Եթե ներքին կայունություն չկա, արտաքինը հնարավոր չէ պահպանել. Ռիչարդ Կիրակոսյան
«Ալ-Քաիդան» գործում է նաև Ադրբեջանում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարավվածության մասին:
«Բաքվում նույնպես ցույց է տեղի ունեցել և 20 ադրբեջանցի ձերբակալվել է, իսկ դա նշանակում է, որ Ալ-Կաիդան գործում է Ադրբեջանի ներսում և ահաբեկչական պլանավորման կենտրոնում գտնվում են իսրայելական և ամերիկյան դեսպանատները»,-ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է, որ հետաքրքրական է, որ ֆիլմը կապ չուներ ԱՄՆ կառավարության որևէ անձի հետ, ուստի նա եզրակացնում է, որ սա արաբական գարուն է, որն անցնում է նոր ժամանակահատվածի:
«Սրանք փաստեր են, որոնք ցույց են տալիս, թե ինչու այս զարգացումները կանխատեսելի են: Սա արաբական գարուն է, որ անցնում է նոր ժամանակահատվածի: Մենք տեսնում ենք Մերձավոր արևելքում ձևավորված նոր կառավարություններ, որոնք շատ թույլ են: Այս ճանապարհը շեղում է կառավարություններին թուլությունից, այսինքն՝ սա մի նոր և ավելի հարմար թշնամի է»,- նշեց նա:
Միաժամանակ Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ հակաամերիկյան թշնամանքը ժամանակավոր է, և անպայման հետ կվերադառնա. «Այս թշնամանքը ոչ թե Օբամայի, այլ Բուշի քաղաքականության հետևանք է, ուստի այն շատ ավելի է ուժեղացնում Օբամայի դիրքերը և թուլացնում Հանրապետականներինը»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմից հետո հակաամերիկյան ցույցերից բացի նաև մեջբերելով Սաֆարովի արտահանձնման հետ կապված դեպքերը, նկատեց, որ դրանք շատ ուժեղ և շատ արագ ձևով ցույց տվեցին, որ Հայաստանի շուրջ գտնվող երկրները շատ անկայուն են և թույլ, որը գնալով ավելի է մեծանում: «Դրանցից են Մերձավոր Արևելքի երկրները, Իրանը, Թուրքիան, նաև Ռուսաստանին է վերաբերվում, և, ընդհանրապես Հյուսիսային Կովկասին: Իսկ դրանց մեջ Հայաստանը միակ պետությունն է , որը կայուն է այս տարածաշրջանում: Այսինքն՝ կայուն է, ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև մյուս երկրներից»,-ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանը կայուն է ռազմավարական տեսանկյունից, իսկ այն պահպանելու համար անհրաժեշտ է նաև ժողովրդավարություն և տնտեսական զարգացում: «Եթե ներքին կայունություն չկա, արտաքինը հնարավոր չէ պահպանել»,-ասաց նա: