Ճանաչե՞լ, թե՞ ոչ
Այս օրերին ամենահրատապ և ամենաքննարկվող հարցը Հայաստանում, անշուշտ, դարձել է հունգարա-ադրբեջանական գործարքը և դրա արդյունքում՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը` դրանից բխող դիվանագիտական, քաղաքական բոլոր հետևանքներով: Հատկապես շատ է խոսվում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա արտահանձնման հնարավոր ազդեցության և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մասին, և այս առումով Հայաստանում սկսել են հարց բարձրացնել` հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ խաղաղ բանակցությունների ձևաչափից և դնել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը:
«Միտքը լավն է, բայց Հանրապետական կուսակցությունը ցանկություններով չի շարժվում: Օրինագիծը կլինի՝ կքննարկենք, եթե կզգանք, որ հետևանքներն արդյունավետ են լինելու, բնականաբար, ձեռք կսեղմենք: Իսկ գաղափարը շատ լավն է, այդ գաղափարի համար ՀՀԿ-ն 1990-ական թթ.-ից պայքարում է»,- 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մասնավորապես ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Իսկ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պարզապես հղում կատարեց Սաֆարովի արտահանձնումից հետո ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հայտարարությանը, որտեղ մասնավորապես նշվում է. «Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել»:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ ԼՂՀ անկախությունը մեզ համար դե ֆակտո ճանաչված է, և խնդիրն ԱԺ-ի կողմից դե յուրե ճանաչումն է և միայն այդ ճանաչման պահի նպատակահարմարությունը, ասել էր, որ ԲՀԿ խմբակցությունն առաջիկա օրերին պատրաստվում է քննարկել այդ հարցը: