«Մեր ուժեղ կողմերը հասկանալը և դրանք շեշտադրելը հաջողության գրավականն է»
Հարցազրույց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զoրեանի հետ
– Ո՞րն է Ձեր այցի հիմնական նպատակը:
– Իմ այցի հիմնական նպատակը մեր նոր արտադրանքի՝ STAR Memory System 5.0-ի քննարկումն է: Այն հինգերորդ սերունդն է մի արտադրանքի, որի գաղափարն առաջացել է Հայաստանում, և որը ստեղծվել է Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում: Այն ներդրված բարդ հիշողությունների հետ կապված մի շարք խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռում: Այս արտադրանքը շուկա է դուրս գալու ամռան վերջին, և անցած շաբաթ նախատեսված էին մի շարք վերանայումներ, ուստի ես այցելեցի Հայաստան՝ մասնակցելու այդ գործընթացներին և համոզվելու համար, որ ամեն բան ճիշտ և պատշաճ որակով է արվում:
– Իսկ ինչպե՞ս կգնահատեիք հայ ճարտարագետների մասնագիտական որակավորումը՝ աշխարհի այլ երկրների ճարտարագետների համեմատ:
– Մասնագիտական որակավորման առումով, ես չեմ կարծում, որ մեր ճարտարագետները տարբերվում են «Սինոփսիսի» այլ երկրների մասնաճյուղերում աշխատող ճարտարագետներից: «Սինոփսիսի» բոլոր գրասենյակներում մենք մշտապես ձգտում ենք լավագույն ճարտարագետներն ունենալ, և Հայաստանում մենք վաղուց արդեն ապահովում ենք այդ մակարդակը: Տարբերությունն այստեղ վերջնական արտադրանք ստեղծելու ունակության մեջ է: Այս դեպքում մեզ հաջողվել է արտադրանքի ստեղծման բոլոր փուլերն իրականացնել Հայաստանում՝ սկսած հետազոտության փուլից, հիմնական գաղափարների մշակումից՝ մինչև հարց ու պատասխանի և փաստաթղթերի ձևակերպումների փուլը, ինչը մեզ թույլ է տալիս ավելի վստահելի և որակյալ արդյունք ստանալ:
– Պարոն Զօրեան, որտե՞ղ և քանի՞ աշխատանքային թիմ եք Դուք կառավարում:
– Իմ դեպքում թիմս բաժանված է երկու խմբի՝ երկու գրասենյակներում: Կենտրոնական գրասենյակը Մաունթեն Վյու քաղաքում է, ԱՄՆ-ում, մյուս թիմը՝ Հայաստանում: Քանի որ արտադրանքի ստեղծման գաղափարը Հայաստանում էր ծնվել, մենք որոշեցինք գիտահետազոտական աշխատանքներն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում: Մինչ իմ թիմի ճնշող մեծամասնությունը տեղակայված է ՀՀ-ում, ավելի փոքր խումբ Կալիֆոռնիայում աշխատանք է տանում այլ ճարտարագիտական թիմերի և հաճախորդների հետ՝ հասկանալու համար վերջիններիս ապագա կարիքները:
– Դուք «Վիրաժ Լոջիք» ընկերության փոխնախագահն էիք, որը «Սինոփսիսը» ձեռք բերեց 2 տարի առաջ: Ինչպե՞ս ընթացավ ընկերությունների միաձուլումը, և ո՞րն է այն հիմնական առավելությունը, որը Դուք նկատում եք վերջին երկու տարիների ընթացքում: Ի՞նչ կասեք «Սինոփսիսի» մասը կազմելու Ձեր զգացումների մասին:
– Առաջին հերթին, եթե խոսենք միաձուլումից, կարծում եմ, որ այն շատ ավելի սահուն ընթացավ, քան ես ակնկալում էի: Սովորաբար, երբ դուք միավորում եք երկու ընկերություն, արտադրողականությունը նույն մակարդակի վրա պահպանելը խնդիր է դառնում, քանի որ դուք փոխում եք ընկերության կառուցվածքը և գրասենյակները: Այս դեպքում, քանի որ «Սինոփսիսն» արդեն ուներ այլ ընկերությունների հետ միաձուլման հարուստ փորձ, միաձուլումը շատ լավ էր պլանավորված և գրեթե որևէ ազդեցություն չունեցավ ճարտարագետների աշխատանքային գործընթացի վրա: «Սինոփսիսի» մասը կազմելու իմ զգացումների մասին ասեմ, որ գնահատում եմ թե՛ ներքին, և թե՛ արտաքին աճի հնարավորությունը: Ներքին աճի իմաստով՝ մենք ձեռք ենք բերել մի շարք այլ արտադրանքներ, նոր ճարտարագիտական խմբեր և նոր կապեր, ինչը չունեինք «Վիրաժում»: Արտաքին աճի իմաստով, «Սինոփսիսը» հաճախորդների հսկայական թիվ ունի, և մեր հաճախորդների թվի հետ մեկտեղ՝ աճել է մեր արտադրանքի հանդեպ վստահության աստիճանը: Իհարկե, այժմ մենք սպասարկում ենք ավելի մեծ թվով և ավելի մեծ պահանջներ ունեցող հաճախորդներ, ուստի մենք շարունակաբար աշխատում ենք հաճախորդների այս նոր բանակն ավելի արդյունավետ սպասարկելու համար:
– Ինչպե՞ս եք Դուք հաջողության հասել: Դուք բավականին ճանաչում ունեք Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:
– Չեմ կարծում, որ ես շատ հաջողակ եմ կամ ճանաչված, բայց կարծում եմ, որ իմ մոտեցումը եղել է այսպիսին. ամեն ինչ կառուցել իմ գիտելիքների վրա՝ մի ոլորտից մեկ այլ ոլորտ անցնելու փոխարեն: Յուրաքանչյուրս ինչ-որ ուժեղ կողմեր ունենք: Մեր ուժեղ կողմերը հասկանալը և դրանք շեշտադրելը հաջողության գրավականն է: Իմ կրթության և կարիերայի բոլոր փուլերում, իմ ուսումից, առաջին աշխատանքից մինչև իմ ներկա աշխատանքը, ամեն քայլափոխին ես աշխատել եմ կառուցել ապագան՝ օգտագործելով յուրաքանչյուր նախորդ փուլում իմ ձեռք բերած փորձն ու գիտելիքները՝ շարունակաբար շարժվելով առաջ: Ինձ համար կարևոր է մարդկանց հետ աշխատելը և ուրիշներին օգնելը: Կարծում եմ, շատ կարևոր է, որ մարդիկ օգնեն և սատարեն միմյանց, ինչպես նաև՝ կամավորությամբ զբաղվեն: Ես կամավորությամբ եմ զբաղվում իմ մասնագիտական կյանքում հիմնականում IEEE-ի (Institute of Electrical and Electronics Engineers) միջոցով, առաջատար գիտաժողովներ կազմակերպելով, գիտաժողովների ժամանակ ելույթներ ունենալով, IEEE ամսագրերին՝ որպես գլխավոր խմբագիր, իմ մասնակցությունն ունենալով, և այլն: Իմ գործընկերներից ոմանք զբաղվում են կամավորությամբ, մյուսները՝ ոչ: Ես հավատում եմ, որ երբ աշխատում եք որպես կամավոր, չպետք է որևէ շահ ակնկալեք: Բայց հաճախ կամավոր աշխատելիս ես, փոխարենն, ինչ-որ բան եմ ստանում: Այսպես, օրինակ, եթե ես լավ կազմակերպիչ եմ, թերևս, դա այն բանի շնորհիվ է, որ ես զարգացրել եմ այդ ունակությունը տարբեր միջոցառումների ժամանակ, կամ, եթե ես այսօր լավ բանախոս եմ, դա այն բանի շնորհիվ է, որ ես ելույթ ունենալու շատ հնարավորություններ եմ ունեցել: Ես նույնն արել եմ հայաստանյան իմ կյանքում: Մանկությունից ես կամավորել եմ սփյուռքում հայկական կազմակերպություններում, իսկ 1991-ից՝ նաև նորանկախ Հայաստանում:
– Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:
– Կարծում եմ՝ իմ ամենամեծ նվաճումն իմ ընտանիքն է: Չնայած իմ մյուս նվաճումները շատ կարևոր են ինձ համար, ընտանիքս իմ ամենամտերիմ շրջանակն է, և նրա հաջողությունն ամենակարևորն է ինձ համար: Այսպիսով, ես համարում եմ, որ իմ երկու երեխաների, կնոջս, մեր փոքրիկ ընտանիքի, ինչպես նաև՝ ընդլայնված ընտանիքիս՝ ծնողներիս հաջողությունն իմ ամենակարևոր ձեռքբերումն է:
– Պարոն Զօրեան, Դուք ներգրավված եք մի շարք հանձնաժողովների, տնօրենների խորհուրդների մեջ, Դուք նախագահում եք և համանախագահում եք շատ տարբեր կոմիտեներ ու հանձնաժողովներ: Ինչպե՞ս եք Դուք ժամանակ գտնում այդ բոլորը համատեղելու համար:
– (Ժպտում է.- Ա.Մ.): Ժամանակի կառավարումը կարևոր է մեզ բոլորիս համար: Մենք բոլորս շատ բաներ ենք անում: Անհրաժեշտ է աշխատանքը դասակարգել՝ ըստ առաջնահերթության, մենք երբեք չենք կարող անել այն ամենը, ինչ ուզում ենք: Դուք միշտ անում եք նախատեսված աշխատանքի մի մասը, այստեղ ճիշտ մասի ընտրությունն ամենակարևորն է: Ես միշտ ուզում եմ անել հարյուր բան, բայց անում եմ միայն քսանը: Այդ քսան առաջադրանքի ընտրությունը և դրանք հաջողությամբ ավարտելու համար ժամանակի ճիշտ բաշխումն ամենակարևորն է: Իհարկե, երբեմն դուք կարող եք հիասթափվել, քանի որ որոշ բաներ անպայման ուզում եք անել, սակայն չեք կարողանում: Սակայն մենք չենք կարող հասնել այն ամենին, ինչին ցանկանում ենք, այնպես որ՝ դրա մի մասը ճիշտ ընտրելը և ի կատար ածելն իմ առաջնային խնդիրն է:
– Ինչպե՞ս կկառուցեիք Ձեր կարիերան և Ձեր կյանքը, եթե ապրեիք այսօրվա Հայաստանում և լինեիք 20-30 տարեկան երիտասարդ:
– Անկախ նրանից, թե որտեղ ես կապրեի՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, ես հավատացած եմ, որ իմ կրթությունն իմ անձնագիրն է աշխարհում: Միանշանակ հետամուտ կլինեի, որ ստանայի հնարավորինս լավագույն կրթությունը: Միայն դրանից հետո, երբ ես ոտքի կկանգնեի, կանցնեի իմ կարիերայի կառուցմանը: Երբ դու 20 տարեկան ես, կարծում եմ, կրթությունն առաջնային է: Որոշ մարդիկ այդպես չեն մտածում, նրանք կարծում են, որ կան դյուրանցումներ, հաջողության հասնելու այլ եղանակներ, ինչը չի բացառվում: Դուք կարող եք որոշ ֆինանսական հաջողության հասնել, սակայն երկարաժամկետ հաջողություն ունենալու համար կրթությունն անփոխարինելի է:
– Արդյո՞ք Դուք կարծում եք, որ ՀՀ–ում երիտասարդ ճարտարագետները պատրաստ են ձեռներեցության և ունակ են ստեղծել իրենց սեփական ընկերությունները: Արդյո՞ք ՀՀ–ն այն տեղն է, որտեղ կարելի է կարիերա կառուցել և հետամուտ լինել բիզնես սկսելու երազանքին:
– Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանն ունի բարենպաստ մթնոլորտ և համապատասխան միջավայր՝ երիտասարդների կողմից բիզնեսներ ստեղծելու համար: Սակայն, խորհուրդ չէի տա որևէ մեկին բիզնես սկսել՝ առանց համապատասխան կրթության և փորձի: Ամեն դեպքում, ՀՀ-ում առկա են լավ հնարավորություններ ու ներուժ: Ես խոսում եմ ոչ միայն ՀՀ-ի ներքին, այլև արտաքին շուկայի մասին: Աշխարհում բոլորս կապված ենք միմյանց հետ, և դուք կարող եք օգուտ քաղել գլոբալ այդ կապից: Մի ազգ, որը սփռված է այդքան երկրներում, յուրաքանչյուր մայրցամաքի վրա, կարող է ամենամեծ օգուտը քաղել նման իրավիճակից, և մենք պետք է դա առավելություն դարձնենք մեզ համար: Այսօր, անկախ նրանից՝ ես Կալիֆոռնիայո՞ւմ եմ, Փարիզո՞ւմ, Բուենոս Այրեսո՞ւմ, թե՞ Երևանում, ես հնարավորություն ունեմ անել նույն բանը: Այնպես որ՝ ես նախընտրում եմ ստեղծել իմ ընկերությունը, իմ բիզնեսը ՀՀ-ում, իմ սեփական երկրում, իմ սեփական հողի վրա: Ես գիտեմ, որ որոշ երիտասարդներ գերադասում են մեկնել ՀՀ-ից: Իհարկե, դա լավ փորձ է, և դուք կարող եք նոր բաներ սովորել: Սակայն, ձեռքբերումների առումով՝ դուք կարող եք ՀՀ-ում շատ բանի հասնել այսօր, քանի որ մենք կապված ենք միմյանց հետ: Ես խրախուսում եմ սկսել ՀՀ-ից և ոչ թե՝ արտերկրից: Հայերը պատմության ընթացքում ունեցել են ինչպես՝ հաջողությունների, այնպես էլ՝ ողբերգությունների տարբեր ժամանակաշրջաններ: Կարծում եմ, այժմ մենք ապրում ենք շատ հատուկ ժամանակաշրջանում: Մենք անկախ երկիր ենք, ունենք ընտրության իրավունք, մենք բաց ենք բազմաթիվ հնարավորությունների համար, քանի որ կապված ենք աշխարհի հետ: Կարծում եմ, սա հատուկ ժամանակահատված է, երբ մենք կարող ենք ապացուցել ինքներս մեզ, մեր 4000-ամյա պատմությանը, որ մենք մեծ նվաճումներ կարող ենք ունենալ և կարող ենք սպասարկել ոչ միայն մեր սեփական շուկան, այլև ամբողջ աշխարհը: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել ամեն բան, որպեսզի Հայաստանը հաջողության հասնի այս ոսկե ժամանակաշրջանում:
– Ի՞նչ տպավորություններ ունեք այս անգամ Հայաստանից:
– Հայաստանն, ինչպես միշտ, հիասքանչ է ամռանը, և ես ուրախ եմ, որ կարողացա կրկին միանալ իմ թիմի և «Սինոփսիս Արմենիայի» ընտանիքի հետ:
– Ի՞նչ կտանեք Ձեզ հետ այս անգամ Հայաստանից մեկնելիս:
– Շատ կցանկանայի Հայաստանից մեկնելիս հետս ծիրան տանել: Բայց, ցավոք, դա անհնար է: ԱՄՆ մուտք գործելիս չես կարող հետդ թարմ միրգ տանել, այնպես որ՝ ես ծիրանն այստեղ եմ վայելում: