«Մեր դիվանագետների ձեռքերին ավելացավ ևս մեկ արգումենտ` ընդդեմ Ադրբեջանի»

«Ես չեմ կարծում, որ Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածը հայկական իշխանությունների սխալ դիվանագիտության հետևանքն է: Ընդհակառակը՝ մեր դիվանագետների ձեռքերին ավելացավ ևս մեկ արգումենտ` ընդդեմ Ադրբեջանի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, թե տեղի ունեցածը «անհաջողություն» անվանել չի կարելի:

«Իհարկե, նման արգումենտի հետ պետք է աշխատել: Արգումենտը կա, թե ինչպե՞ս այն կօգտագործվի մեր իշխանությունների կողմից` չգիտեմ»,- շեշտեց քաղաքագետը:

Խոսելով հայկական կողմի պատասխան քայլերի մասին՝ Ա. Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանի քայլերն ուղված են ընդդեմ Հունգարիայի, որն այդքան էլ ճիշտ չէ:

«Սրա պատճառն այն է, որ մենք Ադրբեջանին գիտենք ու նրանցից սպասում էինք նման տեսակի քայլեր: Իսկ Բուդապեշտից մենք նման բան սպասել չէինք կարող: Նրանց մասին մեր հասարակությունն անգամ որևէ ձևավորած կարծիք չուներ: Ես կարծում եմ, որ  Հայաստանի դիվանագիտական քայլերը պետք է ուղղել Մինսկի խմբի, գերտերությունների ու Ադրբեջանի ուղությամբ»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Ա.Իսկանդարյանի դիտարկմամբ՝ մարդասպանը, որն անգամ չի զղջում իր արարքի համար ու դատական գործընթացի ընթացքում ափսոսում էր միայն այն մասին,  որ սպանել է մեկ հայի, «գնվում, բերվում ու, դեմ գնալով օրենսդարական բոլոր նորմերին, ազատազրկվում է»: «Նման պետության հե՞տ են մեզ առաջարկում համագործակցել, գնալ զիջումների՞: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կարող էին ՀՀ իշխանությունները կանխել այն, չեմ կարող պատասխանել: Բայց հայկական կողմի դիրքորոշումն ու պատասխան ռեակցիան միանգամայն  բնական են: Հունգարիայի համար Հայաստանը հավանաբար ամենակարևոր երկիրը չէ. նրանց համար Ադրբեջանի առաջարկը, կարծում եմ, ավելի կարևորվեց»,- հավելեց Ա. Իսկանդարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս