Բաժիններ՝

Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման նոր կարգն այսօրվանից ուժի մեջ է մտել

Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:

Այն հաստատվել է կառավարության օգոստոսի 23-ի որոշմամբ, որով նաև ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000 թ.-ի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ այդմ, մասնավորապես, հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման` բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի` կենդանության օրոք գրավոր ձևակերպված կամքն է:

Հերձումից հրաժարվելն արգելվում է, երբ պարտադիր են հերձումները, մասնավորապես՝

– երբ հիվանդը մահացել է հիվանդանոցային հաստատություն ընդունվելուց հետո՝ առաջին 24 ժամվա ընթացքում,
– վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում,
– չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան),
– շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում,
– հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում,
– ՀՀ կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի հետևանքով անձի մահվան դեպքում,
– հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից, եթե առկա է մահացածի ընտանիքի անդամների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.

Հերձումից հրաժարվելն արգելվում է նաև, երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով, մասնավորապես՝

– երբ մահացածի անձը ճանաչված չէ,
– երբ ախտորոշումը հայտնի չէ, ընդ որում` անկախ տարիքից և բժշկական հաստատությունում գտնվելու տևողությունից,
– երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններ,
– բռնի մահվան դեպքում՝ սպանություն, ինքնասպանություն, ինչպես նաև դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
– բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից,
– մանկասպանության կասկածի դեպքում,
– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում:

Ըստ հաստատված կարգի, հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:

Հերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները): Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են մահացածների հաշվառման քարտադարանում՝ ըստ օրգանների և հիվանդագիտական ձևերի:

Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու հերձման մասին եզրակացությանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս