ԲՀԿ-ն կքննարկի այս փուլում ԼՂՀ անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը

«Ես վստահ եմ, որ Հայաստանում չկա մի քաղաքացի, ով դեմ լինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, և եթե առ այսօր ՀՀ խորհրդարանը դա չի արել, ապա դա բացառապես պայմանավորված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հորդորով` չվնասել բանակցային գործընթացին: Այստեղ խնդիրը ճանաչելը կամ չճանաչելն չէ. ակնհայտ է, որ նման խնդիր մեզ համար, ըստ էության` գոյություն չունի, քանի որ ԼՂՀ անկախությունը մեզ համար դե ֆակտո ճանաչված է: Այստեղ խնդիրը ԱԺ-ի կողմից դե յուրե ճանաչումն է, և միայն պահի նպատակահարմարությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման` վերջին օրերին տարբեր ուժերի կողմից բարձրացվող հարցի վերաբերյալ:

«Սաֆարովի հետ կապված այս դեպքերից հետո, երբ ըստ էության Ադրբեջանը հրապարակայնորեն փաստեց, որ ինքը բացարձակապես թքած ունի Մինսկի խմբի համանախագահների վրա, երբ հանցագործ Սաֆարովին օդանավակայանում դիմավորում են Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ), «Եվրանեստ»խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչով Ադրբեջանն ուզում էր ասել, որ ինքը թքած ունի թե Եվրոպայի Խորհրդի, թե «Եվրանեստի», թե Եվրամիության վրա, և ըստ էության իր համար կարևորն իր ներքին լսարանն է և Ալիևի վերարտադրությունը, որի համար Ալիևը պատրաստ է գնալ նման հանցագործ քայլերի, ապա այստեղ, կարծում եմ, հարցը պետք է քննարկել` նպատակահարմա՞ր է ճանաչել ԼՂՀ անկախությունն այս փուլում, թե՞ ոչ: Մենք, իհարկե, միշտ պատրաստ ենք խնդիրը քննարկելու, և այդ ճանաչման պահը կարող է գալ ցանկացած ժամին: Գիտեք, որ վաղը ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի նպատակը բոլորովին այլ է, և առաջիկա օրերին մենք ընդհանրապես պատրաստվում ենք խմբակցությունում քննարկել մի քանի խնդիրներ, որոնց թվում կքննարկվի այս փուլում ԼՂՀ անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը»,- ասաց պատգամավորը:

 


Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս