Տեսադաշտ. «Երբ Արմստրոնգը լուսնից տեսավ Երկիր մոլորակը, փոխվեցին նաև մարդու հորիզոնները»
Զրույց «NASA»-ի մարսագնաց «Curiosity» ռոբոտի կառուցմանը մասնակցած իրանահայ գիտնական Ռիչարդ Ք. Օհանյանի հետ
Մտքով թռչում ես ոչ շատ հեռու անցյալդ ու փորձում մտաբերել այն 20-ամյա երիտասարդին, ով գիտական լուրջ հարցերի մասին «մեծ-մեծ դուրս տվող» ուսանող էր, ով ո՛չ ուրիշների ասածն ու քննադատությանն էր լուրջ վերաբերվում, ո՛չ էլ ուրիշները նրա բարձրաձայնած մտքերին…
Խոսում էր այնպես, ոնց որ «NASA»-ից նոր էր տուն հասել… նույնպես՝ ինչպես այսօր, երբ «NASA»-ից տուն հասնելուն պես էլեկտրոնային նամակիս (էլ.փոստ) պատասխանը գրեց ու կայացավ այս է. փոստային ասուլիսը: Խոսքը բոլորովին վերջերս Մարս մոլորակում իջեցրած «Հետաքրքասեր» ամենագնաց լաբորատորի՝ (Curiosity) անվան հետ երևան եկած հայ գիտնականներից՝ Ռիչարդ Օհանյանի մասին է:
Ծնվել է 1971 թ.` Նոր Ջուղայում: 3 տարեկան էր, երբ հայրը գործուղվում է Թեհրան՝ որպես բանկի գլխավոր տնօրեն: Այսպիսով՝ Ռիչարդը մեծացավ Թեհրանի Սասուն քաղաքամասում՝ «Սիփան» միությանը կից փողոցում: Հաճախել է «Ալիշան», ապա՝ «Թունյան» և, ի վերջո, «Նաիրի» տարրական դպրոցները: «Սողոմոնյան» միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, որտեղից էլ ընդունվել է Թեհրանի Ազատ համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ և այն ավարտին հասցնելով (բակալավր)՝ զորակոչվել և մեկնել է ծառայության: Զորացրվելուց հետո՝ Ռիչարդին հաջողվում է ընդունվել մագիստրատուրա՝ Միջուկային ֆիզիկայի բաժնում, սակայն նրան տեղեկացնում են, որ նա մերժվել է՝ ելնելով ոլորտի անվտանգության նկատառումներից:
Սրանով էլ սկիզբ դրվեց ուսումը արտասահմանում շարունակելու գաղափարին: 1999 թ. տեղափոխվեց ԱՄՆ և ուսումը շարունակեց «Electrical Engineering» ուղղությամբ` ավարտելով մագիստրատուրա «Caltech» համալսարանում:
Մանկուց եղել է «Սիփան» միության Սկաուտականի սաներից և պատասխանատուներից: Նա անդամակցել է «Հոնան Դավթյան» ուսանողական միությանը: Եղել է նաև «Սիփան» միության Ուսանողական բաժնի պատասխանատու ղեկավարի դերում: Տեղափոխվելով ԱՄՆ` դառնում է Ամերիկայի Արևմտյան շրջանի «Շանթ» ուսանողական միության հիմնադիրներից: Ռիչարդը հանդիսանում է նաև «ArmEngine» միջազգային խմբի հիմնադիրը: «ArmEngine» խումբն էլեկտրոնիկայի, համակարգչային գիտության ճարտարագիտության ցանց է, որի նպատակն է հայ ինժեներներին հզորացնել նոր գաղափարներով ու գիտությամբ, ինչպես նաև՝ նպաստել նրանց միջև տեղեկությունների փոխանցմանը: Ռիչարդը նաև անդամ է «Policy Forum Armenia»-ի թինք-թանքին՝ «մտածարան…» (Think-tank):
– Սկսենք Ձեր «NASA» տիեզերագիտական կենտրոնին միանալու հարցով: Ե՞րբ տեղի ունեցավ այն կամ ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատակցում եք «NASA»-ին:
– Միացել եմ «NASA»-ի JPL կենտրոնին (Ռեակտիվ շարժիչների արագամղիչների փորձագիտական կենտրոն)՝ 2010 թվականի փետրվարին:
–Եվ ի՞նչ հանգամանքով:
– Ես ռադիոհաճախականությունների մակրովեյվ գծով փորձագետ եմ: Աշխատում եմ JPL-ում Communication, tracking and radar division և Communication section դիվիզիաներում:
– Այս մարսագնացի կապակցությամբ քանի՞ հայի մատն է խառը, քանի՞սն են իրանահայեր:
– Ըստ մեր տվյալների՝ շուրջ 120-ից ավելի հայեր են աշխատում JPL-ում, որոնք աշխատակցում են տարբեր նախագծերի: Իսկ այդ հարյուրից մի քսան-երեսունը իրանահայ գիտաշխատողներ են, այդ թվից էլ շուրջ 7-ն աշխատել են «Curiosity rover»-ի վրա: Վատ չէ իմանալ, որ միայն JPL-ում շուրջ 5000 աշխատուժ կա…
Նշենք, որ մարսագնացի նման կոմպլեքս ծրագրերը կարող են իրականացնել միայն երկարատև և մասնակի ծրագրավորումով, մասնագետների ներդրումով, խմբակային աշխատանքով և հազարավոր գիտնական-ինժեներների նվիրվածության շնորհիվ: «Curiosity» նախագիծը տևել է 4-ից 5 տարի և ծախսվել է 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար:
– Կարծիք կա, որ նման գիտահետազոտական կենտրոնում աշխատող գիտնականի համար ԱՄՆ-ից դուրս դժվար թե համապատասխան աշխատանքի ոլորտ գտնես: Ի՞նչ կարծիքի է Ռիչարդ Օհանյանը:
– Այստեղ աշխատող յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն աշխատել նաև իր ցանկացած ոլորտում կամ որևէ այլ նախագծի վրա: Ես այժմ` սկսած համակարգի մշակումից՝ վերջացրած էլեկտրական նախագծերով աշխատանքներ ունեմ ծավալած:
– Եկեք նշված Մարսի ոլորտի մասին մեր զրույցը շարունակենք: Դուք այս ռոբոտի ո՞ր բաժնում եք աշխատել:
– Աշխատել եմ այդ մարսագնացի վայրէջքի համակարգը մշակող տեխնիկաների վրա: Դա չափազանց զգայուն, բարդ և նուրբ ոլորտ է, որտեղ ոչ մի սխալ թույլատրելի չէ: Աշխատել եմ այդ նախագծի ռադարային համակարգի վրա: Այդ ռադարին էր վստահված Մարս մոլորակի մակերեսն ու տարածքը նկարելով՝ վերահսկել և կարգավորել վայրէջքի գործընթացը: Աշխատում եմ նաև մի այլ մարսագնացի վրա, որը պատրաստվում է «NASA»-ի և «ESA» (Europian Space Agency) համագործակցությամբ, որը պետք է շարունակի ներկա «Հետաքրքրասեր»-ի աշխատանքը. սա նախատեսված է 2018 թվականի թռիչքի համար: Իսկ վերջերս «NASA»-ն դուրս եկավ այդ համագործակցությունից: Սրանց զուգընթաց՝ մշակում եմ նաև մի այլ արբանյակի ռադարային բորդը, որը շուտով պետք է Երկիր մոլորակի օվկիանների ջրերի մակերեսը պատկերագրի և մի քանի ուրիշ նախագծերի վրա էլ աշխատում եմ:
– Կցանկանայի կրկնել նախորդ հարցս՝ կապված ԱՄՆ-ից դուրս աշխատելուն…
– Ես հասկանում եմ այդտեղ եղած նրբությունը: Փորձեմ ձևակերպել այսպես. նրանց համար, ովքեր աշխատում են տիեզերքի տեխնոլոգիայի կամ բալեստիկայի բնագավառում, կան աշխատելու առիթներ որևէ երկրում, որտեղ կան այդ ոլորտի տեխնոլոգիան կամ կենտրոնները:
Իսկ JPL-ում, քանի որ կան երկար տարիների փորձառություն եւ գիտահետազոտական անցյալ, այդ մեխանիզմները անկարելի է ձեռք բերել միանգամից կամ որեւէ մեկի գիտելիքների միջոցով: Սա ոլորտ է, որտեղ փորձառությունն ու փորձարկումների գծով կուտակված փորձագիտությունը ամուր հիմք է՝ աշխատանքը ապագայի հաշվին ծրագրավորելու համար:
Լավ կլինի ավելացնել, որ «NASA»-ից բացի՝ ընդամենը մի անգամ Ռուսաստանին է հաջողվել Մարսի վրա իջեցնել ինքնաշխատ ռոբոտ, որը 70-ականներին մի քանի րոպե աշխատելուց հետո՝ ձախողվել է և շարքից դուրս եկել:
Իսկ մեր կենտրոնի մասին կարող եմ ասել այն, որ JPL-ը կատարում է ամեն ինչ՝ սկսած արբանյակների դիզայն և մշակումից, մինչև արբանյակների հետ կապի գոյացում և դրանց պահպանում, վերջացրած գիտահետազոտական փորձարկությամբ (անալայզ): Այս կենտրոնում կարող է աշխատել յուրաքանչյուր փորձագետ, սակայն ժամանակ է հարկավոր, մինչև նա մշակվի և ծանոթանա այստեղի կազմակերպչական մշակույթին, կա՛մ ստրատեգիական առումներով կարևոր համարվող մեթոդոլոգիային, կա՛մ այլ կարևոր պրոցեսներին: Այնպես որ՝ երկար ճանապարհ է պետք մինչև անձը վստահելի համարվի մարսագնացի պես նախագծերում ընդգրկվելու՝ որպես դիզայներ հեղինակություն:
Մի խոսքով՝ ուղարկված հրթիռը կրակած գնդակի պես է, է՛լ հետ չես բերի, որ ի հայտ եկած սխալներդ շտկես: Այն էլ այնպիսի մի եզակի երևույթի, ինչպիսին «Curiosity»-ն էր, որի վրա ծախսվել է շուրջ 2.5 միլիարդ դոլար…
– Ընտանեկան կարգավիճակի մասին որևէ փակագիծ բաց չե՞ք անի:
– Ընտանիքս արդեն Ամերիկայում է ապրում: Վաղ հասակում կորցրել եմ մորս: Հայրս հանգստի է կոչվել: Երեք եղբայրներ ենք: ԱՄՆ տեղափոխվելուց հետո ինձ մոտ տեղափոխվեց նաև եղբայրս՝ Էդմոնդը` 2000 թվականին, որն այստեղ ուսումը ավարտելուց հետո՝ արդեն բժիշկ է: Մյուս եղբայրս՝ Ռայմոնդը, հայրիկիս հետ միասին Ամերիկա տեղափոխվեցին 2006 թվականին: Ռայմոնդը շատ հաջող համակարգչային ծրագրավորման ինժեներ է և տնօրինում է իր ծրագրավորման ծառայությունների հիմնարկը:
– Ամուսնանալու մասին կցանկանայի հարցնել: Հույսեր կա՞ն լավ նորություններ լսելու գծով:
– Դե, մարդ միշտ էլ ապրել է հույսով (այստեղ նա իր նամակում ժպիտ է նկարել):
– Մի հասարակ թվացող հարցով փակենք այս զրույցը: Ինչո՞վ է կարևոր Մարսը:
– Այստեղ մի կարևոր փաստ կա: Այն, որ երբ Նիլ Արմստրանգը, որ 82 տարեկան հասակում մի քանի օր առաջ իր մահկանացուն կնքեց, լուսնից տեսավ Երկիր մոլորակը, փոխվեցին նաև մարդու հորիզոնները… Իսկ երբ քայլեց այնտեղ, ընդարձակվեց մարդու հորիզոնների տեսլականը և դա մեզ փոխեց ընդմիշտ:
Իսկ մարսագնացը հենց այն կարևոր քայլերից մեկն էր, որ մեզ այնտեղ (Մարսում) մարդ ուղարկելու հնարավորութունը կարող է տալ… այնպես որ՝ դարձյալ նոր հորիզոններ, որտեղ մենք (հայերս) ևս պետք է մեր ասելիքը ունենանք: Մի խոսքով՝ տիեզերագիտությունը այն ոլորտն է, որով պայմանավորված է լինելու ապագայի գիտությունը կամ գիտության ապագան և ուղիղ իմաստով՝ մարդու ապագան՝ իր ամենալայն իմաստով…
Կցանկանայի նաև խոսք լիներ այն մասին, թե ինչ դեր կարող է ունենա հայ ինժեները համայնքային- հասարակական ասպարեզներում: Նրանք (ինժեներները) օժտված են մեթոդաբանական հնարքներով խնդիրներ լուծելու յուրահատուկ կարողությամբ:
Այսպիսով՝ ավելի մեծ թվով այդպիսիներին ներգրավելով ազգային իշխանության ղեկավար մարմինների կազմում՝ գործադիր մարմինը խնդիրները լուծելու ավելի արագ և ազդեցիկ շունչ կստանա… մի խոսքով՝ ինժեներները կարող են ավելի համակարգված լուծումներ առաջարկել համայնքային կտրվածքով մարտահրավերների դեմ:
Զրուցավար՝ ՀԱՏԻՍ
«Ալիք» օրաթերթ, Իրան