Արդեն ծերացել ենք, մնում է` ծերանանք արժանապատիվ

ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մատնանշած երեք հարցերից Կառավարությունը հավանություն է տվել նաև Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և դրա իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին:

Իշխանություններն այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում են բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները, նրանց համոզմամբ` հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար: Այն, որ Կառավարությունը վերջապես ուշադրություն է հրավիրել ծերացող ժողովրդագրության խնդրին, և գործադիրը ձեռնամուխ է եղել կոնկրետ գործողությունների կիրառմանը` հուսադրող է: Մինչդեռ նորույթն այն է, որ Հայաստանը 2012թ. միացել է Մադրիդյան գործողությունների ծրագրին:

Նշենք, որ ծերացող բնակչությունը գլոբալ խնդիր է, քանի որ աշխարհի գրեթե բոլոր պետություններն իրենց ժողովրդագրական հետազոտություններում արձանագրել են այդ երևույթը: Այլ կերպ ասած` ծերանում է աշխարհի բնակչությունը: 2012թ. Մադրիդում կազմակերպվել է մեծ խորհրդաժողով և ընդունվել է «Մադրիդյան գործողությունների ծրագիր», որին միացել են գրեթե բոլոր երկրները, այդ թվում`Հայաստանը: Ծրագրի գործողությունների առաջնահերթություն է համարվել տարեցների սոցիալական պաշտպանությունը:

Այնուամենայնիվ, ավելի հասկանալի դարձնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում «Ծերացման Մադրիդյան ռազմավարությունը»` զրուցեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի հետ.

««Ծերացման Մադրիդյան ռազմավարության» հիմնական հանձնարարությունները պետություններին հետևյալն էր. Տարեցների նկատմամբ կա դրական վերաբերմունքի ձևավորման պահանջ, որտեղ, թեև Հայաստանն այնքան էլ անելիք չունի, սակայն, ամեն դեպքում, ռազմավարության միջոցառումներում նախատեսել ենք` լրատվամիջոցներով հեռարձակումներ, հրապարակումներ, և այլն: Եթե Եվրոպայում խրախուսվում է առանձին ապրելը, ապա մենք խրախուսում ենք սերունդների համերաշխությունը: Այսինքն` մեր ազգային առանձնահատկություններն ուզում ենք պահպանել: Ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի տարեց մարդն իրեն միայնակ չզգա»:

Թեև ներկայում Հայաստանում գործում են տարեցների համար նախատեսված ցերեկային կենտրոններ, այդուհանդերձ, առաջիկայում բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն ծերապարտեզներ (պայմանական անվանումն է) կամ կենտրոններ, որպեսզի տարեցներն ունենան զբաղվելու հնարավորություն և իրացնեն միմյանց հետ շփման պահանջը: Ջ. Բաղդասարյանի հավաստմամբ` ռազմավարության ուղղություններից է նաև տարեցներին համայնքային կյանքին ակտիվ ներգրավումը, որոնցից մեկն էլ ավագանու խորհրդին կից` տարեցների փորձառությունը համայնքային ծրագրերում կիրառելու որևէ օղակի ստեղծումն է: Համաձայն ռազմավարական սկզբունքների` սոցիալական և առողջապահական ծառայությունների զարգացման հետ մեկտեղ, գործողությունների ծրագիրը կարևորում է համայնքի դերը հատկապես միայնակ ծերերի խնամքը կազմակերպելու հարցում: Համայնքն առկա ռեսուրսների և ծրագրերի շրջանակներում անուղղակի ձևով պետք է ներգրավվի տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցելու գործում:

Արձանագրելով, որ այդ տարիքի մարդկանց մեծ մասն առողջության հետ կապված խնդիր ունի` Ջ. Բաղդասարյանը նշում է, որ բարեփոխումներ են իրականացվելու նաև ինչպես` առաջին օգնության, այնպես էլ` ստացիոնար բուժսպասարկման համակարգերում: Նախատեսվում է ստեղծել մի ինստիտուտ, որտեղ կլինեն ծերաբան և ծերաբույժ մասնագիտություններն ունեցող բուժաշխատողներ, որոնք, թեև վաղուց աշխարհում հայտնի մասնագիտություններ են, սակայն Հայաստանում Խորհրդային Միությունից հետո չեն եղել:
«Ռազմավարությամբ նախատեսել ենք այնպիսի հայեցակարգ մշակել, որ նշված մասնագիտությունները Հայաստանում ներառվեն:

Պոլիկլինիկաներում պարտադիր կերպով պետք է ծերաբույժներ լինեն, քանի որ հիվանդություններ կան, որոնք տարիքի հետ են առաջանում և պետք է տարանջատվեն: Օրինակ` ինչպես մանկաբույժն է նեղ մասնագետ: Նաև պայմաններ են ստեղծվելու, որպեսզի հին, արդեն մեռնող արհեստներին տիրապետող տարեցները կարողանան իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ ներուժին: Օրինակ` ես ուսումնասիրել եմ հին արհեստների ոլորտը, որտեղ շատ հետաքրքիր մասնագիտություններ կան` դուդուկագործություն, կարպետագործություն, մակոկ, մուշուրբա: Մուշուրբան լատունից պատրաստված բաժակ է, որը պատրաստում է Շիրակում բնակվող մի տարեց մարդ: Այն բավականին թանկ է, բայց մեր ազգայինն է, և պատրաստում է միայն այդ մարդը: Մակոկը հատուկ սարք է, որով կախազարդեր են գործում, և այլն»,- ասում է Ջ. Բաղդասարյանը:

Այսինքն` տարեցների համար ստեղծվելու է նաև աշխատաշուկա, որտեղ ցանկացողները կկարողանան իրացնել իրենց աշխատելու իրավունքը, որից զրկվել են կենսաթոշակային տարիքի պատճառով: Հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն` կենսաթոշակառուների մոտ 18%-ն է զբաղված, ինչը բացատրվում է երկրում գործազրկության բարձր մակարդակով, ինչպես նաև` աշխատաշուկայում տարեցների ոչ մրցունակ լինելու հանգամանքով:

Ջ. Բաղդասարյանը վստահեցնում է, որ ծերացման ռազմավարությունը մի համապարփակ փաստաթուղթ է, որտեղ ծերացման ոլորտի պետական քաղաքականության բոլոր ուղղություններն ընդգրկված են: Այսինքն` և՛ տարեցների սոցիալական սպասարկման, և՛ ծերացման երևույթից, հետևանքներից բխող` կենսաթոշակային բարեփոխումներ, սոցիալական աջակցության նոր տեսակներ, և այլն: Վերոնշյալ գործառույթները նաև միջազգային պարտավորություններ են, և Մադրիդյան գործողությունների վերաբերյալ հաշվետվությունը յոթ տարին մեկ սոցիալական ոլորտի պատասխանատուները ներկայացնում են միջազգային համապատասխան կառույցներին:

Այնուամենայնիվ, տարեցների կյանքի որակի բարելավման ցանկացած միջազգային հանձնառություն կամ տեղական ռազմավարություն կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև` ձախողվել, եթե ՀՀ-ում չլուծվի կենսաթոշակը գոնե նվազագույն սպառողական զամբյուղին համահունչ դարձնելու խնդիրը: Այսինքն` չի կարող տարեց մարդը ներգրավվել հասարակական` բնապահպանական, մշակութային, համայնքային ակտիվ կյանքում, եթե նա չի կարողանում ինքնուրույն հոգալ իր կենսական տարրական պայմանները:
Ջ. Բաղդասարյանը` անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխման խնդրին, նշում է, որ ռազմավարությունը ստեղծվել է այդ բարեփոխման համատեքստում, այսինքն` կարևորագույն ուղղություններից համարելով տարեց մարդու կենսապայմանները, առողջությունը, սոցիալական բնակարանը, և այլն:

Թեև ռազմավարության մեջ` որպես հանձնառությունների առանձին ուղղություն, մենք այդպես էլ չգտանք կենսաթոշակների բարձրացման մասին տեղեկատվություն, այդուհանդերձ` փոխնախարարը վստահեցնում է, որ կենսաթոշակային բարեփոխումն առանձին մեծ ծրագիր է:

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, 63 և բարձր տարիք ունեցող անձանց թիվը 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է Հայաստանի ընդհանուր բնակչության 11,5 տոկոսը կամ 376,1 հազար մարդ, որից` 85 և ավելի տարիք ունեցողները կազմում են մոտ 11,5 հազար մարդ:

Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որևէ հասարակության բնակչության 65 և բարձր տարիքի անձանց տեսակարար կշիռը մինչև 8% է, ապա այդ հասարակությունը գնահատվում է` որպես երիտասարդ, 10-ի դեպքում` ծերացող, իսկ 12%-ի դեպքում` ծերացած: Համաձայն վիճակագրական տվյալների` Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Առաջիկայում սպասվում է բնակչության կառուցվածքի մեջ տարեցների թվաքանակի աճ, քանի որ կենսաթոշակային տարիք կսկսեն մուտք գործել 1950-ականներին ծնված` գրեթե երկու անգամ ավելի մեծ թվով անձինք:

Ընդ որում` մասնագետների գնահատմամբ, եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև:

Տեսանյութեր

Լրահոս