Բաժիններ՝

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 60 միլիոն եվրո

Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության և ԵՄ-ի ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար:

Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընդունել է 2012 թվականի համար Հայաստանի տարեկան գործողությունների ծրագիր, որ պետք է արագացնի երկրում դատաիրավական բարեփոխումները և ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական և տնտեսական ավելի խորը համագործակցության համար պարարտ հող ստեղծի: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նոր աջակցությունը ներառում է ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, ասված է Եվրամիության պաշտոնական կայքէջում:

Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացմանը:

Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 միլիոն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:

Ծրագիրը նախատեսում է աջակցել Վրաստանի գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես` օգնել փոքր ֆերմաների զարգացմանը: Սննդի անվտանգության ոլորտում կներդրվեն հատուկ մասնագիտացված լաբորատորիաներ` վրացական սնունդը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար:

Ադրբեջանը Եվրամիությունից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա, քանի որ այդ երկիրը, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, ԵՄ-ի հետ դեռ չի սկսել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները, և Ադրբեջանին տրամադրվող 19.5 միլիոն եվրոն կուղղվի արդարադատության և միգրացիայի ոլորտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս