Բաժիններ՝

Բարձրագույն, վերահսկիչ և անարդյունավետ

Մենեջմենթի ցանկացած դասագիրք ապագա կառավարիչներին խորհուրդ է տալիս հիմնարկությունում նոր օղակ ստեղծելուց առաջ հստակ ձևակերպել այն խնդիրները, որոնցով զբաղվելու է այդ օղակը: Այլապես ժամանակի ընթացքում այդ նորաստեղծ օղակն ինքն է իր համար խնդիրներ գտնելու ու զբաղվելու:

Ժամանակի ընթացքում փորձելով ապացուցել իր կարևորությունը: Բայց ինքնաձևակերպված խնդիրները, որպես կանոն, կապ չունեն մեծ հիմնարկի հետ: Ասել, որ թե 1996թ., թե 1997թ. մեր իշխանությունները թերագնահատեցին այս խորհուրդը, հնարավոր է` չափազանցություն կլինի: Այդ ժամանակ ձևավորվեց այն մարմինը, որ հիմա կոչվում է ՀՀ վերահսկիչ պալատ: Չափազանցություն կլինի նաև պնդելը, որ այդ մարմինն առայսօր պիտանի ոչինչ չի արել:

Նույն` 1997թ. գործունեության ստվարածավալ հաշվետվությունը հասարակական հնչեղության բավական հարցեր բարձրացրեց: Վարկային միջոցների, պետբյուջեի ոչ արդյունավետ օգտագործման ու յուրացման բազմաթիվ օրինակներով: Արդյունքում` նույնիսկ քրեական գործեր հարուցվեցին: Այս հաշվետվության արդյունքում եզակի դեպք արձանագրվեց` իր պաշտոնական դիրքի չարաշահման ու յուրացումների համար նախարար քրեական պատասխանատվության ենթարկվեց:

Դրանից հետո Վերահսկիչ պալատի հետ կատարվածը չափազանց տարօրինակ էր: Նախ` Վերահսկիչ պալատի առաջին կազմի անդամներին արագ նոր պաշտոններ տվեցին: Նրանցից մեկը նույնիսկ նախարարի պաշտոն ստացավ: Մյուսները` պատասխանատու ու «յուղոտ» պաշտոններ: Տարին տարվա վրա Վերահսկիչ պալատի հաշվետվությունները դարձան անբովանդակ: Իհարկե, մեր իշխանությունները հասարակությանն ու արևմտյան կառույցներին փորձում էին համոզել, որ կարևորում են այս կառույցի դերն ու գործունեությունը: Նոր օրենքով նույնիսկ Պալատին ավելի բարձր դերակատարություն տվեցին, նոր լիազորություններով օժտեցին:

Մի քանի տարի առաջ, երբ Վերահսկիչ պալատի ղեկավար նշանակվեց Իշխան Զաքարյանը, թվաց, թե պատկերը փոխվում է: Սկզբում նոր նախագահը փորձում էր հասարակական հնչեղության գործեր բացահայտել, դրանք ուղարկվում էին իրավապահ մարմիններ: Բայց կամաց-կամաց ամեն ինչ հանդարտվեց: Հիմա Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը»: Անհավատալի է, բայց տարեկան հաշվետվություն կոչվածն ընդամենը 14 էջ է: Դրանցից երկուսն այս վեհաշուք անունով կառույցի միջազգային կապերի մասին են: Իսկ մնացածը տարօրինակ ու հաճախ մերկապարանոց հայտարարություններ են:

Օրինակ, շինարարության ոլորտի մասին սույն հաշվետվությունում կարելի է հանդիպել հետևյալ թվարկմանը` «ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային ընկերությունների կողմից կազմվում են անորակ նախագծեր, շինարարական նորմերի և կանոնների խախտումով կազմված նախագծին տրվում է փորձագիտական դրական եզրակացություն, բացակայում են օգտագործված շինարարական նյութերի որակի հավաստագրերը, նախագծանախահաշվային փաստաթղթերը համայնքի ղեկավարի հետ հաճախ չեն համաձայնեցվում, չեն պահպանվում պետական ստանդարտով սահմանված շինարարական գծագրերի մշակման միասնական կանոններն ու նորմերը, բացակայում են ավարտված շինարարության շահագործումն ընդունող հանձնաժողովի ակտերը, թերի է իրականացվում տեխնիկական և հեղինակային հսկողությունը»:

Ու այսպես շարունակ: Ոլորտ առ ոլորտ: Քարը քարի վրա չի թողած, ասենք, պետական գնումների ոլորտում: Աջ ու ձախ մեղադրանքներ են` կեղծ մրցույթների, անիրատեսական գների ու նմանատիպ բաների մասին: Եվ այդ ամենը գրված է ամենաարմատական ընդդիմադիր գործչի բառապաշարով ու տրամաբանությամբ: Պարզապես փաստերն են քիչ: Դատելով տեքստում տեղ գտած օրինակներից, կարելի է ենթադրել, որ նման մեղադրանքների համար Վերահսկիչ պալատի աշխատակիցները բավարար հիմքեր ունեն: Ունեն, բայց թաքցնում են: Փոխարենը` մանր-մունր դեպքեր են նշվում:

Օրինակ` «Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կատարվել են անորակ, որի արդյունքում շուրջ վեց ամիս անց ճանապարհը քայքայվել է և երթևեկության համար դարձել դժվար անցանելի: Ծախսված գումարը դիտվում է որպես անարդյունավետ»:

Ոչ ճանապարհաշինությամբ զբաղվող կազմակերպության անունը կա, ոչ օգտագործված (ավելի ճիշտ` յուրացված) ֆինանսական միջոցների քանակը, ոչ պատվերը տեղադրող պետական կառույցի ու դրա ղեկավար անձի անունը: Կարելի է ենթադրել, որ Վերահսկիչ պալատը մի կողմից` ուզում է հասարակությանը ցույց տալ, որ աշխատում է, մյուս կողմից` չի ուզում հարաբերությունները փչացնել այս կամ այն օղակի ղեկավարության հետ:

Գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրության հատվածում արձանագրված է` «Կարկտի դեմ պայքարի նպատակով տեղադրվել են կայաններ, որոնց կիրառման անվտանգությունը և արդյունավետությունը որևէ անգամ, որևէ պետական մարմնի կողմից չի ստուգվել: Մինչդեռ, ծրագրով ի սկզբանե նախատեսված մյուս տիպի կայանները, որոնց անվտանգության և արդյունավետության խնդիրները ճշգրտված են եղել միջազգային ստանդարտներով և 16 անգամ ավելի էժան են եղել, քան արդեն տեղակայվածները, պարզապես անհայտ պատճառներով չեն տեղադրվել»:

Կրկին ոչ մի կոնկրետ կասկածյալ ու մեղավոր: Համաձայնեք, որ պետության համար 16 անգամ ավելի թանկ սարքավորումներ գնելու փաստի մասին «պարզապես անհայտ պատճառներով չեն տեղակայվել» գրելը տարօրինակ է: Ընդունեք, որ բավարար հումորի մակարդակ ունենալու դեպքում մեր Ազգային ժողովը 2013-ի բյուջեում կարող է ուղիղ 16 անգամ կրճատել Վերահսկիչ պալատի ֆինանսավորումը: Դրանից պետական կառավարման արդյունավետությունը մեր երկրում հաստատ չի տուժի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս