Երկու ձեռքերն ու ոտքի մի մասը կորցրած Մերին կոչ է անում ուժեղ լինել (տեսանյութ)
Պատերազմի մասին խոսելիս կապանցի Մերիի աչքերի անկյուններում արցունքներ են հավաքվում: Մերիի ժպիտը, կարծես, լողում է այդ արցունքաջրերում, հետո հանկարծ` առկայծում: Նրանց տան լուսավոր հյուրասենյակում Մերիի մոր` տիկին Նինայի լուսանկարի տակ նստած` հետևում եմ Մերիի աչքերի թրթռոցին, խուլ հոգոցներին, որոնք, ասես, այլևս հոգնել են հարցերի պատասխաններ փնտրել:
1993թ. հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով Մերին կորցրեց երկու ձեռքերն ու ոտքի մի մասը: «Նախկինում մեծ ցավով էի էս ամենը պատմում, հիմա` չէ: Մարդիկ արդեն գիտեն դա: Էդ օրվա հետ կապված ամեն ինչն եմ հիշում: Գնացել էի պապայիս գարաժը, էնտեղ մի շուն կար, ուզում էի տուն բերել… Հետո հիշում եմ, որ մոտեցա աղբյուրին, որ լվացվեմ… Էդ պահին ռումբը պայթեց: Ասում են` կասետային ռումբ էր, չգիտեմ: Ձեռքերս ուզում էի դնել գետնին, որ վեր կենամ, հալվեցին` չկտրվեցին, այլ` հալվեցին»,- պատմում է Մերիին: Ասում է` այս տարիներին սովորել է ինքնուրույն դիմակայել դժվարություններին, հետո` ծիծաղում է: Իր տեսած ամենամեծ դժվարությունը համարում է մոր` տիկին Նինային կորցնելը: Մերիի պատմելով` 9-րդ դասարանում ԱՄՆ-ից վերադառնալուց օրեր անց մահացավ մայրը, ով արյան լեյկոզ ուներ: Այս մասին պատմելիս նա նայում էր սենյակի անորոշ կետերին, հետո, ասես, խեղդված արցունքները կուլ տալով ու կրկին ժպալով` շարունակում է. «Ամեն դժվարություն մարդու համար ա: Մարդ պիտի անցնի էդ դժվարությունների միջով: Էս կյանքը փորձություն ա մեզ համար… Հետո ավելի լավ կլինի մեզ համար»,- ասում է 27-ամյա Մերին, ով աշխատում է Կապանի տիկնիկային թատրոնում և Կապանի «Դինո գոլդ մայնինգ Քամփնի» ընկերությունում : «Որոշել եմ մոդել դառնամ… Առաջ` դե, դեպքից հետո, մտածում էի, որ վերջացել ա ամեն բան, հետո հասկացա, որ մարդ պետք է ուժեղ լինի ու պայքարի: Եթե ինքդ չգտնես էդ ուժը քո մեջ, ինչքան էլ կողքից ասեն` չի լինելու: Կյանքը պայքար ա»,- ավելացնում է Մերին ու իրեն բնորոշ հյուրասիրությամբ պատրաստում սուրճը… Մերիի հետ հանդիպումից հետո հիշեցի մտերիմներիցս մեկի խոսքը. «Թռչելու համար ձեռքեր պետք չեն, երբ արդեն ունես թևեր…»:
Մարինե Մարտիրոսյան
Կապան-Երևան
Նյութը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Տեսանյութի և հրապարակման բովանդակությունը հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: