Չսովորել, չսովորել, չսովորել

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն էր, և, ինչպես ամեն տարի, տարբեր պաշտոնյաներ այցելեցին ուսումնական հաստատություններ` հեռուստատեսային ռեպորտաժներում երևալու ու մի քանի ծեծված մտքեր հայտնելու համար:

Պետական պաշտոնյաների բուհեր գնալու և որևէ դասախոսություն կարդալու հիմքում դրված է այն գաղափարը, որ, իբր, այդ պաշտոնյան՝ որպես տվյալ բնագավառի «հաջողակ կադր», որպես օրինակ` ներկայանում է ապագա մասնագետներին:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բացառություն չէ. նա ևս ամեն տարի գնում է Երևանի պետական համալսարան և դասախոսություն է կարդում միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Սակայն թվում էր` գոնե այս տարի Նալբանդյանը պետք է զերծ մնար դրանից, հաշվի առնելով, որ սեպտեմբերի 1-ի նախօրեին տեղի էր ունեցել Հայկական դիվանագիտության պատմության ամենամեծ խայտառակություններից մեկը. Հունգարիայի իշխանություններն  Ադրբեջանին արտահանձնեցին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին:

Դրանից հետո Էդվարդ Նալբանդյանը կամ պետք է հրաժարական տար ու դասախոսական աշխատանքի անցներ ԵՊՀ-ում` «ինչ չի կարելի անել դիվանագիտության մեջ» առարկայի գծով, կամ գոնե ապագա դիվանագետների առաջ պետք է լռեր: Սակայն արտգործնախարարը ոչ միայն գնացել էր ԵՊՀ ու դասախոսություն կարդացել, այլ այդ դասախոսության զգալի մասը նվիրել էր Սաֆարովի թեմային: «2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանն ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին»,- ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հարցրել է Էդվարդ Նալբանդյանը:

Թերևս, ավելի ճիշտ կլիներ, որ ուսանողները նրան ուղղեին այս հարցը` ի՞նչ պատահեց, որ Հայաստանի իշխանությունը չկարողացավ կանխել Սաֆարովի արտահանձնումը: Սակայն քարոզչական ռեպորտաժների համար ուսանողների հարցեր նախատեսված չեն, և Նալբանդյանն ինքն է պատասխանել իր հարցին:

«Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա ինչպե՞ս կարող է Հունգարիան ձևացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին և գնացել նման կասկածելի քայլի: Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի: Տեղյակ լինելով Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է:

Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ են առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երևույթների հանդուրժումն է ձևավորում սադամհուսեյնների»,-  հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

Բնականաբար, նա ոչինչ չի ասել կատարվածում հայկական դիվանագիտության եթե ոչ՝ մեղավորության, ապա՝ գոնե բացթողումների մասին, և իր դասախոսությունն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին անարգանքի սյունին գամելուն, ինչը ԵՊՀ ուսանողներին կարող է ասել ցանկացած շարքային լաբորանտ:
Գրեթե նույն մտքերն Էդվարդ Նալբանդյանը կրկնեց նաև երեկ` Ազգային ժողովի արտահերթ նիստում: Դրանց արտգործնախարարն ավելացրեց միայն այն, որ ՀՀ ԱԳՆ-ն մինչև Սաֆարովի արտահանձնման օրը դիմել է Հունգարիայի իշխանություններին և ստացել պատասխան, որ արտահանձնումը բացառվում է: Այսինքն` Նալբանդյանն ընդամենն ասում էր, որ Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ պետություն խաբել է` բնականաբար, առանց բացատրելու, թե ինչու է դա հնարավոր եղել:

Ի՞նչ են այսքանից հետո եզրակացնելու ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, որոնց համար արտգործնախարարի պաշտոնը համարվում է կարիերայի գագաթնակետ: Եզրակացնելու են, որ կարելի է սեփական անգործությունը բարդել թշնամի երկրի վրա, որ կարելի է արտաքին քաղաքականությունը հասցնել այնպիսի ցածր մակարդակի, որ անգամ «ճ կլասի» որևէ երկիր իրեն թույլ տա խաբել Հայաստանին: Դրանից հետո ուսանողները հետևելու են Ազգային ժողովի արտահերթ նիստին, որտեղ նույն արտգործնախարարը պատգամավորներին նույնն բանն է ասում, ու պատգամավորները ոչ միայն նրա հրաժարականի հարցը չեն բարձրացնում, այլև կողմ են քվեարկում նրա մտքերից չտարբերվող մի տափակ հայտարարության:

 

 

Տեսանյութեր

Լրահոս