ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են հարձակումների թիրախ մնալ ողջ աշխարհում
ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են հարձակումների թիրախ մնալ աշխարհի մի շարք երկրներում, արդեն սակայն՝ ոչ միայն մահմեդականական:
Եգիպտոսում իշխանությունները հաշվում են Ալեքսանդրիայում տեղի ունեցած հակաամերիկյան ելույթներից կրած վնասները. ի սկզբանե խաղաղ բնույթի ցույցերը զանգվածային անկարգությունների էին վերածվել, ինչից 10 մարդ էր տուժել: Եգիպտոսի իսլամիստական կազմակերպությունները իշխանություններին կոչ են արել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ շրջապատել էին ԱՄՆ-ի հյուպատոսությունը, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ապա ճեղքել նրանց «պատվարը»: Ոստիկանները հակահարված են տվել դագանակներով ծեծելով ցուցարարներին: Մինչ այդ 3000 մահմեդականներ հարձակվել էին Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան վրա, ի թիվս այլնի հանել նաև ամերիկյան դրոշը: Այսօր Կահիրեում շարունակվել են բախումները. եգիպտոսցիները ամերիկացի դիվանագետներից պահանջում են լքել իրենց երկիրը:
Սինայ թերակղզում՝ Եգիպտոս-Իսրայել սահմանին իսլամիստները գրոհով վերցրել են ՄԱԿ-ի խաղաղարարների ճամբարը: Կան վիրավորներ:
Բողոքի ալիքը հասել է հեռավոր Ավստրալիա՝ Սիդնեյ, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ: Նրանք փորձել էին հարձակվել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի վրա: Այդ կերպ իրենց վրդովմունքն են արտահայտել սիդնեյաբնակ մոտ 1000 մահմեդականներ: Այստեղ ցուցարարները հանդես են եկել պաստառներով՝ հետևյալ գրություններով. «Մեր հանգուցյալները դրախտում են, ձերոնք՝ դժոխքում», «Գլխատել մարգարեին վիրավորողներին» և այլն: Ոստիկանությունը կարողացել է հետ մղել մի քանի տասնյակ երիտասարդներին, ովքեր փորձել են ներխուժել հյուպատոսարանի շենք: Ոստիկանների շրջանում կան տուժածներ: Դեպքերի զարգացման գոտում երթևեկությունը դադարեցված է: Քաղաքի կենտրոնում ուժեղացվել է ոստիկանների ներկայությունը:
Եվրոպական՝ մահմեդականական հոծ համայնք ունեցող երկրներից վրդովմունք են հայտնել Գերմանիայի մահմեդականները, սակայն նրանք նաև քննադատել են այլ երկրներում գրանցված բռնությունները: Գերմանիայի հատուկ ծառայությունները հայտնել են, որ առայժմ կազմակերպված ցույցերի մասին խոսք չկա: Բավարիայի մահմեդականների իմամ Բենյամին Իդրիսը ասել է, որ Եվրոպայում բռնությունները անհնարին են, քանի որ այստեղ մահմեդականները «առավել ռացիոնալ» են:
Թունիսում հակաամերիկյան բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 40 վիրավոր: Այստեղ ցուցարարներին ժամանակավորապես հաջողվել է գրավել ԱՄՆ-ի դեսպանատունը և մահիկով սև դրոշ տեղադրել՝ ամերիկյանի փոխարեն: Ավելի վաղ ցուցարարները նաև ամերիկյան դպրոց էին հրկիզել:
Եվս 3 մարդ սպանվել է Սուդանում՝ ամերիկյան դեսպանատան մերձակայքում: Այստեղ ևս ցուցարարները փորձել են գրավել դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Հակահարված տված ոստիկանների շարքում կան 50 վիրավորներ:
Հնդկաստանի Չենայի քաղաքում 86 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ի դեսպանատան մոտի ցույցի ժամանակ, երբ վառվել է ամերիկյան դրոշը և քարերով դեսպանատունը գրոհելու փորձ արվել:
Ցույցեր են եղել նաև Մարոկկոյում, Բանգլադեշում, Եմենում, Աֆղանստանում, Ղազայում և այլուր:
Հիմնականում Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում հակաամիերիկյան տրամադրությունները ցույցերի և գրոհների պատճառ են դարձել, որոնց հետևանքով կան տուժածներ, զոհեր ու ձերբակալվածներ: Ամեն ինչ սկսվել էր Լիբիայից՝ Բենգազիից, որտեղ սպանվել էր 4 ամերիկացի դիվանագետ: Պատճառը ամերիկյան արտադրության «Մահմեդականների անմեղությունը» սադրիչ ժապավենն է՝ Մուհամեդ մարգարեի մասին:
Միևնույն ժամանակ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են Լիբիայում զոհված ամերիկացի պաշտոնյաների հուղարկավորությանը:
Ամերիկացի պաշտոնյաները, և ոչ միայն նրանք, ինչպես նաև միջազգային կառույցները դատապարտում են բողոքի այսօրինակ դրսևորումները, իսկ փարձագետները շարունակում են դրանք կապել Սեպտեմբերի 11-ի հետ, որի առիթով էլ հենց սկիզբ հակաամերիկյան ելույթները: Սակայն կան տեսակետներ, որ վրդովված ամբոխները գրեթե առանց բացառության չեն տեսել բուն ֆիլմը: Ի դեպ, ֆիլմի թրեյլերը YouTube-ում մատչելի է եղել հուլիսից, ունեցել է 1 մլն-ից ավելի դիտում, անգամ արաբերեն գրություն կա անմիջապես ֆիլմին կից, ըստ որի դա «իսլամի մեծագույն խայտառակությունն է»: Սակայն բողոքն ու բռնությունները սկսվել են ֆիլմի մատչելի դառնալուց առնվազն 2 ամիս անց: