Բոբ Դեն Օյլ

Ծովախեցգետինները` պահածոյատուփում

Յախեկը կանգնած է հայելու առաջ և սափրվելուց հետո մաքրում է այտերը: Նա իր կլոր դեմքը համարյա կիպ մոտեցնում է ապակուն` փրփուրի մնացուկների փնտրտուքներում և, ընդ որում, տեսնում է իր բերանը` տձև և անօգ: Եվ տեսնում է, որ բերանի ձախ անկյունը կախ է ընկնում, ինչի շնորհիվ նրա դեմքը ծայրահեղ քամահրանքի արտահայտություն է ձեռք բերում, դառնում է սարթ ու անողոք, և միաժամանակ` հաստատակամ: Ինչ տարօրինակ է` իրականում նրա շուրթերն անշարժ են, նա մկանների աշխատանքը չի զգում, ինչն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի այդպիսի փոփոխություն հարուցի: Ընդհանրապես, նա շատ անգամ է պարապել հայելու առաջ, ձգտելով այդպիսի արտահայտության հասնել, բայց դա նրան դեռ երբեք չի հաջողվել: Նա արագ շրջվում է հայելուց: Ամենալավը` տեղնուտեղն այդ փոքրիկ միջադեպի մասին մոռանալն է:

Գալով ծառայության, նա սկզբում ձեռք է զարնում ամենաշտապ գործերին, հետո սուրճ է ըմպում` մտադրվելով մնացած ժամանակն ընծայել ընթացիկ գործերին: Նա պահածոների արտադրության և վաճառքի գծով վիթխարի մի կոնցեռնի գլխավոր ղեկավարման ծառայող է: Նա ենթակայական վիճակում է, փառասիրական ձգտումներ չկան, և նա ջանում է իր վրա հնարավորինս քիչ ուշադրություն գրավել: Հենց այդ պատճառով էլ, բոլոր ծառայողական փոփոխությունների, պարգևատրումների և աշխատավարձի բարձրացման ժամանակ գործընկերները փոքր-ինչ երկնչում են նրանից:

Նրանք ընտել են բացահայտ պատերազմի, որում բոլոր միջոցներն էլ լավ են, և Յախեկի վարվելակերպը նրանց համար անհասկանալի է: Նրանք ենթադրում են, որ նա ինչ-որ թաքուն ռեսուրսներ ունի, որոնց մասին նրանք նույնիսկ գլխի չեն, նրանք չգիտեն, թե նրանից ինչ սպասեն, և դա չարություն է ծնում: Գուցե նա կանխապես այնքան վստահ է հաջողության մեջ, որ հարկ չի համարում մասնակցել սովորական մրցակցությանը, գուցե նա տնօրեններից մեկի բարեկամն է և մի հիասքանչ օր ամենքի համար անսպասելի կհամբառնա առ անհասանելի բարձունքները:

Ի հավելումն, թեպետ Յախեկը զուրկ է փառասիրական մղումներից, նա ամենևին էլ ծույլ չէ: Ճիշտ է, նրան այնքան էլ պատասխանատու գործեր չեն հանձնարարվում, փոխարենը դրանք միշտ արվում են ժամանակին` նա պարզապես այլ կերպ չի կարող: Մյուսները սովորաբար այնքան են ջանում ցուցադրել իրենց գործնական հատկությունները, որ աշխատելու համար այլևս ժամանակ չի մնում: Բազմիցս պատահում էր, որ պարոնները վերևներից դիմում էին ինչ-որ շտապ տվյալներ ստանալու համար, և բոլորը տեղում չէին լինում, միայն աննշմար Յախեկը, որ, իր կամքին հակառակ, կարող էր տեղնուտեղը հաղորդել պահանջվող տեղեկությունները: Դա թշնամություն է հարուցում, որը մշտապես դեմ է առնում Յախեկի համբերատարությանը:

Աշխատանքի մեջ Յախեկին հաջողվեց մոռանալ առավոտյան միջադեպը: Բայց սուրճ խմելիս դա արդեն ավելի դժվար էր: Եվ ահա նա նստած է գավաթը ձեռքին, հայացքը տարածությանը հառած` ժամն է արդեն այդ անդուր փաստը գիտակցելու: «Լավ,- մտածում է նա, գավաթը դնում է սեղանի վրա, աշխատանքային դիրք է ընդունում և սկսում է խորհրդածել,- Եվ այդուհանդերձ, ի՞նչ է պատահել: Ես ամեն օր, առանց որևէ անդուր միջադեպի, սափրվում եմգ առօրեականությունը` մեծագույն երջանկությունն էգ և հանկարծ` այսպիսի բան: Գուցե թե տարվա եղանակի հետ է կապված: Դեկտեմբերն ամենամթին ամիսն է, ամենայն տոների տագնապալի ժամանակը: Բացի այդ, արդեն մի ողջ ամիս անձրև է տեղում: Առավոտները, մթության մեջ, անձրևի տակ աշխատանքի ես գնում, երեկոները, մթության մեջ, անձրևի տակ տուն ես դառնում, դա ինչ-որ ճնշում է»:

Նա իր առջև փռված թղթի վրա քառակուսի է գծում, հետո քառակուսուց խորանարդ է սարքում, դրան մի քանի խորանարդ էլ է հարմարեցնում: Այ քեզ բան` հայելում տեսնել, որ բերանդ ծռվել է, իսկ իրականում այն անշարժ է: Բայց չէ՞ որ դա չի կարող պատահել: Նույնիսկ ակամա ռեֆլեկտիվ շարժումը միշտ զգացվում է: Բայց ամենակարևորը, թերևս, դա դեմքի արտահայտությունն է: Սպառնալիք` առանց այն էլ կասկածելի ապագային:
Նա զուգարանում է, միջանցքի վերջում:

Երկար նայում է հայելուն` իր բերանին, դանդաղ հեռացնում է աչքերը, հետո կրկին մի արագ հայացք է նետում հայելուն: Բերանը թխլիկ է, տձև, ինչպես միշտ: Նա կանգնած է լիակատար լռության մեջ, այստեղ ոչ մի ձայն չի թափանցում: Լռությունը մեղմ զնգում է նրա ականջներում: «Ես կամ,- մտածում էր նա,- ես կամ, ամեն ինչ բացարձակապես սովորական է, և թող այդպես լինի: Ինձ հետ ոչինչ չի կարող պատահել: Ես դա չեմ ուզում և արժանի չեմ դրան: Դե, ուրեմն, ամեն ինչ թող առաջվա պես մնա»: Լսելով, որ ինչ-որ մեկը շվշվացնելով բացում է դուռը, Յախեկը սկսում է ջղաձիգ ձեռքերը սրբել:

– Ախ, ահա թե ինչ, Յախեկ,- ասում է մտնողը. – Դու, ուրեմն, կանգնել քեզ համար ու ձեռքե՞րդ ես սրբում:
Յախեկը գլխով է անում, իսկ կոկորդը չորացել է, այս մարդն ի՞նչ կմտածի իր մասին:
– Այսպես, այսպես,- ասում է նա,- ձեռքերդ ես, ուրեմն, սրբում, հա-հա:
Նա բացում է խցիկներից մեկի դուռը, քմծիծաղով զննում է Յախեկին: Յախեկը նրան արձագանքում է իր ամենաբարեհամբույր հայացքով, որին նա ունակ է, նա չգիտի, թե ինչ ասի, և վստահ էլ չէ, թե այդտեղ տեղի՞ն է արդյոք ինչ-որ բան ասելը: Նա տեսնում է, թե ինչպես քմծիծաղը դանդաղ չքանում է գործընկերոջ դեմքից:
– Դե, ինչ ես դու էլ,- ասում է գործընկերը,- ես ոչ մի վատ բան նկատի չունեի, պարզապես կատակեցի:

Նա դարձյալ զարմացած զննում է Յախեկին և դուռը ետքից արագ փակելով` չքվում է խցիկից: Յախեկը վերջին նախադասությունը չհասկացավ, նա շարունակում էր ձեռքերը սրբել, և պատահաբար նայում է հայելուն: Նա սարթ, կամային դեմք է տեսնում, այժմ արդեն բերանի մյուս անկյունն էլ է իջած:
Վախից կաթվածահար, նա նայում է հայելուն, դանդաղ թուքը կուլ է տալիս: Նա տեսնում է, թե ինչպես է շարժվում ադամախնձորը, բայց բերանը, ասես քարացած, պահպանում է իր ձևը:

Նա աղոտ գիտակցում է, որ այդ երևույթը պետք է ուսումնասիրվի: Դանդաղ բացում է բերանը, բերանը հայելու մեջ էլ է բացվել, բայց գիծը պահպանվում է, հիմա նրա բերանը նման է վերջին քառորդում լուսնի մանգաղի, այս սարթ ու ոլոր-մոլոր շուրթերից կարող է դուրս թռչել միայն անեծք կամ հրաման: Նա զգում է, որ գետինը ոտքերի տակից փախչում է, բռնվում է լվացարանի կոնքից և փակում աչքերը: Երբ նա դրանք նորից բացում է, բերանը հայելում այնպիսին է, ինչպիսին միշտ էր, մղձավանջային տեսիլքն անհետացել է:
Ամեն ինչ սովորականի պես է:

Նա ձեռքերը պահել է սառը ջրի շիթի տակ, մինչև որ սրտխփոցն անցնի: Նա լսում է, թե ինչպես է մարդը խցում ջուրը բաց թողնում, և հապճեպ լքում է զուգարանը: Վերադառնալով բաժին, նա ջանում է առանց նկատվելու հասնել իր սեղանին: Իր առջև փռված թղթերը թվում են օտար և տարօրինակ, թվանշաններն ու տառերն այլևս թվեր ու բառեր չեն կազմում, այլ ասես վերածվել են անիմաստ խզբզոցների, որ միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Նա չի կարողանում հանգիստ մտածել, տրամաբանորեն դատելու բոլոր փորձերը ճնշվում են մեկ ամենահաղթ մտքով` այն, ինչ տեղի ունեցավ այսօր սափրվելիս, պատահականություն չէր, այդ երևույթը կրկնվեց, և լիովին հնարավոր է, որ այն կրկնվի նորից ու նորից:

Դեռևս ոչինչ չի պատահել, բայց եթե հետո էլ այսպես շարունակվի, նա կործանված է, դա` անկասկած:
Օրվա ողջ մնացուկը նա նստած է, ցածր հակված թղթերի վրա, ձեռքը շուրթերին դրած, ասես գլխովին խրվել է գործի մեջ: Քաոսը նրա ուղեղում ավելի ու ավելի սարսափազդու տեսք է առնում, երբեմն նա կամենում է բարձր տնքալ, բայց իրեն զսպում է: Ժամը հինգին, դունչը շարֆով փաթաթած, նա տուն է ուղևորվում: Անձրև է տեղում` ճանապարհը չտեսնելով, Յախեկը քայլում է ջրափոսերով, նրա ոտքերը թրջվել ու թմրել են: Տանը նա, դեմքը թաքցնելով, խնդրում է տանտիրուհուն այս անգամ իր ճաշը սենյակ բերել: Նա համաձայն է, բայց նախազգուշացնում է, որ դա միայն` բացառության կարգով:

Միսն ուտելով, նա մնացածը լցնում է ցելոֆանե տոպրակի մեջ, մտադրվելով այն վաղը դեն նետել և այդպիսով խուսափել մեֆրաու Կրամերի կծու հարցումներից: «Գուցե թե բժշկի գնամ,- մտածում է նա, թեև, բժիշկն այստեղ ի՞նչ կապ ունի»: Նա ջանադրաբար շրջվում է լվացարանի վերևի հայելուց:

Նա անհանգիստ քայլերով չափչփում է սենյակը, նստում և նորից ելնում է: Ինչ ափսոս է, որ իր մեծ եղբայրը մահացել է, նա միշտ կարողանում էր իրավիճակից ելք գտնել: Աչքերն արցունքոտվում են, նա զգում է, որ պետք է իրեն հավաքի, բայց չգիտե, թե դա ինչպես է արվում: «Պառկեմ քնելու,- մտածում է նա,- վաղն ամեն ինչ կանցնի, ամեն ինչ դարձյալ նորմալ կլինի: Գուցե թե, ես դեմքիս մկաններն եմ մրսացրել, ես երբեք չեմ լսել նմանատիպ դեպքերի մասին, բայց, երևի, դա պատահում է»: Նա հանվում և պառկում է տեղաշորի մեջ` գիշերով ատամները չլվանալով: Նա պառկած է ցցած ծնկներով և սպասում է, թե երբ քունը կգա, բայց քունը չի գալիս, մտքերը սուրում են վայրի հորձանուտում, ինչից նա ֆիզիկապես սրտխառնուք է զգում:

Սակայն, այդուհանդերձ, հարկ է քնել: Հանկարծ նա հիշում է, որ պահարանում քնաբեր ունի, որ իրեն դուրս էին գրել մեկուկես տարի առաջ, երբ նա այնքան ցնցված էր եղբոր մահից: Նա վեր է կենում և սկսում է պահարանը տնտղել, ուր ամեն ինչ դրված է իր որոշակի տեղում: Լույսը չվառելով` մոտենում է լվացարանին, մի բաժակ ջուր է լցնում ու բացում է տուփը: Բայց, երբ նա ուզում է փոշին կուլ տալ, ապա պարզվում է, որ տուփի մեջ ոչինչ չկա, մթան մեջ նա ճանապարհին ամբողջ փոշին շաղ էր տվել:

Հաստատ որոշելով հայելուն չնայել, նա քաշում է թելից և վառ էլեկտրական լույսի ներքո բացում է երկրորդ տուփը: Թեպետ նրա ձեռքերն ուժեղ դողում են, նրան այս անգամ հաջողվում է փայլփլուն փոշին բերանը տանել: Նա վերցնում է ջրով բաժակը, որպեսզի խմի, ընդ որում, պատահաբար նայում է հայելուն և տեսնում է այն, ինչն, ընդհանուր առմամբ, սպասում էր տեսնել` այդ անասնական բերանը: Գուցե թե նա վաղո՞ւց է այսպիսի բերանով: Նա պաղելով նայում է ինքն իրեն, փորը սկսում է ծակծկել:

– Տեր Հիսուս,- ասում է նա, և նրա բերանը, այդ խոսքերն արտաբերելիս, շարժվում է, շուրթերի քամահրաբար իջած անկյունները նրան ասում են, որ այս նոր բերանը հասել է իրեն, որպեսզի մնա:
«Ես այլևս չեմ կարող ապրել»,- խուճապահար մտածում է նա: Նա կլլում է փոշին, վրայից ջուր է խմում, դողդողացող ձեռքերով ևս երկու տուփ է բացում և դրանց բովանդակությունը նույնպես բերանն է լցնում: Նա լույսն անջատում և գնում է քնելու, բայց, մտափոխվելով, վերադառնում է, որպեսզի չորրորդ տուփն ընդունի, կիսատ-պռատ բաներով պրծում չկա:
Հաջորդ օրը Յախեկն արթնանում է կեսօրին մոտ` ծանր գլխով: Նա դեռ մի կես ժամ մնում է տեղաշորում պառկած` խելքի գալով ու մտքերը ժողվելով:

Բայց ահա, քնած մնաց, բաժնում, երևի թե, իրարանցում է, ծառայության բոլոր տարիներին նա ոչ մի օր չի բացակայել, միայն երկու անգամ, երբ թաղման է գնացել: Նա զարմացած է, որ դա իրեն չի անհանգստացնում, նա չգիտե, որ անտարբերությունը քնաբերի կողմնակի ազդեցությունն է: Լվացվելիս Յախեկը նորից տեսնում է բերանը: Հիմա նա արդեն այդքան վախեցած չէ, գուցե, ժամանակի ընթացքում, նրան հաջողվի ընտելանալ:
Եթե նայես, դա այնքան էլ սարսափելի չէ, իհարկե, դեմքը չի կարելի հաճելի կոչել, բայց, համենայն դեպս, նրանում որոշակի նշանակալիություն և ուժ է զգացվում: Եվ այն էլ ասենք, դե ինչո՞վ էր լավը նրա սեփական բերանը: Անբարեխիղճ աշխատանք` անհարթ անցք, ասես ձեռքերով ծրար են բացել:

Նա հագնվում, գնում է միջանցքով և ծեծում է մեֆրաու Կրամերի դուռը: Նա նրան խնդրում է զանգել աշխատավայր և ասել, որ ծանր գրիպ ունի` հիվանդություն, որ ինքնին միտդ է գալիս այս ցուրտ եղանակին: Նա լսում է իր սեփական ձայնը, և նրան աղոտ հասնում է, որ դրանում ինչ-որ կոպիտ ճղճղոց է լսվում` նա արդեն ավելի սարթ է խոսում, քան առաջ: Տանտիրուհին, որ ընտրել էր ամաչկոտ, հանդարտ Յախեկին, սարսափահար նայում է նրան: Իսկ իր սեփական ձայնում միշտ լսելի է կշտամբանքը, կարծես թե բոլորը նրան նեղացնում են: Յախեկի հետ նա սովորաբար իրեն այնպես է պահում, ասես հազիվ է նրան տանը հանդուրժում: Նա ուզում է անցնել սովորական կշտամբանքներին` մի՞թե նա ինքը չի կարող զանգել, ի՞նչ է նա, ծառա՞ է, թե՞ ինչ, բայց նայում է նրա բերանին, նա սարսռում է նրա տոնից, այս մարդուն նա չի ճանաչում: Նա ասում է` «Լավ, պարոն Յախեկ», հայացքով նրան ուղեկցելով, երբ նա հեռանում է դեպի իր սենյակը, նկատում է, որ նույնիսկ քայլքն ավելի վստահ է դարձել: Հեռախոսագրքում երկար որոնումներից հետո նա զանգում է հիմնարկ, բաժնի վարիչը ծիծաղելով պատասխանում է.

«Աստված իմ, իսկ ես չէի էլ նկատել, որ նա դեռ չկա»: Նա չգիտի, հարկ է, որ ինքն էլ ծիծաղի, նա ընդհանրապես հաճախ չի ծիծաղում, բացի այդ, նա դևռևս իր առջև տեսնում է վերափոխված Յախեկին:
Վերադառնալով իր սենյակ, նա նստում է անկողնու վրա, թե ինչ անի հետո, նա չգիտի: Նա հանում է ճտքակոշիկները, մտադրվելով հողաթափերը հագնել, բայց զգում է, որ նորից քունը տանում է: Նա պառկում է, նրան թվում է, որ նա միայն մի րոպե է աչքերը փակել, բայց երբ նա նորից բացում է դրանք, սենյակում արդեն համարյա մութ է, նրա մահճակալի կողքի զարթուցիչը ցույց է տալիս հինգն անց կես: Այժմ քնաբերի ներգործությունն անցել է, անտարբերությունը չքացել է, և բոլոր պրոբլեմները, ասես հրամանով, նորից հառնեցին իր աչքերի առաջ:

Յախեկը նստում է, ձեռքերով դեմքը ծածկում և ջանում է մտածել, բայց նրա գլխում քաոս է: Ոչ մի բանի վրա հույս չդնելով, նա մոտենում է հայելուն և, իհարկե, կրկին տեսնում է իր նոր բերանը: Նա տեսնում է և թրաշը: Հարկ է սափրվել: Դա նա կարող է և շոշափելով: Նա արկղիկից հանում է իր ճանապարհային ածելին, միացնում է այն և դռդռացող ապարատը տարուբերում է այտի վրայով մինչև այն պահը, որ այն լիովին հարթ լինի: Նա հագուկապը կարգի է բերում, նա չի ուզում, բայց փորում նվվացող դատարկություն է, պետք է այն լցնել: Դա նշանակում է, որ նորից ստիպված կլինի խնդրել մեֆրաու Կրամերին, որպեսզի նա ընթրիքը սենյակ բերի, բոլորի հետ ընթրել, ինչպես ընդունված է այս տանը, նա ի վիճակի չէ: Նա սրտապնդվում է, բայց ահա դռան թակոց:

Նա բացում և տեսնում է մեֆրաու Կրամերին` սկուտեղի վրա տաք ընթրիքով: Նա լուռ ետքայլ է անում, նա էլ նույնքան լուռ մտնում է, սկուտեղը դնում է սեղանի վրա և, շրջվելով, հարցնում է, թե նա ինչպես է իրեն զգում, բայց Յախեկը չափազանց ցնցված է, որ պատասխանի: Տանտիրուհին հապճեպորեն սենյակից դուրս է գալիս, նա նկատում է, որ տիկին Կրամերը սովորականի պես ոտքերը քարշ չի տալիս, երբ ուզում է ցույց տալ, թե ինչ դժվար է իր համար կենվորի համար ինչ-որ բան անելը (նա բողոքում էր ոտքերի ինչ-որ խորհրդավոր հիվանդությունից):

Յախեկը նստում և ուտում է: Սպասելով այն պահին, երբ խոհանոցում մարդ չկա, նա սկուտեղով վազում է այնտեղ և այն դնում է սեղանի վրա: Վերադառնալով սենյակ, բացում է գրադարանից վերցրած դեդեկտիվը: Բայց այն, ինչ նա կարդում է, տեղ չի հասնում, նա հուսահատ գիրքը մի կողմ է դնում, և դարձյալ սկսվում է ոչնչի չբերող մտքերի շրջապտույտը: Մոտ մի ժամ գլուխ կոտրելով, նա երկու տուփ քնաբերի փոշի է ընդունում, մթան մեջ լվանում է ատամները և պառկում է քնելու:

Համանման ձևով է նա անցկացնում և հաջորդ օրը: Նրա մեջ հասունանում է այն համոզմունքը, որ ինչ-որ բան պիտի տեղի ունենա, այսպես այլևս չի կարող շարունակվել:
Բավական տափակ միտք է, բայց նա այն համարում է խորունկ խորհրդածությունների արդյունք, և դա նրա մեջ հույս է սերմանում, որ երբ հոգուն վրա հասնի, իր լրջությունն ու հիմնավորությունը, ի վերջո, կօգնեն իրեն, որ ելք գտնի: Տանտիրուհին, առաջվա պես լուռ, նրան կերակուր է բերում:

Երեկոյան Յախեկը կարևոր որոշման է հանգում, հաջորդ առավոտ նա կգնա իր հիմնարկ և աշխատանքից կազատվի: Նա չգիտի, թե իրո՞ք այդ որոշումը ամենաողջամիտն է, բայց մի բան հաստատ գիտի, որ այս տեսքով նա չի կարող երևալ իր գործընկերների աչքին, էլ չասած` բազմաթիվ ղեկավարների մասին: Դե, ինչպե՞ս նրանց բացատրի այն, ինչն ինքն էլ չի հասկանում, և ինչը, հնարավոր է, ըստ էության, սարսափելի անպատշաճ է: Նա ինչ պիտի անի ազատվելուց հետո, իր համար դեռ պարզ չէ:

Գուցե թե տեղափոխվի այլ քաղաք: Մի կարգին կրթություն չունի, աշխատանքի փորձ` նույնպես, իր այժմյան պարտավորությունները ցանկացածը գլուխ կբերի, բավ է, որ մի երեք շաբաթ աշխատի: Համենայն դեպս, նա մտադիր չէ դժվարությունների առաջ գլուխ ծռելու, թեև գալիք փոփոխությունների մասին մտածելիս` նրա փորում կարծես թե ինչ-որ բան կտրտվում է, որոշում ընդունելով, նա փոքր-ինչ հանգստանում է, նա նույնիսկ կարողանում է ժամանակ առ ժամանակ ոչ երկար ժամանակով մոտենալ հայելուն և առանց սարսափի նայել իր բերանին: Այս անգամ նա քնելուց առաջ մի տուփ քնաբեր է ընդունում, վաղը լավ կլինի, ու նա շշմած չի լինի:

Ինն անց կես նա մտնում է իր ղեկավարման դահլիճը, դիտավորյալ կես ժամ ուշանալով, որպեսզի իրենց բաժիններ փութող գործընկերների հոսքի մեջ չընկնի: Նա արագ անցնում է դռնապանի կողքով, ով նրան չի նկատում: Նա վերելակով բարձրանում է տսասնմեկերորդ հարկ, որտեղ կենում է ընդունման և հեռացման բաժնի վարիչը: Այդ ֆիրմայում որքան բարձր է մարդու դիրքը, այնքան բարձրում է նրա գրասենյակը, տնօրինությունը զբաղեցնում է տասներեքերորդ հարկը, իսկ տասնչորսում, ամենաբարձրում, ահռելի պատուհան ցուցասրահներով, գտնվում է կոնֆերանս-դահլիճը, որտեղ կարևորագույն որոշումներ են ընդունվում, և ուր տարին մեկ անգամ ակցիաների տերերին հաղորդվում է շահույթների և կորուստների մասին: Ինքը` Յախեկը, նստում է երրորդ հարկում` սարսափելի ցածր նրանց աչքին, ովքեր աշխատում և օգտվում են հատուկ վերելակից, որ անկանգ գնում է մինչև ութերորդ հարկ:

Ընդունարանում Յախեկն ասում է քարտուղարուհուն, որ կկամենար մտնել ընդունման և հեռացման բաժնի վարիչի մոտ:
– Ի՞նչ հարցով,- հարցնում է քարտուղարուհին:
– Դե, գիտեք ինչգ- ասում է Յախեկը,- եսգ գիտեք ինչ, ես այստեղ աշխատում եմ:
Այլևս ոչինչ նա չի կարողանում հավելել, նրա համար համարյա անհարմար է այս կնոջն ասել, որ նա ուզում է ազատվել, և նա միայն ժպտում է նրան: Կինը խիստ նայում է նրան, նա ուզում է նրան հայտարարել, որ դա այդքան էլ հեշտ բան չէ` վարիչի մոտ ընկնելը, տեսնելով Յախեկի դեմքը, ում ժպիտը վերածվել էր հրամայական դիմակի, նա վեր է թռչում և կորչում է գրասենյակում: Փոքր-ինչ անց նա վերադառնում է և հյուրասիրաբար նրա առջև բացում է դուռը: Յախեկը զգույշ մտնում է, նա դեռ երբեք այստեղ չի եղել:

Երբ նրան, անմիջապես դպրոցից հետո, ընդունեցին կրտսեր գրագրի աշխատանքի, անհրաժեշտ համեստ ձևականություններն արեցին աշխատավարձի բաժնի աշխատակիցները: Իհարկե, Յախեկը ճանաչում է բաժնի վարիչին, նա մի քանի անգամ նրան միջանցքում տեսել է:
Նա սիրալիր բարևում և սպասում է, երբ վարիչը կկտրվի իր ուսումնասիրած գովազդային նախագծից: Վերջապես, նա հայացքը վեր է բերում: Յախեկն ասում է իր ազգանունը և սպասում է, թե ինչ կլինի հետո: «Այդպես, Յախեկ»,- ուզում է արտաբերել ընդունման և հեռացման բաժնի վարիչն այն հայրական տոնով, որ նա ձեռք է բերել այս պաշտոնը զբաղեցնելիս, բայց նայելով իր առջև կանգնած այս մարդուն, ակամա ոտքի է կանգնում, Յախեկին աթոռ է առաջարկում և ասում է.

– Բարև ձեզ, պարոն Յախեկ, իմ ազգանունը Ֆոգտ է, ինչո՞վ կարող եմ ծառայել:
Նրան փոքր-ինչ վախեցնում են իր խոսքերը, ըստ էության, նա, բացի տնօրինությունից, ոչ մեկին չի կարող ծառայել: «Յախեկ, Յախեկ,- մտածում է նա,- ծանոթ ազգանուն է, բայց ո՞ր բաժնում է նա աշխատում, ես նրան երբեք չեմ տեսել: Երևի, ինչ-որ արտասահմանյան բաժանմունքում, բանն այդ է: Տեսքից դատելով, այս տղայի հետ չարժե կատակել»:
Յախեկը հազում է:
– Գիտեք ինչ,- ասում է նա վերջապես,- բանն, ըստ էության, այն է, որ ես կուզենայի ազատվել:
Իր խոսքերը մեղմելու համար, որոնք հենց իրեն իսկ շատ կոպիտ են թվում, նա երկչոտ ժպտում է, բայց բաժնի վարիչը տեսնում է նրա քամահրական, մեծամիտ քմծիծաղը:
«Ազատվել,- մտածում է բաժնի վարիչը,- ողորմած Աստված, եթե ես գոնե իմանայի, թե ով է սա»:
– Դե, ինչո՞ւ դուք այդպես, պարոն Յախեկ,- ասում է նա,- չէ՞ որ դա կարևոր քայլ է: Սպասեք, խնդրում եմ: -Նա սեղմում է սելեկտորի կոճակը և հակվելով դեպի բաց կանաչ ապարատը, խնդրում է իրեն բերել պարոն Յախեկի քարտը: Եվ փութանակի ավելացնում է: -Եվ երկու գավաթ սուրճ բերեք: Չէ՞ որ դուք սուրճ կըմպեք:

Յախեկը գլխով է անում: Քարտը բերելուն սպասելիս` բաժնի վարիչն ուզում է բարձրաշխարհիկ զրույց վարել, բայց, բարեբախտաբար, հեռախոսը զնգում է: Նա խոսակցությունը ձգում է այնքան, մինչև երիտասարդ աղջիկը, դուռը երկչոտ թակելով, մտնում և սեղանի վրա է դնում քարտը: Այնժամ նա լսափողը դնում է տեղը և արագ աչքի անցկացնում տվյալները: Քսան տարի ծառայության մեջ է, ընդունվել է միանգամից դպրոցից հետո: Մինչև այժմ երրորդ հարկում է: «Անձնական հատկությունները» սյունակում կարմիրով ընդգծած է «ճշտապահությունը», «պատասխանատվության զգացումը» և «ջանադրությունը»: Նշումներում գրված է. «նախաձեռնության բացակայությունը, ղեկավար աշխատանքի պիտանի չէ»: Աստված, ո՞ր մի տխմարն է սա գրել: Երրորդ բաժնի վարիչը բացարձակապես մարդկանցից գլուխ չի հանում, ահա մի ապացույց ևս: Ես դեռ նրան կասեմ այդ մասին: Եթե ես երբևէ տեսել եմ մի մարդու, որ ստեղծված է ղեկավար աշխատանքի համար, ապա դա Յախեկն է: Նա բերանն իսկ չի հասցնի բացել, և նրա առաջ կսկսեն քծնել:
– Պարոն Յախեկ,- արտաբերում է Ֆոգտը,- եկեք հիմա ազատման մասին չխոսենք, այդ հարցին, եթե դուք շարունակեք պնդել, մենք ավելի ուշ կանդրադառնանք: Բայց սկզբում` այլ բանի մասին: Ես տեսնում եմ, որ դուք քսան տարի նստած եք երրորդ բաժնում, և ես դա ճիշտ չեմ համարում: – Նա դադար է տալիս: -Բացարձակապես ճիշտ չէ,- կրկնում է նա, որպեսզի վանի վերջին կասկածները:

Յախեկն ուզում է ասել, որ ինքը լիովին գոհ է իր դիրքից: Նա ուզում է այդտեղից գնալ, նա ուզում է, որ իրեն ճիշտ հասկանան, այդժամ նրան լավ բնութագիր կտան: Բայց Ֆոգտը մեկեն վանում է հակաճառելու նրա երկչոտ փորձերը:
– Ես գիտեմ, թե դուք ինչ եք ուզում ասել, պարոն, իհարկե, ինչ-որ մեկի դավադրությունները խանգարել են ձեր առաջխաղացմանը, այդպես երբեմն լինում է: Դուք գիտեք, որ ավելիին եք ընդունակ, քան այն աշխատանքը, որ դուք կատարում եք հիմա, դա ձեզ, իհարկե` ձանձրացրել է, և դուք ուզում եք գնալ: Դուք ենթադրում եք, և` միանգամայն արդարացիորեն, որ այլ տեղ ձեր առջև մեծ հնարավորություններ կբացվեն:

Նա դադար է առնում, որպեսզի իր խոսքերը լավ տեղավորվեն գիտակցության մեջ: Սակայն Յախեկն ամենևին ուրախ չէ, պաշտոնի բարձրացումը նրան բնավ պետք չէ, դա նրան վախեցնում է: Իսկ նա մտածում էր, որ իր ազատումը դատարկ ձևականություն կլինի, ինչը որ լիակատար անտարբերությամբ կանեն: Բայց պատմել բերանի հետ կապված այս պատմությունը, երևի, չի կարելի: Այս իրադրության մեջ դա նրան այնքան անհավանական է թվում, որ նա չէր կարող դրա տակից դուրս գալ, եթե նույնիսկ կամենար:
– Ահա թե ինչ ես ձեզ խորհուրդ կտամ,- շարունակում է բաժնի վարիչը: -Վերադարձեք բաժնում ձեր տեղը և հանգիստ սպասեք իրադարձութունների զարգացմանը:- Այդտեղ նա կռանում է դեպի Յախեկը: -Իսկ իրադարձությունները կսկսեն զարգանալ, դրանում դուք կարող եք համոզված լինել, կսկսեն, և շատ շուտով: Առանց կեղծ համեստության` ասեմ, որ ես մի քիչ մարդկանցից գլուխ հանում եմ, ինքներդ եք հասկանում, այլապես ես այս պաշտոնը չէի զբաղեցնի… սխալներ լինում են, միշտ և ամենուր, և երբեմն մենք դառնում ենք համանման սխալների զոհերը…

Ես հիանալիորեն հասկանում եմ ձեր… դե ինչպես արտահայտվեմ… նեղվածությունը: Իհարկե, ես չեմ կարող էսպես միանգամից ինչ-որ կոնկրետ բան առաջարկել, այստեղ պետք է խորհրդածել, բայց համոզված եղեք, ես գործը շատ չեմ ձգձգի:
Այդժամ դուռը բացվում է, և սենյակ, կողից կող ընկնելով, մտնում է այլանդակ գեր մի կին` սկուտեղով, որի վրա երկու գավաթ սուրճ է:
-Հա,- ժպտում է Ֆոգտը,- ահա և Աննան, իմ աջ ձեռքը: -Աննան չի ժպտում կատակի վրա, անտարբեր տեսքով դնում է սուրճը սեղանի վրա և լուռ ելնում է, – սա էլ մի պտուղն է-այդ Աննան,- ասում է Ֆոգտը մտերմիկ, փորձելով անկաշկանդ մթնոլորտ ստեղծել, բայց Յախեկը ոչինչ չի ընկալում: Ողջ ասվածից նա քիչ բան հասկացավ` նրան բաց չեն թողնում, այլ ստիպում են վերադառնալ բաժին: Իսկ դա բացառված է: Իհարկե, նա կարող է վեր կենալ ու ընդմիշտ գնալ, բայց չէ որ իրեն բնութագիր է պետք, չի կարելի քամահրել քո հասարակական դեմքը: Էլ չասած այն բանի մասին, որ նա իր բնույթով ունակ չէ նմանատիպ կտրուկ քայլի: Նրան սարսափն է կալում, ամեն ինչ ավելի վատ դուրս եկավ, քան նա կարծում էր, ամեն դեպքում` ինչ երջանկություն է, երբ մի օրը նման է մյուսին, և ոչ ոք քեզ չի նկատում: Լիովին շվարած` նա մի կերպ քրթմնջում է, որ ոչ մի դեպքում երրորդ հարկ չի վերադառնա:
Ֆոգտը հենց գավաթը նոր էր մոտեցրել շուրթերին, Յախեկի կտրուկ խոսքերն այնքան վախեցրին նրան, որ նա ակամա շարժում է անում և սուրճը թափվում է գովազդային նախագծի վրա: Նա կրկին ուշադիր զննում է Յախեկին:

«Ողորմած Աստված, մտածում է Ֆոգտը,- ինչ խորն է նրա մեջ նստածգ նրա ագրեսիվությունը, գործելու ծարավը քսան տարի ճնշվել են, ընդհանուր առմամբ, նրան կարելի է հասկանալ: Բայց, այդուհանդերձ, եթե մեզ ծայրաստիճան այսպիսի մարդիկ պետք չգային, ես հաճույքով նրա քամակին տալով` գրասենյակիցս դուրս կշպրտեի: Բայց հիմա նրան ո՞ւր խցկեմ»:
Նա դանդաղ գավաթը դնում է սկուտեղի վրա, այդ ժամանակ նրա ուղեղը տենդագին աշխատում է: Այս Յախեկը` բնածին վերակացու է և հանկարծ միտք հղացավ։ Չէ՞ որ նա երեկ տնօրեն Բաստենակենից, որ վերահսկում է արտասահմանյան բաժանմունքները, լսել էր, որ նոր պահածոների գործարանում, ոչ այն է` Անգոլայում, ոչ այն է` Մոզամբիկում, մի խոսքով, Աստծո կողմից մոռացված ինչ-որ նեգրական ծակուռում, ոչ մի կերպ չեն կարողանում արտադրությունը կարգի բերել: «Այնտեղ,- ասաց Բաստենակենը,- պետք է մի պինդ մարդու ուղարկել, ով կկարողանա այդ սև վիժվածքների հախից գալ»:

Բայց հիմա մենք որտեղի՞ց գտնենք այդպիսի ապուշի, ով կհամաձայնվի Աֆրիկա գնալ, որտեղ ոչ հեռուստատեսություն կա, ոչ կարգին ավտոմայրուղիներ, իսկ եթե հանկարծ ատամդ ցավի, ստիպված կլինես մի կես օր ինքնաթիռի մեջ օրորվել, որպեսզի նորմալ բժշկի մոտ ընկնես: Նա մի անգամ ևս գնահատող հայացքով նայում է Յախեկին: «Դե, գրողը տանի, եթե նույնիսկ ես եմ վախենում էս տղուց, ուրեմն նեգրերը հաստատ կվախենան: Դե, ուրեմն, նա պիտի մեծ պաշտոն գրավի, պիտի լինի, նվազագույնը, արտադրության ղեկավարի տեղակալը, իսկ դա չափազանց մեծ թռիչք է, հաշվի առնելով, որ այժմ նա աշխատում է ընդամենը երրորդ հարկում: Ինչպե՞ս ես սա անցկացնեմ տնօրինության նիստին»։

Նա խորհրդածում է, Յախեկին նայելով, ով հուսահատ հայացքը հառել է ճիտքակոշիկների ծայրերին` կողքից նա անսասան ապառաժի տպավորություն է թողնում: «Ծերուկ,- մտածում է Ֆոգտը, ահա որոշումը, բիձուկը սիրում է այսպիսի անսպասելի բաներ, դա խեղճին հնարավորություն է տալիս դրսևորելու, իր, այսպես կոչված, հոտառությունը»:
– Պարոն Յախեկ,- ասում է նա,- սա բացառիկ դեպք է, և ես պետք է խորապես դա քննեմ: Կարծում եմ, որ երրորդ բաժնում բոլոր բարդություններից խուսափելու համար դուք ավելի լավ է նստեք տանն ու սպասեք: Մի երկու-երեք օրվա մեջ ես ձեզ հետ կկապվեմ: Դուք չե՞ք առարկում: Ինձ միայն մի բան ասեք, դուք սկզբունքորեն ինչպե՞ս եք վերաբերվում բավական նշանակալից պաշտոն գրավելու հարցին մեր արտասահմանյան բաժանմունքներից մեկում:
Յախեկը բերկրալի բեռնվում է տուն գնալու հնարավորությունից: Դա միակ բանն է, որ նա հիմա ուզում է` տանը նստել, հանգիստ խորհրդածել և, համենայն դեպս, երրորդ բաժին չվերադառնալ: Նա երախտագիտությամբ արտաբերում է` «Դրականորեն», և թեթևացած շունչ է քաշում, ընդ որում, նրա դեմքին ինչ-որ անզսպելի ու վայրի արտահայտություն է հայտնվում: «Հիանալի է,- մտածում է Ֆոգտը,- նա թակարդն ընկավ: Դե հիմա դիմացեք, նեգրեր»:

– Ուրեմն, որոշված է,- ասում է նա և ձեռքը մեկնում է Յախեկին: Բայց նա դա չի տեսնում, նա արդեն դեպի դուռն է քայլում, մեն մի ցանկությամբ տարված` փակվել իր սենյակում:
Ֆոգտը իջեցնում է ձեռքը և նայում է Յախեկի ետքից: Նա կասկածի մեջ է ընկնում` տղան հաստատ «փախուկ է»: Հետո նա ուսերն է թոթվում` երրորդ բաժնում աշխատելու համար պիտանի մարդիկ շատ կան, իսկ ահա վերակացու Աֆրիկայի համար` մեծ հազագյուտություն է, և որքան նա «խփնված է», այնքան լավ: Նա նայում է իր օրացույցին և համոզվելով, որ այսօր ոչ մի լուրջ բան նշանակված չէ, որոշում է տեղնուտեղը Յախեկի գործն ավարտի հասցնել: Նա նորից կռանում է սելեկտորի վրա և հարցնում է, թե տեղո՞ւմ է արդյոք պարոն Տակեն:

– Եվ ձեռքի հետ,- ասում է նա,- իմացեք, թե մենք որտեղ ենք վերջերս սկսել պահածոյացնել ծովախեցգետիններին: Անգոլայում, թե՞ Մոզամբիկում:
– Դա ես զուտ պատահականորեն գիտեմ,- ասում է քարտուղարուհին,- Ինայամբանում, Մոզամբիկում: Իսկ ինչ վերաբերում է պարոն Տակեին, ես պետք է ճշտեմ:
Պարոն Տակեն յոթանասունն անց է, գործը սկսողներից նա այժմ ողջ և առողջ միակն է: Նրա սկլերոզը կատաղի տեմպով առաջընթաց է ապրում, և երբ հարկ է լինում ինչ-որ կարևոր որոշում կայացնել, նրան հոգածորեն գործից դուրս են պահում: Բայց երբ նա ինքը ժամանակ առ ժամանակ ինչ-որ գաղափար է առաջադրում, նրան, այդուհանդերձ, ունկ են դնում, չէ՞ որ բավական նշանակալից ակցիաների փաթեթի տեր է: Տասը րոպե հետո հնչում է քարտուղարուհու զանգը` պարոն Տակեն հայտնաբերված է, նա կանգնած է տասնչորսերորդ հարկի պատուհանի մոտ` դա նրա սիրած տեղն է: Ֆոգտը մի քանի հաշվետվություններ է հավաքում` նա իր համար օրենք է դարձրել` երբեք իր գրասենյակի պատերից անդին առանց փաստաթղթերի չերևալ, դրանք ավելի գործնական տեսք են տալիս:

Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս