Հայաստանում լեռնագնացությունը մահացած սպորտաձև է
Հայաստանում ալպինիզմի` որպես սպորտաձև, զարգացման հնարավորություններ չկան: Խորհրդային տարիներին ալպինիզմով զբաղվող բազմաթիվ անհատներ և ֆեդերացիաներ կային, որոնք հոգում էին ոլորտի զարգացման և մարզիկների կարիքները: Այսօր այդ ամենը բացակայում է:
Ալեքսանդր Մայիլյանը տարիներ շարունակ զբաղվել է պրոֆեսիոնալ ալպինիզմով: Այդ սպորտաձևը եղել է ոչ միայն իր հոբբին, իր կենսակերպը, այլև ապրելու միջոցը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ չի դադարել զբաղվել ալպինիզմով: «Եթե ֆինանսավորում չի լինում, ապա տվյալ սպորտաձևի զարգացումը մնում է մարզիկի էնտուզիազմի, հովանավորների հույսին»,- ասում է Ա. Մայիլյանը, ով օգոստոսի 10-ին Արամ Հովհաննիսյանի հետ նվաճել էր Մոնբլան լեռը` ծածանելով Հայաստանի եռագույնը: Մոնբլանը համարվում է Արևմտյան Եվրոպայի բարձրադիր գագաթներից մեկը: Այն գտնվում է Ալպերում, Ալպերի ամենաբարձր գագաթն է` 4810 մ բարձրությամբ:
Հայաստանի լեռնագնացները սեփական միջոցներով կամ հովանավորների օգնությամբ են նվաճումներ արձանագրում: Իսկ լեռնագնացությունը թանկ սպորտաձև է: «Շատ հաճախ դիմում էինք պետական մարմիններին աջակցության համար, բայց միշտ նույն պատասխանն էր հնչում` պետությունը ծանր ֆինանսատնտեսական վիճակում է գտնվում, գումարներ չկան: Բայց մենք ամեն միջոց օգտագործում էինք:
Արշավախմբեր կազմելով, փոքր գումարներ ծախսելով, փորձել ենք բարձրանալ աշխարհի գեղեցիկ և, միգուցե, լուրջ լեռնագնացության համար որևէ նշանակություն չունեցող, բայց մեզ համար կարևոր լեռներ,- ասաց Ալեքսանդր Մայիլյանը, ով առաջին անգամ լուրջ բարձրություն է հաղթահարել 1997թ.` նվաճելով Խանտենգրի լեռը: -Մի քանի անգամ մոտ էինք Էվերեստը նվաճելուն, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: Պատճառները հիմնականում ֆինանսական էին: Մեկ անձի համար Էվերեստ բարձրանալն արժե 35.000 եվրո: Իսկ ալպինիզմը թիմային մարզաձև է: Դժվար էր գտնել քեզ նման մի քանի ալպինիստների, ճարել այդքան գումար ու գնալ լեռը նվաճելու: Պետությունն էլ, որքան փորձել ենք, ոչնչով չի աջակցել»: Սեփական ջանքերով Ա. Մայիլյանը 1999թ. նվաճել է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը: Այդ գագաթները նվաճվել են «Ալպինիզմի ազգային ֆեդերացիայի» դրոշի ներքո, նրանց աջակցությամբ: 2000թ. հովանավորի աջակցությամբ հայ ալպինիստները նվաճել են նաև Ալյասկան:
Այդ նվաճումներից հետո որևէ լուրջ ձեռքբերում հայ ալպինիստները չեն գրանցել: Մասնագիտությունը, մարզաձևը, ժամանակի ընթացքում ֆինանսական միջոցների և պետական աջակցության բացակայության պատճառով վերածվեց սիրողական զբաղմունքի: Ի դեպ, Ալեքսանդր Մայիլյանը և նրա գործընկերներն առաջիններից էին, ովքեր ծածանեցին եռագույնը Արարատի գագաթին: Պետական հոգածություն չլինելու պատճառով հայ ալպինիստները` կորցնելով իրենց մասնագիտությունը, այլ մասնագիտություններ սկսեցին փնտրել աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: Խարխլվեց հայ ալպինիստների թիմը: Այսօր հայ լեռնագնացները հաջողություններ են գրանցում և լեռներ են մագլցում իրենց հաճույքի համար: Հայաստանն այսօր չունի լեռնագնացության դպրոց, համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են ուսուցանել: Այն դեպքում, երբ ողջ աշխարհը ֆինանսական մեծ ներդրումներ է կատարում այդ սպորտաձևը զարգացնելու համար: