Բաժիններ՝

«Մենք ոչ թե տեղեկատվության կարիք ունենք, այլ տեղեկատվության վստահելի աղբյուրների»

168.am-ի հետ զրույցում ասաց փորձառու լրագրող Քևին Բըրդեն

Քևին Բըրդենը 27 տարի աշխատել է որպես լրագրող, որից 20-ը` BBC-ում: Նա BBC-ի հանրահայտ օն-լայն ուսուցման համակարգի ստեղծողներից է և մոտ 20 տարի աշխատել է այս ընկերությունում՝ որպես լրագրող, պրոդյուսեր, հաղորդավար, խմբագիր: Նա նաև փորձառու մեդիա թրեյներ/կոնսուլտանտ է և մասնագիտական դասընթացներ է անցկացնում տարբեր երկրներում: Այս օրերին մամուլի աջակցության «Ինտերնյուս» հ/կ-ի հրավերով Քևին Բըրդենը գտնվում է Հայաստանում և հեռուստալրագրության դասընթաց է անցկացնում գործող լրագրողների համար` ծանոթացնելով հեռուստահաղորդումների նախագծման և արտադրության առաջատար մեթոդներին ու  մոտեցումներին, որի կարևոր մասն է կազմում նաև հայ լրագրողների  տեխնիկական հմտությունների զարգացումը: Արդյունքում՝ թվով մոտ 10 հայ լրագրող, մասնագիտական վարպետության դասերից բացի, կկարողանան նաև ծանոթանալ ժամանակակից հեռուստատեսային տեխնիկային, կփորձեն ինքնուրույն նկարահանել, մոնտաժել, տարածել իրենց աշխատանքներն ինտերնետում:

– Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ Հայաստանում հեռուստաընկերությունների թիվը բավական շատ է: Կարո՞ղ եք համեմատել այլ երկրների հետ, արդյո՞ք այնտեղ շատ չեն հեռուստաընկերությունները:

Իրականում ես չէ, որ պետք է ասեմ, որ հեռուստաընկերությունները շատ են այստեղ, սակայն կան բազմաթիվ հեռուստաալիքներ. այս քանակի բնակչություն ունեցող երկրի համար դժվար էր դա պատկերացնել: Իհարկե, դուք կարող եք նշել, որ այդքան շատ թվով հեռուստաընկերությունների առկայությունն ունի նաև իր դրական կողմը, որ, օրինակ՝ հեռուստադիտողներն ընտրության հնարավորություն ունեն, կամ, որ տարբեր հեռուստաալիքների առկայությունը նաև բազմազանություն է ենթադրում, և այլն: Հեռուստատեսություն պահելը, իրականում, թանկ բիզնես է, և ես իսկապես զարմացած եմ՝ նման փոքր էկոնոմիկա ունեցող երկրում այսքան շատ հեռուստաընկերություններ տեսնել:

Կարդացեք նաև

– Գուցե դա նշանակում է, որ Հայաստանը հարո՞ւստ երկիր է:

– Դա ես չէ, որ պետք է ասեմ: Կարծում եմ, որ աշխարհի յուրաքանչյուր մեդիա կազմակերպություն` ամենափոքրից մինչև ամենամեծը, այս պահին ունի ֆինանսական դժվարություններ: Դրա պատճառները տարբեր են՝ դրանցից մեկը տնտեսական ճգնաժամն է, ինչը նշանակում է՝ քիչ գովազդներ:

Կա նաև մեկ այլ հարց. ամբողջ աշխարհում այսօր մարդիկ տեղափոխվել են դեպի նոր տեղեկատվական աղբյուրներ, այսօր նրանք ավելի քիչ են տեղեկանում թերթերից և հեռուստաընկերություններից, և ավելի շատ տեղեկանում են, օրինակ՝ ինտերնետից: Կան բազմաթիվ խոշոր լրատվական ընկերություններ, ինչպիսիք եք, օրինակ՝ «The Guardian Foundation»ը, որը թողարկում է ամենախոշոր թերթերից մեկը: Այսօր, սակայն, այդ կազմակերպությունը յուրաքանչյուր օր գումարներ է կորցնում, խոսքը մեծ գումարների կորստի մասին է: Մեկ այլ խոշոր ընկերություն, օրինակ՝ «News International»-ը, որը թողարկում է «The Times»-ը, «The Sun»-ը և «The Sunday Times»-ը, նրանք որոշել էին վճարովի դարձնել ինտերնետային կայքի նորությունները, սակայն իրականում բավական դժվար է գտնել բավարար մարդկանց, ովքեր պատրաստ են վճարել նորությունների համար մի աղբյուրի, երբ նույն ընթերցողներն այդ ամենը կարող են վերցնել մեկ ուրիշից անվճար:

Արդյունքում՝ նրանք պարզապես ընթերցող են կորցնում: Այսօր ընթերցողներն ընտրության հնարավորություն ունեն: Իհարկե, այսօր  թերթերը չեն խոսում այն մասին, թե որքան օն-լայն բաժանորդներ ունեն, սակայն հասկանալի է, որ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ: Օրինակ՝ նույն Մեծ Բրիտանիայում, որտեղ ես ապրում եմ, թերթերը փակվում են, հեռուստաընկերությունները միավորվում են, և այլն: Մենք իսկապես շատ քիչ հեռուստաընկերություններ ունենք Հայաստանի համեմատ. ստացվում է` մենք մեծ ընտրության հնարավորություն չունենք, ինչպիսին դուք ունեք այստեղ:

– Ձեզ մոտ քանի՞ հեռուստաընկերություն կա:

– Եթե խոսենք ոչ արբանյակային, այլ ավանդական ձևով հեռարձակվող հեռուստաընկերությունների մասին, ապա հիմնականում մարդկանց ընտրությունը 3-4 հեռուստաընկերության միջև է, որոնցից երկուսը տեղական հեռուստաընկերություններ են:    Յուրաքանչյուր շրջան ունի, օրինակ, մեկ BBC և մեկ մասնավոր/կոմերցիոն ալիք: Իհարկե, երբեմն հնարավորություն կա օն-լայն տեսանյութեր դիտել տեղական թերթերից, սակայն հիմնականում երկու նորությունների ալիք ունի յուրաքանչյուր շրջան, ինչը բավական քիչ է:

– Հայաստանում մի քանի տարի առաջ որոշ թերթերի խմբագիրներ ցանկանում էին ունենալ օն-լայն տարբերակ, որը, սակայն, պետք է լիներ վճարովի բաժանորդագրությամբ: Սակայն մինչ օրս նման բան մեզ մոտ չկա: Մեզ մոտ, օրինակ՝ օն-լայն կայքերում տեղադրում են հոդվածի մի մասը, իսկ հաջորդ օրը՝ արդեն թերթի տպագրվելուց հետո կայքում տեղադրվում է արդեն ամբողջական նյութը: Կցանկանայի՝  խոսենք ավանդական և նոր մեդիայի տարբերությունների, առավելությունների և, ինչո՞ւ չէ` նաև թերությունների մասին:

– Ավանդական լրատվական ծառայությունների առավելությունն այն է, որ յուրաքանչյուր աշխատանքային օր, երբեմն 7 օր, 24 ժամ շարունակ նրանք տեղեկատվություն են հավաքում: Մինչդեռ, օրինակ՝ քաղաքացիական լրագրության խնդիրն այն է, որ նույն բլոգերը, օրինակ, կարող է գնալ արձակուրդի, զբաղված լինել կամ երեխա ունենալ, արդյունքում՝ բլոգը դադարում է աշխատել և տեղեկություններ հաղորդել: Ինքս սիրում եմ Twitter-ից կամ բլոգերից նորություններ կարդալ, սակայն այստեղ մեկ շատ կարևոր խնդիր կա` վստահության հարցը: Դու վստահ չես` արդյո՞ք հավաստի տեղեկատվություն են քեզ հաղորդում, կամ արդյո՞ք այդ գրողը ժամանակ է հատկացրել տեղեկությունը ճշտելու համար, թե՞ պարզապես բամբասանք է տարածում:

Մինչդեռ, օրինակ՝ ավանդական մեդիայում կա որոշակի վստահություն, կան պրոֆեսիոնալ ստանդարտներ և աշխատակազմ, որոնք ճշտում են տեղեկատվությունը, և հենց դրա համար է, որ դու ընտրում ես նրանց տեղեկատվությունը: Դժվար է ասել, որ սոցիալական մեդիան կփոխարինի հաստատված լրատվական ընկերություններին, սակայն հաստատված լրատվական ընկերությունները ևս պետք է ավելի շատ մտածեն այն մասին, թե ինչ են իրենք անում:

Գիտեք` հաճախ, սակայն, նույն ավանդական լրատվամիջոցները գրում են կամ հեռուստաընկերությամբ հաղորդում են այն, ինչ գրել է, օրինակ, նույն բլոգերը կամ Twitter-ի ինչ-որ օգտատեր: Իհարկե, դա թերևս ավելի հեշտ է, սակայն ես ընտրում եմ տվյալ լրատվամիջոցը ոչ թե նրա համար, որ այն ինձ հաղորդի, թե ինչ է գրում ինչ-որ մեկը Twitter-ում կամ բլոգում, այլ ես ընտրում եմ այն, քանի որ վստահում եմ հենց իրենց և ցանկանում եմ ավելի խորը տեղեկանալ տվյալ հարցի շուրջ, որևէ հիմնավորում, փորձագետի կարծիք և մեկնաբանություն լսել: Հակառակ պարագայում, ես պարզապես կայցելեմ տվյալ բլոգ, և վերջ:

Չեմ կարծում, որ նրանք բավարար գործ են անում` այդ ամենը վերարտադրելով: Եթե ավանդական լրատվամիջոցները ցանկանում են հաջողություն ունենալ, նրանք պետք է ինչ-որ նոր բան հաղորդեն իրենց լսարանին: Օրինակ՝ նորություններ մենք ստանում ենք ինտերնետից, թերթերը պետք է ավելի խորը վերլուծություններ կատարեն այդ ամենի վերաբերյալ:

Ի՞նչ եք կարծում` ավանդական և նոր մեդիան իրար հետ մրցակցո՞ւմ են, օգնո՞ւմ են միմյանց, թե՞…

– Եթե քաղաքացիական լրագրության մեջ աշխատանքը հիմնված է հիմնականում էնտուզիազմի վրա, ապա ավանդական մեդիայի պարագայում կարևոր է նաև ֆինանսական կողմը: Շատերն են գոյատևում հենց գովազդների հաշվին, և այդ իսկ պատճառով նրանց տված «արտադրանքը» պետք է նաև պահանջարկ ունենա և գրավիչ լինի նաև գովազդի առումով: Օրինակ, եթե ես բլոգեր եմ և ասեմ՝ ինձ գումար տվեք, որպեսզի ես ձեզ հետ կիսվեմ Երևանում ապրելու իմ փորձառությունով, ո՞վ կտա ինձ 10 դրամ կամ 1 դրամ: Ավանդական մեդիայի պարագայում ես այդ ամենն ինձ թույլ տալ չեմ կարող, ինձ ուղղակի կասեն` ո՞ւմ է դա հետաքրքիր, կամ ո՞վ դրա համար կվճարի:  Նոր մեդիան, սակայն, առավելություն ունի, օրինակ, նույն գովազդի համար: Օրինակ, Facebook-ում դու կարող ես ընտրել, թե ում համար ես գովազդը տարածում: Օրինակ, երբ ես աշխատում էի համալսարանում և ցանկանում էի հասնել մարդկանց, ովքեր դեռևս ուսանում են համալսարաններում, ես դիմեցի հենց Facebook-ի օգնությանը և գտա այն թիրախային լսարանը, որն ինձ պետք էր: Այսինքն՝ նոր տեխնոլոգիաները նաև լսարանի թիրախավորման լայն հնարավորություն են տալիս:

– Ինչպե՞ս եք տեսնում մեդիայի ապագան և ընդհանրապես` ժուռնալիստիկայի ապագան:

– Արդյոք կա՞ն շատ թերթեր, թե՞ քիչ թերթեր: Իհարկե` քիչ թերթեր: Արդյոք կան շա՞տ, թե՞ քիչ լրագրողներ, քան 10 տարի առաջ էր: Իհարկե` քիչ են, սակայն, կան շատ ավելի շատ բլոգներ, ինտերնետային կայքեր, և այլն: Իհարկե, այդ ամենը գրում են որոշակի հմտությունների տիրապետող մարդիկ, քանի որ այսօր կարևոր է հատկապես ոչ միայն այն, թե ինչ ես գրում, այլ նաև` ինչպես ես քո գրածը ներկայացնում, արդյո՞ք քո գրածը հետաքրքիր է, օգտակա՞ր է կամ` կիրառելի՞ է, թե՞ ոչ: Իսկապես լավ գրելու և այդ ամենը լավ ներկայացնելու համար լուրջ հմտություններ են անհրաժեշտ:

Գիտեք, եթե ինձ, ասենք, 15-20 տարի առաջ ասեին, որ ես ձայնագրիչը, տեսախցիկը կամ լուսանկարչական սարքը կարող եմ ունենալ իմ գրպանում, դրան գումարած՝ նաև այդ ամենը հրապարակելու հնարավորություն, ես չէի հավատա, սակայն այսօր ընդամենը մեկ բջջային հեռախոսը կարողանում է փոխարինել այդ ամենին: Բացի այդ, սարքավորումները բավական էժանացել են, սակայն այսօր մարդիկ կարիք ունեն խելացի և գիտակ մարդկանց, ովքեր որակյալ բովանդակություն կստեղծեն, ճիշտ հարցեր կտան և այդ ամենը գեղեցիկ կներկայացնեն, և այլն: Այսօր մենք ոչ թե տեխնոլոգիայի կարիք ունենք, այլ` մարդկանց: Մենք ոչ թե տեղեկատվության կարիք ունենք, այլ՝ տեղեկատվության վստահելի աղբյուրների:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս