Թաքնված «երախտագիտություն»` Հունգարիային
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը ու դրան հետևած իրադարձությունները մի քանի ժամվա ընթացքում ֆորսմաժորային իրավիճակ ստեղծեցին Հայաստանում ու նրա շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երեկ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստը, ապա՝ դրան հետևած օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցությունը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունը գոնե ինչ-որ պահից համարժեք գործողություններ կատարելու որոշում է կայացրել:
Ընդ որում, իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, այդ նիստի ու խորհրդակցության ընթացքում հնչած հայտարարություններով չկարողացավ թաքցնել, որ, ըստ էության` անտեղյակ է եղել Սաֆարովին էստրադիցիայի ենթարկելու գործընթացի մասին, կամ, լավագույն դեպքում` տեղեկացվել է, ասենք, մեկ-երկու շաբաթ առաջ: Տվյալ դեպքում՝ դա հավասար է անտեղյակությանը, քանի որ, ինչպես արդեն հայտարարել են ադրբեջանական իշխանությունները, Սաֆարովին արտահանձնելու շուրջ հունգարական իշխանությունների հետ գաղտնի բանակցություններ են սկսել մոտ մեկ տարի առաջ:
Անկախ այդ հանգամանքից, Հայաստանի իշխանության` գոնե իրավիճակային պատասխանը համարժեք էր: Սակայն Սերժ Սարգսյանի երկու ելույթներում արտահայտված այդ պատասխանում դրսևորվում էր կատարվածի վերաբերյալ գնահատականի ու հնարավոր գործողությունների միայն «արտաքին բաղադրիչը»` ուղղված մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությանը, մյուս կողմից` միջազգային հանրությանը` համաշխարհային քաղաքականության սուբյեկտներին` Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, այլ միջազգային կազմակերպություններին:
Տեղի ունեցածի «ներքին բաղադրիչը», մասնավորապես` համապատասխան գերատեսչությունների ու դրանց ղեկավարների պատասխանատվության մասով, Սերժ Սարգսյանի ելույթներում բացակայում էր: Կարելի էր ենթադրել, որ դա մարտավարական քայլ է` Ս. Սարգսյանը որոշել է այս լարված արտաքին իրավիճակում շրջանցել ներքին պատասխանատվության հարցը՝ մինչև միջազգային այս սկանդալը կավարտվի:
Սակայն, դատելով երեկ ու այսօր իշխանական քարոզչամեքենայի ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող գնահատականներից, կարելի է արձանագրել, որ կատարվածի համար ներքին պատասխանատվության հարցն իշխանությունը համարում է փակված, կամ ընդհանրապես նման խնդիր չի քննարկում:
Օրինակ, այսօր կայացած ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այնպիսի միտք է հայտնել, որպիսին այս օրերին չէր համարձակվի հնչեցնել անգամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես չեմ կարծում, որ Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածը հայկական իշխանությունների սխալ դիվանագիտության հետևանքն է: Ընդհակառակը՝ մեր դիվանագետների ձեռքերին ավելացավ ևս մեկ արգումենտ` ընդդեմ Ադրբեջանի»,- հայտարարել է Իսկանդարյանը` հավելելով, թե տեղի ունեցածն «անհաջողություն» անվանել չի կարելի:
Այսինքն` քաղաքագետի տրամաբանությամբ, Հայաստանի իշխանությունը պետք է ոչ թե կասեցներ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, հանրությունն էլ զայրույթ արտահայտեր, այլ համազգային երախտիքի խոսք հղեր հունգարական իշխանություններին` «Ադրբեջանի դեմ ևս մեկ արգումենտ» պարգևելու համար:
«Իհարկե, նման արգումենտի հետ պետք է աշխատել: Արգումենտը կա, թե ինչպե՞ս այն կօգտագործվի մեր իշխանությունների կողմից` չգիտեմ»,- ասել է Իսկանդարյանը:
Իհարկե, նրա գնահատականի մեջ ճշմարտության հատիկ կա. ստեղծված իրավիճակում համարժեք գործելու դեպքում՝ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է կատարվածից որոշակի դիվիդենտներ ստանալ: Սակայն հայկական դիվանագիտության անգործությունն արդարացնելու և դեմքը փրկելու նպատակով հրապարակայնորեն նման գնահատականներ հնչեցնելը, մեղմ ասած, կոռեկտ չէ և բացահայտում է ստեղծված իրավիճակից ևս քարոզչական օգուտներ ստանալու՝ իշխանության մտադրությունը: