Բաժիններ՝

Մաքսազերծումը կհեշտանա՞

Կառավարությունն իր վերջին նիստում մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կարող է իրոք դրական տեղաշարժեր առաջացնել մաքսային համակարգում և մաքսազերծման գործընթացում։

Կառավարությունը ցանկանում է օրենքի փոփոխության միջոցով զգալիորեն հեշտացնել ներմուծվող ապրանքների մաքսազերծման կարգը, վերջ տալ մաքսային սահմանին մաքսային արժեքի որոշման հետ կապված անորոշություններին և ինվոյսի գինը պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում ընդունել հիմք` մաքսային արժեքի որոշման համար: Ընդունվելու և նորմալ կիրառություն գտնելու դեպքում այս օրինագիծն ուրախությամբ կընդունվի Հայաստանի մեծ թվով քաղաքացիների կողմից։

Ոչ միայն ներմուծող գործարարների, այլ անհատների, որոնք, օրինակ, ավտոմեքենա են ներմուծում: Շատերից կարելի է լսել, որ, ասենք, Գերմանիայում մեքենան գնել են 2000 եվրոյով, իսկ միայն մաքսազերծման համար վճարել 1000 եվրո կամ ավելի։ Բանն այն է, որ մաքսային մարմինը մաքսային արժեքը որոշելիս հաշվի է առնում ոչ թե հաշիվ-ապրանքագիրն (ինվոյսն) ու դրանում նշված գինը, այլ սեփական մեթոդաբանությամբ` հսկիչ գների հիման վրա է գնահատական տալիս: Դա, բնականաբար, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և շատերի դժգոհությունը հարուցում։ Իսկ առաջարկվող փոփոխություններով, համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում, մաքսային մարմնի մանևրելու հնարավորությունը վերանում է` էականորեն կրճատելով կոռուպցիոն ռիսկերը։

Ինչպես նշված է Ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են մաքսային արժեքի որոշման գործընթացի բարելավմանը, մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրինացմանը և դրա համար պահանջվող ժամանակի և ծախսերի կրճատմանը: Ֆինանսների նախարարությունը տվել է նաև օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները և բյուջետային բնագավառի վրա դրանց ազդեցության գնահատականը:

Կարդացեք նաև

«Ներկայացված նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն»,- նշված է Ֆինանսների նախարարության պաշտոնական եզրակացության մեջ: Սա կարևոր է, քանի որ օրենքին դեմ արտահայտվողները կարող են ասել, որ անբարեխիղճ ներմուծողների պատճառով` բյուջեի եկամուտները կարող են նվազել:

Այսինքն, ՀՀ քաղաքացին, արտասահմանում մեքենան գնելով 10000 դոլարով, կարող է «սարքել», օրինակ, 5000-անոց թուղթ` ինվոյս, խուսափելով հարկերից։ Սակայն ոլորտը կարգավորող նախարարությունը, փաստորեն, այդ ռիսկն ու դրա ազդեցությունը չեզոք է գնահատել։ Թվում է` ոչ մի խանգարող բան չկա, և բոլորը պետք է գոհ լինեն օրենքից։ Սակայն լրատվամիջոցներից մեկը նշել էր, որ դժգոհություն կա, որն արտահայտվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Նշվել էր, որ ՊԵԿ-ը ներկայացրել է առաջարկներ` ցանկանալով կրկին բարդացնել գործարքի գնով մաքսային արժեքի որոշման ընթացակարգը, սակայն Ֆինանսների նախարարության կողմից սույն առաջարկները մերժվել են` Առևտրի համաշխարհային կազմակերպության դրույթներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Մինչ փորձում էինք բացատրություն գտնել, թե ՊԵԿ-ն ինչու է ընդդիմացել այս օրինագծին, այս կառույցը հանդես եկավ պարզաբանմամբ, նշելով, որ հրապարակման մեջ բերված մեկնաբանություններն իրականության հետ առնչություն չունեն և առնվազն անհասկանալի են, քանի որ, լինելով կառավարությանն առընթեր մարմին, ՊԵԿ-ը նախ և առաջ ինքն է նախաձեռնել, անմիջականորեն մասնակցել և այլ պետական մարմինների հետ համագործակցության եղանակով նպաստել նշված նախագծի ներկայացմանը և ՀՀ կառավարության քննարկմանը։ Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի առաջարկներին, ապա, կոմիտեն նշել է. «ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով մաքսային արժեքի որոշման նպատակով ՊԵԿ-ը ոչ թե առաջարկել է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, այլ ճիշտ հակառակը` վերացնել օրենքի նախագծի 2-րդ հոդվածում տեղ գտած երկիմաստությունը և անհստակությունը, որպեսզի այդ դրույթը հերթական անորոշությունների պատճառ չհանդիսանա:

Ավելի պատկերավոր լինելու համար` նշենք, որ նախագծում հաշիվ-ապրանքագիրը հավասարեցված է վճարման փաստաթղթին, մինչդեռ հաշիվ-ապրանքագիրը հիմնական դեպքերում վճարային փաստաթուղթ չի հանդիսանում: Հավելենք նաև, որ առաջարկը ոչ թե մերժվել է, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել, և հանձնարարվել է երկօրյա ժամկետում համատեղ լրամշակել` հնարավոր անորոշություններից խուսափելու համար»։ Անկեղծ ասած, ամենևին ցանկություն չունենք խորանալ այս խուճուճ պատմության դետալների մեջ։ Պարզապես արձանագրենք, որ անգամ լավ նախաձեռնությունների դեպքում այսպիսի խոսակցություններն անխուսափելի են` Հայաստանում հաստատված մթնոլորտի պատճառով։

Այնպես է ստացվել, որ մենք բոլորս ինչ-որ բան լսելով` անմիջապես առաջնորդվում ենք մեղավորության կամ «շուստրիության» կանխավարկածով։ Օրենքն ընդունվեց` անմիջապես մտածում ենք, որ հայաստանցի ներմուծողները խաբելու են ու խուսափելու են հարկերից։ Օրենքը չընդունվեց` մտածում ենք` ՊԵԿ աշխատակիցների բախտը բերեց. կշարունակեն ապօրինի փող աշխատել։ Այսինքն` միմյանց խաբելու և միմյանցից փախցնելու միտքը համատարած է թե՛ պետական համակարգում, թե՛ դրանից դուրս։ Եթե անգամ մենք չենք խաբում, ապա գոնե մտովի պատկերացնում ենք, թե մյուսներն ինչպես կարող են խաբել:

Թե ինչու է այդպես, առանձին թեմա է:
Վերադառնալով բուն օրենքին և դրա ազդեցությանը, նշենք, որ դրական նախաձեռնությունն ինքնին դեռ ոգևորության պատճառ չպետք է հանդիսանա։ Կասկած չկա, որ կառավարության այս նախագիծը կհաստատվի Ազգային ժողովի կողմից։ Սակայն այլ հարց է` կգործի՞ այդ օրենքն իրականում, թե՞ ոչ։ Եթե միայն օրենքների առկայությամբ գնահատվեր Հայաստանի վիճակը, ապա մենք այսօր տեղ կգրավեինք աշխարհի ամենազարգացած երկրների շարքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս