտին, նա հայտնվում է, ինչպես միշտ, ինչ-որ թղթեր ձեռքին, և նրանք երեքով քննարկում են Յախեկի ճանապարհորդությունը Դրիբերգեն: Բոլորը գոհ են մնում, մի շաբաթից Յախեկը կուղևորվի քաղաքից դուրս վիլլա, որտեղ նրան փորձ կներարկեն, ինչը որ պետք կգա Ինյամբանում։ Նրանք սուրճ են խմում, իսկ հետո Բաստենակենը սկսում է անհամբերության նշաններ ցույց տալ, նա պետք է վերադառնա իր աշխատանքին: Նա մեկ անգամ ևս սեղմում է Յախեկի ձեռքը և հիշեցնում է` պատշաճությունը պահանջում է, որպեսզի Յախեկը մտնի պարոն Տակեի մոտ` ծանոթանալու, ի վերջո, հենց Տակեն է այս ողջ գործի ներշնչողը, ասում է նա, համենայն դեպս, նսեմացնելով Ֆոգտի արժանիքները, եթե հանկարծ Յախեկի նշանակումը հաջողություն բերի: Ֆոգտը փոքր-ինչ կասկածանքով, քմծիծաղելով հայտնում է իր համաձայնությունը: Բաստենակենի քարտուղարուհուն ուղարկում են պարոն Տակեին գտնելու, և նա նորից նրան գտնում է տասնչորսերորդ հարկում, պատուհանի մոտ:

Ֆոգտը հանդիսավոր Յախեկին մտցնում է նիստերի դահլիճ: Յախեկը հազիվ համարձակվում է այս ու այն կողմ նայել, նա շարժվում է` ինչպես երազում: Ֆոգտը տեղեկացնում է Տակեին գործի ընթացքի մասին, և նա նույնպես սեղմում է Յախեկի ձեռքը: Այո, նա հիշում է, ճիշտ է, նա անընդհատ խոսում է ծովախեցգետինների փոխարեն ինչ-որ ձկների մասին:
Ինյամբան, այո, նա խնդրում է սպառիչ տեղեկատվություն հավաքել, եթե այնտեղ գործը ինչպես հարկն է գլուխ բերվի, ապշեցուցիչ արդյունքներ կլինեն: Նա խուզարկու հայացքով նայում է Յախեկին, քաջալերանքով ինչ-որ բան է քրթմնջում և թաղվում է խորը բազկաթոռի մեջ: Ֆոգտն ու Յախեկը նույնպես նստում են: Մի հինգ րոպեանոց հաճելի զրույցից հետո, որն ընդհատվում է ծերուկի քրթմնջոցով ու դադարներով, հնչում է հեռախոսազանգը, Ֆոգտը վերցնում է լսափողը` նրան շտապ կանչում են, նա ներողություն է խնդրում և փութով հեռանում է:

Ֆոգտի գնալուց հետո Տակեն ելնում է տեղից:

– Լսիր Յախեկ, ի՞նչ ես կարծում, այս առիթով մի բաժակ խերես չխմե՞նք,- ասում է նա կամացուկ: -Միայն թե ոչ մեկին չպատմես, եթե իմանան, ոտով-գլխով կորած ենք: Բանն այն է, որ բարի բանալին ինձ մոտ է, բայց դա ոչ մեկը չգիտի, բոլորը կարծում են, որ ես գնում եմ այնտեղ համայնապատկերով հիանալու:
Յախեկն ասում է, որ հաճույքով մի բաժակ կխմի: Նա ընդհանրապես չի խմում և համարում է, որ խերեսի համար հիմա հարմար ժամ չէ, ժամը տասնմեկն է, բայց նա չի համարձակվում հրաժարվել: Տակեն զգուշորեն բացում է դուռը, որպեսզի համոզվի, որ շուրջբոլորն ամեն ինչ խաղաղ է: Նա հանում է բանալիների կապոցը, մոտենում է բարին, Յախեկին իր մոտ է կանչում, իսկ հետո դավադրի տեսքով բացում է բարը, երկու բաժակ խերես է լցնում և մեկը երկարում է Յախեկին:

– Ահա,- ասում է նա,- միանգամից խմիր, ավաղ, մենք չենք կարող հանգիստ նստել և խմել, ռիսկը շատ մեծ է: Նա ինքը երեք կումով ամբողջը խմում է, որոշ տատանումներից հետո Յախեկը հետևում է նրա օրինակին: Տակեն արագ բաժակները տեղն է դնում, փակում է բարի դուռը ու բավականության հոգոցով նորից թաղվում է բազկաթոռի մեջ: Յախեկը նույնպես նստում է, խերեսն այրում է նրա դատարկ փորը` այսօր առավոտյան նա այնքան էր նյարդայնանում, որ չկարողացավ ուտել: Հիմա նա իրեն վատ կզգա, նա սեղմում է շուրթերը, ձեռքերը պրկում և սևեռված նայում է էլեկտրալամպին, ունկ դնելով իր ներսի տարօրինակ զգացումներին:

Բայց մի քանի րոպեից այրոցը փոքր-ինչ մեղմանում է, հետզհետե ողջ մարմնով մեկ հաճելի սարսուռ է անցնում: Շրջապատող առարկաները առավել կտրուկ ուրվագծեր են ստանում, լարումը թուլանում և իր տեղը զիջում է մտքի պաղ պարզությանը: Նա այնքան է զբաղված իր օրգանիզմում կատարվող փոփոխություններով, որ համարյա թե չի լսում Տակեի բարբաջանքը, ով անցած ժամանակների մասին, պիոներական ոգով, հուշերի գիրկն է ընկել:

Յախեկը նույնպես անցյալի գիրկն է ընկնում, ճիշտ է, սահմանափակվելով անցած շաբաթով` այն պահից ի վեր, երբ նա սափրվելիս առաջին անգամ հայտնաբերեց իր նոր բերանը, մինչև այս պահը, երբ նա հավասարը հավասարի պես զրուցում է պարոն Տակեի հետ, ում գոյության մասին նա մի շաբաթ առաջ գաղափար անգամ չուներ: Նրա վախերն ու կասկածները փոխվել են անզսպելի համարձակության: Իսկ ինչո՞ւ նա չդառնա այն մարդը, ով կարգուկանոն կհաստատի ինյամբենյան այդ խառնաշփոթում: Չէ՞ որ այս բոլոր մարդիկ հիմարներ չեն` Ֆոգտը, Բաստենակենը, Տակեն: Եթե նրանք իր մեջ ինչ-որ բան տեսնում են, կնշանակի` դա պատահականություն չէ, կնշանակի` նա այնպիսի հատկություններ ունի, որոնց մասին նա նույնիսկ չէր էլ կասկածում, բայց ինչը որ չվրիպեց նրանց փորձառու աչքից: Դե, ինչ է նրա կյանքը մինչև հիմա` խեղճուկրակ անիմաստ կյանք, գորշ առօրեականություն, առանց որևէ լարումի ու պատասխանատվության: Վերջապես նա իսկական տղամարդ կդառնա, նրանցից, ում հետ անհնար է հաշվի չնստել: Իսկ ի՞նչ էր Բաստենակենը խոսում սպասուհիների մասին:

Իր կյանքի այդ կողմն էլ նշանակալիորեն կփոխվի, դե նա այդ սևամորթ սպասուհիների հախից կգա, նա շատ երկար է իր մղումները ճնշել, բայց հիմա նա դրանց ազատություն կտա: Նրա առջև պեծին են տալիս մերկ նեգրուհիների պատկերները` փայլփլուն մաշկով և պինդ սուր կրծքերով, նրանք իր` հիանալի տղամարդու առջև, հաճույքից ուժասպառ են լինում: Գուցե և նա նրանց ծեծի` մտրակով կամ հենց այնպես, դա նա տեղում կորոշի:
Երբ Տակեն նրան առաջարկում է դեպի բար երկրորդ ճամփորդությունը կատարել, նա տեղից վեր է թռչում և պռնկեպռունկ լցնում է իր բաժակը:

– Ես միշտ բավարարվում եմ երկու բաժակով,- ասում է Տակեն,- բայց դու հանգիստ կարող ես երրորդը խմել, ես չեմ ափսոսում: Եթե նույնիսկ ամբողջ շիշը պարպես, փույթ չէ, ես նորը կառնեմ և տեղը կդնեմ:

– Դե ուրեմն մի կես բաժակ ևս,- ասում է Յախեկը և հանկարծ զկրտում է: Նա սարսափելի անհարմար է զգում, բայց Տակեն միայն ծիծաղում է. «Էս ինչ փառավոր մարդ է»,- մտածում է Յախեկը, նա լացելու աստիճանի հուզվել է: Ինչ հիմար էր նա, երբ վախենում էր այս մարդկանցից, նրանց մեջ ամենևին չկա այն կասկածամտությունն ու անբարեհամբուրությունը, որ տիրում է երրորդ հարկում: Այս մարդիկ նստած են ամենաբարձրում, նրանք որևէ մեկից զգուշանալու բան չունեն, և նա` Յախեկը, հիմա նրանցից մեկն է:

Երրորդ բաժակն արագ պարպվում է, բարը դարձյալ փակվում է, և նրանք վերադառնում են դեպի բազկաթոռները: Յախեկը նկատում է, որ շարժումները ոլոր-մոլոր են, դա նրան շատ զվարճալի է թվում: Նա ոչ մի փորձ չունի այդ բնագավառում և չի հասկանում, որ շուտով լրիվ հարբած կլինի: Օդում ինչ-որ ոսկե շողարձակում է հայտնվում, ողջ մթնոլորտը բարեհամբուրությամբ է շողշողում: Յախեկի աչքերը թացանում են, նա ուզում է ուրախությունից լացել: Նա նույնիսկ թրխկացնում է Տակեի ուսին և սկսում է իր կցկտուր պատմությունն այն մասին, թե ինչ է նա պատրաստվում անել Մոզամբիկում: Նա շոգում է, դեմքը կարմրել է: Տակեն, իր կարծրախտի մշուշով պարուրված և առաջնակարգ խերեսի երկու բաժակից գինովցած, գտնում է, որ այդ ամենը պարզապես հիանալի է, իսկ երբեմն սկսում է երեխայի պես քրքջալ:

Յախեկը պատրաստվում է անցնել այն բանին, թե նա ինչ է անելու սպասուհիների հետ, գուցե Տակեն նրան ինչ-որ խորհուրդ տա, բայց նա սկսում է հեղձուկ զգալ:

– Պատուհանը բացե՞նք,- առաջարկում է նա:

– Բաց,- ասում է Տակեն, նա Յախեկի առջևից գնում է դեպի պատուհանը և լայն շարժումով այն բացում է: Անձրևը դեռ գալիս է, բայց եղանակն այդքան մռայլ չի երևում: Յախեկը խորը շնչում է պաղ օդը և մունջ հիացմունքի մեջ նայում է թաց կտուրների ծովին և փայլփլուն փողոցների եզրագծերին, նա իրեն ներքևում իրար անցած այս միջատների տերն է զգում:

– Գիտե՞ս, թե ես երբեմն ինչով եմ զբաղվում,- խորհրդավոր տեսքով հարցնում է Տակեն:

– Դե՞,- Յախեկը կանխապես ծիծաղում է:

– Ես վայր եմ նետում ծխախոտի մնացուկները,- ասում է Տակեն շողշողալով:

– Ծիծաղից կթուլանաս, մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե դրանք որտեղից են հայտնվում: Ամենահետաքրքիրը, իհարկե, երբ մնացուկը մեկի գլխին է ընկնում, այդ մարդը մի մետրի չափ դեն է թռչում: Արի փորձենք:
Յախեկը, լեզուն փաթ ընկած, համաձայնվում է, նրան թվում է, թե դա սարսափելի ուրախ խաղ է: Տակեն մոտենում է բազկաթոռին, որի կողքը կաշվե պայուսակ է: Յախեկը քարշ է գալիս նրա հետևից և տեսնում է, թե ինչպես է Տակեն պայուսակի ետևից ծխախոտի մնացուկներով լեցուն ցելոֆանե մի տոպրակ հանում:

– Ես հատուկ հավաքում եմ դրանք,- ասում է նա,- սրանք իդեալականապես սազում են այս գործին, բավականաչափ ծանր են, և, դրա հետ մեկտեղ, այնքան ամուր չեն, որ իսկապես ինչ-որ մեկին վիրավորեն: Գնացինք:
Նրանք վերադառնում են պատուհանի մոտ, և Տակեն, քմծիծաղելով, նետում է առաջին ծխախոտամնացուկը, որ ընկնում է փողոցի վրա, ոչ մեկից չնկատված:

– Վրիպեցիք,- հրճվում է Յախեկը: -Հիմա ես:
Նա վերցնում է տոպրակից մի մնացուկ և սպասում է, մինչև որ մայթեզրին, նրանցից շատ հեռու, մարդկանց մի շատ մեծ խումբ է հայտնվում: Այնժամ նա նետում է մնացուկը, և երկուսն էլ պատուհանից դուրս են ցցվում, որպեսզի հետևեն դրա անկմանը: Նրանք այն տեսադաշտից կորցնում են` չափազանց բարձր են, բայց անցորդներից մեկը մի կողմ է թռչում:

– Կպար,- գոռում է Տակեն, և ծիծաղից բառաչելով` թրխկացնում է Յախեկի ուսին: Յախեկը հավասարակշռությունը կորցնում է, պատուհանագոգը ցածր է և չի կարող նրան պահել: Նա զգում է, որ հիմա դուրս կընկնի, նա խուճապի մեջ է ընկնում, փորձում է ինչ-որ բանից բռնվել և բռնվում է պատուհանից դուրս ցցված Տակեի ձեռքից: Նա նույնպես կորցնում է հավասարակշռությունը, և նրանք երկուսով դանդաղ պատուհանից ցած են սահում, միասին սկսում են իրենց վերջին վայրէջքն առ խորություն` ծխախոտամնացուկների ետքից, բայց Բաստենակենը նրանց չի տեսնում, խոշորացույցը ձեռքին նա հակվել է մի հազվագյուտ դրոշմանիշի վրա, մտածելով` առնի՞ այն, թե՞ ոչ: Բայց Ֆոգտը, երկու հարկ ներքև, հենց այցելուի կողքից նայում է պատուհանին: Ի զարմանս իրեն, նա տեսնում է, թե ինչպես տնօրեններից ավագը ձեռք ձեռքի տված արտադրության բաժնի վարիչի նորաթուխ օգնականի հետ պատուհանի մակարդակի վրա սալտե-մորտալե են անում, և տեղնուտեղը սկսում է խորհրդածել այն բանի մասին, թե այդ երկուսի անհետացումն ինչպես կանդրադառնա իր վիճակի վրա:

Թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը

Տեսանյութեր

Լրահոս